HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ինչու են նվազում օտարերկրացիների ավանդները Հայաստանի բանկերում

Ոչ ռեզիդենտների՝ օտարերկրացիների ավանդները Հայաստանի բանկերում նվազում են։ Կա վարկած, որ ռուսաստանցիները հանում են իրենց գումարները հայկական բանկերից և տեղափոխում արտասահման։

Կենտրոնական բանկի հրապարակած ամենաթարմ տվյալների համաձայն՝ 2023 թվականի մարտի վերջի դրությամբ Հայաստանի բանկերում, ընդհանուր առմամբ, 5 տրլն 92 մլրդ դրամի ավանդ կա։ Տարեսկզբի համեմատ այն նվազել է մոտ 31 մլրդ դրամով կամ 1%-ով։

Այս նվազումը պայմանավորված է ոչ ռեզիդենտների ավանդների կրճատմամբ։

Տարեսկզբի համեմատ դրանք նվազել են մոտ 152 մլրդ դրամով կամ 11%-ով՝ մարտի վերջին կազմելով 1 տրլն 277 մլրդ դրամ։

Նույն ընթացքում ռեզիդենտների ավանդներն ավելացել են 121 մլրդ դրամով կամ 3%-ով՝ կազմելով 3 տրլն 815 մլրդ դրամ։

Նախորդ տարվա ապրիլից՝ ռուս-ուկրաինական պատերազմից հետո Հայաստան ժամանած ռուսաստանցիների հոսքի արդյունքում օտարերկրացիների ավանդները Հայաստանի բանկերում սկսեցին աճել։ Հայաստան տեղափոխված ռուսաստանցիները իրենց խնայողությունների մի մասն ի պահ տվեցին բանկերին։

Տարվա կտրվածքով ոչ ռեզիդենտների ավանդների աճը կազմեց 62% և հասավ աննախադեպ ծավալի։ 

Սակայն, նկատվում է, որ այս տարվա սկզբից ոչ ռեզիդենտների ավանդները նվազման միտում ունեն։ Նրանց ավանդները հիմնականում արտարժույթով են՝ ԱՄՆ դոլարով։ 

152 մլրդ դրամը (այդքանով են նվազել ավանդները) այսօրվա փոխարժեքով կազմում է մոտ 393 մլն ԱՄՆ դոլար։ Այս ընթացքում դոլարի փոխարժեքի էական փոփոխություն չի գրանցվել, ինչը նշանակում է, որ փոխարժեքի գործոնն այս նվազման վրա էական ազդեցություն չի ունեցել, այլ՝ ավանդները պարզապես հանվել են բանկերից։ 

Այս ինֆոգրաֆիկայում ավանդների ամսական վիճակագրությունն է, որտեղ կարելի է տեսնել ինչպես ռեզիդենտների, այնպես էլ՝ ոչ ռեզիդենտների ավանդների շարժը՝ 2022 թվականի սկզբից։

Տնտեսագետ Էդգար Աղաբեկյանը ենթադրում է, որ ոչ ռեզիդենտների ավանդների կրճատումը պայմանավորված է Հայաստան տեղափոխված ռուսաստանցիների՝ ավանդները բանկերից հանելու գործոնով։ 

«Ոչ ռեզիդենտների միջոցները հիմնականում ցպահանջ ավանդներ են։ Ի սկզբանե պարզ էր, որ այդ ավանդները երկարաժամկետ չեն, ինչպես որ երկարաժամկետ չէ ռուսաստանցիների ժամանումը Հայաստան»,- «Հետք»-ի հետ զրույցում ասում է Աղաբեկյանը։

Հետագա ամիսների վիճակագրությունը ավելի հստակ ցույց կտա՝ այս միտումները շարունակակա՞ն են, թե սեզոնային բույթ ունեն։ 

Տնտեսագետը չի բացառում նաև, որ ոչ ռեզիդենտները, որոնք Հայաստանում  նաև ընկերություններ են գրանցել, ապրիլ ամսին հանել են իրենց խնայողությունները և ուղղել շահութահարկի տարեկան վճարներին։ 

Ուշագրավ է նաև, որ 2023 թվականի առաջին եռամսյակում արտասահմանից Հայաստան դրամական փոխանցումներին զուգահեռ կտրուկ ավելացել է արտահոսքը դեպի արտերկիր։ 

Ըստ Կենտրոնական բանկի տվյալների՝ 2023 թվականի հունվար-մարտին արտասահմանից Հայաստան է փոխանցվել 1 մլրդ 582 մլն դոլարին համարժեք գումար, որը նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ աճել է 2.8 անգամ։ Ինչպես ավելի վաղ գրել ենք, այս միտումը նախորդ տարվանից է՝ կրկին պայմանավորված ռուսաստանցիների ներհոսքով։

Զուգահեռաբար, այս տարի նույնքան կտրուկ ավելացել է արտահոսքը Հայաստանից։ Երեք ամսում Հայաստանից արտասահման է փոխանցվել 1 մլրդ դոլար, որը նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ աճել է 2.8 անգամ։ 

Սրանք եռամսյակային տվյալներ են։ Մարտի տվյալներն առանձին վերցրած՝ ավելի ցայտուն են ցույց տալիս արտահոսքի արագացումը։ Մասնավորապես, միայն մարտին ներհոսքն աճել է 91%-ով, իսկ արտահոսքը՝ 2.7 անգամ։ Արդյունքում զուտ ներհոսքը (ներհոսքի ու արտահոսքի տարբերությունը) նվազել է 46%-ով։ Մինչդեռ նախորդող առնվազն մեկ տարում ներհոսքն ավելի մեծ տեմպով էր աճում, քան արտահոսքը։

«Սա ևս կարող է նշանակել, որ բանկերից հանված գումարների մի մասն ուղարկվել է դուրս»,- ասում է Էդգար Աղաբեկյանը։ 

Ըստ նրա՝ այս պահին հնարավոր է միայն ենթադրություններ անել։ Ավելի հստակ վերլուծությունների համար հետագա ամիսների տվյալներն են պետք՝ ավելի լայն բացվածքով։ 

Տնտեսագետը նկատում է, որ 393 մլն ԱՄՆ դոլարի ավանդների արտահոսքը բանկերի գործունեության վրա առայժմ տեսանելի հետք չի թողել։ 

«Եթե դա մեծ թիվ լիներ բանկային համակարգի համար, պետք է ազդեր դոլարի փոխարժեքի վրա, դոլարն արժևորվեր, սակայն նման միտում չկա։ Այլ բան է, որ հետագա ամիսների ավանդների արտահոսքն ավելանա։ Համենայնդեպս, այս պահին վարկավորումն ավելի դանդաղ է աճում, քան ավանդների ներգրավումը, ինչը նշանակում է, որ բանկային համակարգը միջոցների ներգրավման խնդիր չունի»,- նշում է տնտեսագետը։

Նշենք, որ այս տարվա մարտի վերջի տվյալներով՝ ոչ ռեզիդենտների ավանդները ընդհանուր ավանդների 25%-ն են կազմել, իսկ մեծ մասը (75%) ռեզիդենտների ավանդներն են։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter