HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանի բանկերում օտարերկրացիների ավանդները կտրուկ աճել են

2022 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի բանկերում ընդհանուր առմամբ 5 տրլն 122 մլրդ դրամի ավանդ կա: Մեկ տարում՝ 2021 թվականի դեկտեմբերի վերջի համեմատ, այն ավելացել է 1 տրլն 98 մլրդ դրամով կամ 27.3%-ով: Այս մասին են վկայում Կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) տվյալները:

Ավանդների աճին, բացարձակ թվով, հավասարապես նպաստել են ինչպես ռեզիդենտները, այնպես էլ ոչ ռեզիդենտները: Սակայն, աճի տեմպով ոչ ռեզիդենտները առավել ակտիվ են եղել: 

Ոչ ռեզիդենտների ավանդները առաջին անգամ հատել են 1 տրիլիոն դրամի շեմը

2022 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ ոչ ռեզիդենտների՝ օտարերկրյա քաղաքացիների ավանդները Հայաստանի բանկերում կազմել են 1 տրլն 428 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ամսվա համեմատ դրանք աճել են են 62.4%-ով կամ 548.8 մլրդ դրամով: Առաջին անգամ է, որ ոչ ռեզիդենտների ավանդները հատում են 1 տրլն դրամի շեմը:

Ոչ ռեզիդենտների ավանդների 85%-ը դոլարային են: Դրամային արտահայտությամբ դրանք ավելի մեծ կլինեին, եթե չլիներ դրամի շուրջ 20%-անոց արժևորումը 2022 թվականի ընթացքում, որը էական բացասական ազդեցություն ունեցավ դոլարային ավանդատուների համար, քանի որ դոլարը դրամի վերածելիս նրանք զգալի տուժում են:

Ոչ ռեզիդենտների ավանդների վիճակագրության մեջ չի առանձնացվում, թե որ երկրների քաղաքացիների ավանդներն են դրանք: Սակայն, ենթադրվում է, որ այստեղ էական դեր են ունեցել ռուս-ուկրաինական պատերազմից հետո Հայաստան տեղափոխված ռուսաստանցիները՝ այնպես, ինչպես Հայաստանի երկնիշ տնտեսական աճի հարցում:

 

Ռեզիդենտների ավանդներն աճել են 14.5%-ով

Ռեզիդենտների ավանդները 2022 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ կազմել են 3 տրլն 694 մլրդ դրամ՝ մեկ տարում աճելով 549.1 մլրդ դրամով կամ 14.5%-ով:

Ռեզիդենտների ավանդների 56%-ը դրամով է ի պահ տրված բանկերին: Տարվա ընթացքում այն աճել է 13.7%-ով՝ կազմելով 2 տրլն 82 մլրդ դրամ:

Իսկ արտարժույթով (հիմնականում՝ դոլարով) ավադները կազմել են 1 տրլն 612 մլրդ դրամ՝ աճելով 22.7%-ով կամ 298 մլրդ դրամով:

Հատկանշական է, որ թե՛ դրամային և թե՛ դոլարային ավանդների պարագայում ժամկետային ավանդները կրճատվում են, փոխարենը ավելանում են ցպահանջ հաշիվները` չնայած, որ տոկոսների առումով ժամկետային ավանդներն ավելի ձեռնտու են։

Ժամկետային ավանդները որոշակի ժամկետով են և դրանից շուտ քաղաքացին կամ չի կարողանում գումարը հանել, կամ բանկը կարող է դրա դիմաց կուտակված տոկոսավճարներն ամբողջությամբ չտալ։

Իսկ ցպահանջ ավանդների պարագայում հաճախորդն իրավունք ունի առաջին իսկ պահանջով հետ վերցնել գումարները բանկից։

Ու չնայած, որ տոկոսադրույքների առումով ավելի ձեռնտու են ժամկետային ավանդները, սակայն, ինչպես տեսնում ենք, ավելանում են ցպահանջները: Սա կարող է նշանակել, որ հաճախորդներն ավելի զգուշավոր են դարձել՝ ելնելով երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակից և նախընտրում են ավելի ցածր տոկոսներով, բայց՝ ցանկացած պահին հանելու իրավունք ունեցող ավանդներ ներդնել: Այսինքն՝ նրանք հակված են ոչ երկարաժամկետ խնայողություններին:

Օրինակ՝ ռեզիդենտների ՀՀ դրամով ժամկետային ավանդները 2022 թվականի դեկտեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, կրճատվել են 25 մլրդ դրամով կամ 2.2%-ով՝ կազմելով 1 տրիլիոն 100 մլրդ դրամ: Միևնույն ժամանակ, 275 մլրդ դրամով կամ 39%-ով աճել են ցպահանջ ավանդները՝ կազմելով 982 մլրդ դրամ: Այսինքն՝ ցպահանջ ավանդները ոչ թե ամբողջությամբ ժամկետային ավանդների տեղափոխման հաշվին են ավելացել, այլ՝ նոր ավանդներ են ներդրվել:

Դոլարայնացման մակարդակը Հայաստանում

Կենտրոնական բանկը դոլարայնացման մակարդակը գնահատում է հաշվի առնելով հայաստանյան բանկերում ավանդների ու վարկերի կազմում դոլարի կշիռները:

Ինչպես երևում է գլխավոր դրամատնից ստացված աղյուսակում, ռեզիդենտների ավանդներում, օրինակ, արտարժույթի կշիռը տարվա ընթացքում բարձրացել է (տես D2 սյունակը)՝ 41.4%-ից դառնալով 43.1%: Զգալի բարձրացել է նաև դոլարի կշիռը ֆիզիկական անձանց ցպահանջ ավանդներում՝ թեև դեկտեմբերին որոշակի նվազման միտում կա: Փոխարենը նվազել է դոլարի կշիռը տնտեսության իրական հատվածին՝ ոչ ֆիզիկական անձանց տրամադրված վարկերի կազմում:

Ընդհանուր առմամբ, դոլարայնացման մակարդակը Հայաստանում վերջին տարիներին նվազել է: Եթե նախկինում դոլարը ավանդներում և որոշ վարկատեսակներում գերակշռում էր, ապա այսօր համամասնությունները գրեթե հավասար են:

D1-ը ռեզիդենտների արտարժութային ավանդների և փողի զանգվածի հարաբերակցությունն է

D2-ը ռեզիդենտների արտարժութային ավանդների և ռեզիդենտների ընդհանուր ավանդների հարաբերակցությունն է

D3-ը ռեզիդենտ ֆիզիկական անձանց՝ արտարժույթով ցպահանջ ավանդների կշիռն է ռեզիդենտ ֆիզիկական անձանց ընդհանուր ցպահանջ ավանդներում

D4-ը ռեզիդենտ ֆիզիկական անձանց՝ արտարժույթով ժամկետային ավանդների կշիռն է ռեզիդենտ ֆիզիկական անձանց ընդհանուր ժամկետային ավանդներում

D5-ը ռեզիդենտ իրական հատվածին արտարժույթով տրամադրված վարկերի և ռեզիդենտ իրական հատվածին տրամադրված ընդհանուր վարկերի հարաբերակցությունն է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter