
Արցախի ԱԺ նախագահը Արայիկ Հարությունյանին կոչ է արել հրաժարական տալ
Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ԱԺ այսօրվա նիստում հայտարարությամբ է հանդես եկել եւ կոչ արել նախագահ Արայիկ Հարությունյանին հրաժարական տալ։
«Սիրելի´ հայրենակիցներ,
Ուզում եմ դիմումով, կոչով, հորդորով, խնդրանքով դիմել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին: Դուք գիտեք, նաև վերջին հանրահավաքի ժամանակ ասել եմ, որ մասնակցել եմ բոլոր այն հանրահավաքներին, որոնց ինձ հրավիրել են:
Պարո´ն նախագահ, ես երբեք չեմ խառնվել Ձեր գործերին, դուք էլ՝ Ազգային ժողովի: Ես մոդել եմ առաջարկել, որը հետևյալն է՝ ոչ թե ամորֆ մարմին եմ առաջարկել, այլ այն մարմինը, որը մեզ փրկել է 90-ականներին, այն է՝ Պաշտպանության պետական կոմիտեն:
Ես երկրի նախագահին առաջարկել եմ այդ կազմում երկու մարդու ընդգրկել՝ Ռուբեն Վարդանյանին և Սամվել Բաբայանին: Ես չգիտեմ նրանց կարծիքը, շատ հնարավոր է, որ հրաժարվեն: Ինչու̉ , հարցեր մի տվեք:
Պարո´ն նախագահ, եթե այդ մոդելը չաշխատեց, հիմա կարող է առաջին անգամ որևէ անձի ցավ պատճառեմ: Հրաժարականի դիմում ներկայացրեք, պարո´ն Նախագահ, կամ դրեք ձեր վստահության հանրաքվեն:
Եթե ժողովուրդը չի վստահում, որ ընտրվել եք, ապա կհեռանաք: Սակայն դա չի նշանակում, որ ձեր հրաժարականի դեպքում Արթուր Թովմասյանը կլինի երկրի նախագահի պաշտոնակատար: Եթե ժողովուրդը ձեզ չվստահեց՝ ես էլ եմ հեռանալու»:
Մեկնաբանել