HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանյան բանկերում հիփոթեքային վարկերի ծավալը մեկ տարում 30%-ով աճել է, արդյունաբերության և այլ ոլորտներում՝ նվազել

2022 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի բանկերի վարկային ընդհանուր պորտֆելը կազմել է 4 տրիլիոն 168 մլրդ դրամ։ Խոսքը բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրված վարկերի մասին է, որտեղ ներառված են նաև ֆինանսական և ապահովագրական ընկերություններին տրվող վարկերը։ Մեկ տարվա ընթացքում՝ 2021-ի դեկտեմբերի վերջի համեմատ, վարկերի ընդհանուր ծավալն աճել է 378 մլրդ դրամով կամ 10%-ով։

Կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) տվյալների հիման վրա կատարած մեր վերլուծությունը ցույց է տվել, որ ոչ բոլոր վարկատեսակների գծով է աճ գրանցվել։ Ավելին, տնտեսության որոշ ոլորտներում վարկավորումը պակասել է։

Աճով բացարձակ առաջատարը հիփոթեքի շուկան է։ Եթե 2021 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի բոլոր բանկերում հիփոթեքային վարկերի ծավալը միասին կազմել է 655 մլրդ դրամ, ապա մեկ տարի անց այն 195 մլրդ դրամով կամ 30%-ով ավելին է՝ 849 մլրդ դրամ։ 

Հիփոթեքային շուկային այս կտրուկ աճը կանխատեսելի էր։ 2021 թվականի վերջերից արդեն հայտնի էր, որ եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում աստիճանաբար դադարեցվում է։ Ծրագրի շրջանակներում, որը գործում է 2015 թվականից, վարկառուներին հնարավորություն է տրվում իրենց վճարած եկամտային հարկը հետ ստանալ հիփոթեքի տոկոսավճարները մուծելու նպատակով։ 

Սակայն, քանի որ բյուջեն դրա արդյունքում եկամտային հարկի գումարներ էր կորցնում, իսկ շինարարությունը՝ գերկենտրոնանում Երևանում, իշխանությունները 2021 թվականին որոշեցին աստիճանաբար և փուլային տարբերակով հրաժարվել այս ծրագրից՝ կառուցապատողներին ու նոր հիփոթեքային վարկ վերցնել պատրաստվողներին տալով 1 տարի ժամկետ Երևանի կենտրոնի համար, և հետո, աստիճանաբար, մինչև 2025 թվականը՝ ամբողջ Երևանի համար։

Ծրագիրը կշարունակի գործել մարզերում։

Երևանում այս ծրագիրը դադարեցնելու որոշումից հետո կառուցապատողները նոր թափ հաղորդեցին շինարարությանը, բնակարան գնել պատրաստվողներն էլ՝ շտապեցին գործարքները ավարտին հասցնել։ Արդյունքում, աճեց ինչպես շինարարությունը, այնպես էլ՝ հիփոթեքային վարկերի ծավալը։ Այլ հարց է, թե որքան երկարաժամկետ է այս աճը և ունի արդյոք կայուն հիմքեր հետագա տարիներին տնտեսությանը նպաստելու համար։

Հիփոթեքային վարկերի այս աճը էական նպաստում է ունեցել բանկերի ընդհանուր վարկային պորտֆելի աճին։

Ինչ վերաբերում է տնտեսության մյուս ոլորտների վարկավորմանը, ապա սպառողական վարկերի ծավալը 2022 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ աճել է մոտ 9%-ով, շինարարությանը՝ 11%-ով, գյուղատնտեսությանը՝ 7%-ով։

Սպառողական վարկերը ծավալով դեռևս առաջատարն են, սակայն այս տեմպերով շարունակվելու պարագայում հիփոթեքային վարկերը շուտով կգերազանցեն սպառողականին։

Մյուս ոլորտներում վարկերի ծավալը նվազել է։ Օրինակ՝ արդյունաբերության ոլորտում՝ 1%-ով, տրանսպորտի և կապի ոլորտում՝ 30%-ով և այլն։ 

Ինֆոգրաֆիկայում ներառված չեն ֆինանսական ոլորտին տրված վարկերը։ ԿԲ-ն դրանք ներկայացնում է առանձին։ Այդ ցուցանիշը ներառել ենք վարկերի ընդհանուր ցուցանիշում, որը ներկայացված է հոդվածի սկզբում։

Հատկանշական է արդյունաբերության և մյուս ոլորտի վարկերի նվազումը: Սովորաբար, երբ երկրում բարձր տնտեսական աճ է գրանցվում, և այդ աճը ներառական է լինում, այսինքն՝ ընդգրկում է տնտեսության բոլոր ոլորտները, աճում է նաև նշված ոլորտների վարկավորումը։

Սակայն, ինչպես տեսնում ենք, երկնիշ տնտեսական աճի պայմաններում արդյունաբերությանը տրված վարկերի ծավալը նվազել է 1%-ով, ինչը նշանակում է, որ այս աճը կայուն հիմքեր չի ստեղծել տնտեսության բոլոր ճյուղերի համար։

Չնայած դրան՝ պետք է շեշտել, որ վարկերի ծավալի վրա մեծ ազդեցություն է ունեցել դրամի արժևորումը։ Վարկերի մի մասը տրվում են արտարժույթով՝ ԱՄՆ դոլարով, և երբ դոլարը նվազում է, իսկ վարկերի վիճակագրությունը ներկայացվում է դրամով, մեխանիկորեն ավելի փոքր թիվ է ստացվում։ Սակայն, նույնիսկ, փոխարժեքի գործոնը բացառելու պարագայում, ոլորտների մեծ մասում վարկերի տեսանելի աճ չկա։

Այսինքն, մի կողմից դրամ-դոլար փոխարժեքի ուղղակի ազդեցությունն է այստեղ, մյուս կողմից նշված ոլորտներում վարկավորումն այնքան չի աշխուժացել, որ կարողանա «փակել» այդ ազդեցությունը, ինչպես եղել է հիփոթեքային շուկայի պարագայում։  

«Լույս» հիմնադրամի տարեկան տնտեսական վերլուծության մեջ նշված է, որ բանկային համակարգում 2022 թվականին էականորեն աճել են ձեռնարկությունների ավանդները, մինչդեռ ձեռնարկություններին տրամադրված վարկերի ծավալը նվազել է: «Այս իրավիճակը խոսում է ներդրումային ակտիվության նվազման մասին, քանի որ ձեռնարկությունները իրենց ազատ միջոցները ներդնելու փոխարեն տեղաբաշխում են բանկերում, և նոր վարկեր չեն ներգրավվում: Իսկ ցածր ներդրումային ակտիվությունը միանշանակ բացասական գործոն է տնտեսության ներուժի և երկարաժամկետ կայունության տեսանկյունից»,- եզրակացնում են վերլուծաբանները

Ոչ ռեզիդենտների վարկերը մնացել են նույն մակարդակում

Հայաստանյան բանկերում ոչ ռեզիդենտների վարկերը, ի տարբերություն ռեզիդենտների, անհամեմատ ավելի փոքր են։ 2022 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ դրանք կազմել են մոտ 205 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճելով 8 մլրդ դրամով կամ 4%-ով։ Վարկերի ծավալը ամեն ամիս փոփոխվում է՝ տրվում են նոր վարկեր, մարվում են հները և միշտ չէ, որ այն աճի ուղղությամբ է լինում։ Տարվա ընթացքում ոչ ռեզիդենտների վարկերը հասել են 223 մլրդ դրամի, սակայն նորից նվազել։ Բոլոր դեպքերում, դրանք էական տատանումների չեն ենթարկվել։ 

Առաջիկա հոդվածում կներկայացնենք ավանդների իրավիճակը Հայաստանի բանկերում։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter