HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Վաչե Գաբրիելյան. «Տնտեսական աճին կառավարությունն, իհարկե, նպաստել է, սակայն դա չէր կարող երկնիշ աճ ապահովել»

2022 թվականը Հայաստանն ամփոփում է երկնիշ տնտեսական աճով, և ակնհայտ է, որ ռուս-ուկրաինական պատերազմից հետո Հայաստան տեղափոխված ռուսաստանցիների գործոնն ամենամեծն է այստեղ: Տնտեսագետները բանավիճում են՝ արդյո՞ք Կառավարության ջանքերի շնորհիվ է դա, որակակա՞ն աճ է, թե՞ կարճաժամկետ, ազդե՞լ է բնակչության կենսամակարդակի վրա և բազմաթիվ այլ հարցեր: Եզրահանգումներն ու 2023 թվականի վերաբերյալ կանխատեսումները խիստ տարբեր են: 

Վիճակագրական կոմիտեի վերջին տվյալներով՝ 2022 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, աճել է 14.4%-ով:

Առևտուրն ու ծառայություններն այս ընթացքում առավել ակտիվ տեմպով են աճել: Մասնավորապես, առևտրաշրջանառությունը երկրում ավելացել է 16.2%-ով, ծառայությունները՝ 28.2%, շինարարությունը՝ 13.9% և արդյունաբերությունը՝ 8.4%:

Իսկ գյուղատնտեսությունը շարունակում է լճացած մնալ: Տվյալները հրապարակվում են եռամսյակը մեկ անգամ: Վերջին տվյալներով՝ 2022 թվականի հունվար-սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, գյուղատնտեսության համախառն արտադրանքը աճել է 0.5%-ով:

Տնտեսությունը սկսեց աշխուժանալ ապրիլից, երբ սկսվեց ռուսաստանցիների զանգվածային հոսքը դեպի Հայաստան:

Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը նկատում է, որ հիմնականում գնողունակ ռուսաստանցիներ են եկել Հայաստան 2022 թվականին ու եղանակ ստեղծել հայկական տնտեսության համար: Նաև նրանց ներհոսքն էր դրամի արժևորման հիմքերից մեկը:

2022 թվականի առաջին ինն ամիսներին Ռուսաստանից Հայաստան ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները բանկերի միջոցով կազմել են 2 մլրդ 318 մլն դոլար, որը 3.6 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը: 

«Քանի որ Հայաստանի տնտեսությունը փոքր է, նման հոսքերի պարագայում ցնցումներ են տեղի ունենում: Այս անգամ դրական ցնցում էր, որը տնտեսական աճի հիմք դարձավ, այլ հարց է՝ որքանո՞վ է դա երկարաժամկետ և որակյալ աճ»,- ասում է Կառլեն Խաչատրյանը:

Արդյոք Կառավարությունը ներդրում ունի՞ երկնիշ տնտեսական աճում

Տնտեսագետ, նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի կարծիքով այն, որ հիմնական աճը գալիս է ծառայությունների (հատկապես՝ ֆինանսներ, կապ և տեղեկատվական տեխնոլոգիաներ, տրանսպորտ ճյուղերից) և շինարարության՝ ոչ արտահանելի ոլորտից, արտադրողականության աճի և հարատևության տեսակետից լավագույնը չէ։

«Տնտեսական աճին Կառավարությունն, իհարկե, նպաստել է, սակայն դա չէր կարող երկնիշ տնտեսական աճ ապահովել»,- «Հետքի» հետ զրույցում նշել է Գաբրիելյանը:

Նրա դիտարկմամբ՝ առկա էր Կառավարության կողմից արդյունաբերական քաղաքականության ակտիվություն, որի արդյունքները հիմնականում ապագայում պետք է տեսնենք, կար որոշակի ֆիսկալ կարգապահություն, որին մեծապես օգնել է դրամի արժևորումը, ռուսական ներհոսքով պայմանավորված տնտեսական աճին չխանգարելու միտում, և այլն. «Մյուս կողմից, դրամի գերարագ արժևորումը տարվա սկզբին ստեղծեց բազմաթիվ խնդիրներ, որոնք մինչև վերջ լուծված չեն»:

Գաբրիելյանը վստահ է, որ երկնիշ տնտեսական աճն այլ հավասար պայմաններում չէր բխում նախորդ զարգացումների դինամիկայից: Հաշվի է առնվում, որ տնտեսությունը, նույնիսկ, իրեն հատուկ իներցիայով, չէր կարող այդքան աճել, արտադրական ոլորտում չեն ավելացել վարկային միջոցները և այլն: Նույն արտաքին գործոնների ազդեցությունը ակնհայտ էր նաև Վրաստանում:

Եթե չլիներ ռուսաստանցիների ներհոսքը, ապա ըստ Գաբրիելյանի, երևի թե, կունենայինք մեր տնտեսական ներուժին (4-5%) մոտ տնտեսական աճ: «Խնդրում եմ այս թվին վերաբերվել որպես բարձր հավանականություն ունեցող վարկածի, ոչ թե որպես հաշվարկի»,- ասում է նա:

Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանն էլ նկատում է, որ ռուսաստանցիների մեծ հոսքը իր հետ նաև որոշակի կապիտալ բերեց Հայաստան, ինչը աշխուժացրել է տնտեսությունը։ Խաչատրյանը համոզված է, որ աճը ապահովել են դրսի և ոչ թե ներքին գործոնները:

«Սա ոչ թե Կառավարության աշխատանքի արդյունքն է, այլ՝ արտաքին գործոնների, որոնք կարող են կարճաժամկետ լինել»,- ասում է տնտեսագետը:

Հանրային ֆինանսների կառավարման միջազգային փորձագետ, ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը շեշտում է, որ Կառավարության գործողությունների ազդեցությունը տնտեսության վրա հասկանալու համար պետք է երկու հարցի պատասխանել՝ արդյոք այդ բարձր աճը ներհատուկ է միայն Հայաստանին, և ինչ հատուկ գործիքակազմ է ներդրվել Կառավարության կողմից տարիներ առաջ, որ 2022 թվականին ոչ ռեզիդենտ տնային տնտեսությունները և ֆիրմաները նման կտրուկ ձևով արձագանքեցին:

«Ա կետի պատասխանը ոչ է: Հարևան Վրաստանը, որն ունի մեզ հետ որոշակիորեն համադրելի տնտեսություն, ևս աճում է երկնիշ թվերով»,- ֆեյսբուքյան իր էջում տեղադրված անդրադարձում գրել է Արամյանը:

Նա շեշտում է, որ 2022 թվականի 11 ամսվա կտրվածքով Վրաստանը նախորդ տարվա բարձր բազայի 10% տնտեսական աճ է գրանցել, Հայաստանը՝ 14.4% (ՏԱՑ-ը), Վրաստանում գրանցվել են շուրջ 7 200 նոր կազմակերպություններ, Հայաստանում՝ շուրջ 6 500, Վրաստանում բացվել են շուրջ 40 000 ոչ ռեզիդենտի բանկային հաշիվներ, Հայաստանում՝ մոտ 35 000:

Ինչ վերաբերում է Կառավարության ջանքերի հաշվին գրանցված տնտեսական աճին, ապա, ըստ նրա, այդ երկրորդ հարցի պատասխանը ևս դրական չէ:

Տնտեսական աճի մասին ցուցանիշները հասարակությունը հաճախ ընկելում է որպես դատարկ թվեր: Քաղաքացին ինքն իր կենցաղում և կենսամակարդակում է զգում՝ տնտեսական աճը իր կյանք «մտե՞լ» է, թե՞ ոչ: Աճի ներառական լինելու մասին հարցը Վաչե Գաբրիելյանը տարբեր տեսանկյուններով է վերլուծում:

Ըստ նրա՝ աճը կենտրոնացած է ոչ արտահանելի ոլորտում և պետք է ջանքեր գործադրել աճն արտադրական ոլորտ ուղղելու համար։

Ներառականության տեսակետից, այն հիմնականում կենտրոնացված է Երևանում և ծառայությունների ոլորտում. «Տնտեսական աճի կենտրոնացումը Երևանում բարձրացել է՝ շուրջ 55%-ից հասնելով շուրջ 60%-ի»:

Ինչ վերաբերում է քաղաքացիների կենսակերպին, ապա, Վաչե Գաբրիելյանը մեջբերում է տվյալները, ըստ որոնց աշխատավարձերի աճը տարվա վերջին սկսել է միջինում գերազանցել գնաճը (կրկին հիմնականում ծառայությունների ոլորտի հաշվին, հետ մնալով, օրինակ հանքարդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտում), գրանցված աշխատողների թվի աճի ամենամեծ բաղադրիչն ապահովել են գերփոքր ձեռնարկությունները, որտեղ աշխատավարձն ամենացածրն է։ Ըստ ձեռնարկությունների չափերի, աշխատավարձերի հարաբերական բաշխումը համեմատաբար կայուն է մնացել, էական փոփոխություններ չեն եղել։ Գաբրիելյանը բարձր տնտեսական աճը լավ արդյունք է գնահատում։

«Աշխատավարձերի բաշխումը, սակայն ունի այլ միտում՝ համամասնություններն էապես չեն փոխվում։ Գերփոքր հատվածում աշխատավարձի աճը՝ 20%, ցածր է միջինից (24%)։

Արդյունքում, եթե 2021թ․ հոկտեմբերին գերփոքր ձեռնարկություններում միջին աշխատավարձը կազմում էր խոշորի 36%-ը, ապա այժմ՝ 35%-ը։  Խոշորի և միջինի աշխատավարձերի տարբերությունը, սակայն նվազել է շուրջ 5%-ով և այժմ խոշորի շուրջ 90%-ն է։ Սրանք վերջնական թվեր չեն։ Տարվա միջինացված արդյունքները պետք է որ տարբերվեն հոկտեմբերի այս պահի գնահատականից, քանի որ տարվա սկզբին աշխատավարձերի աճը նախորդ տարիների համապատասխան աշխատավարձերի նկատմամբ 6-8 % էր, իսկ դեկտեմբերին ավելի բարձր կլինի»,- ասում է տնտեսագետը։

Միևնույն ժամանակ, ըստ նրա, աճն ուղեկցվել է փոխարժեքի շատ արագ արժևորմամբ, որը շատ ժամանակ չի տվել արտադրական պրոցեսների ադապտացման համար և խնդիրներ է ստեղծում:

Սցենար 1. Եթե ռուսաստանցիները գնան Հայաստանից կամ ներհոսքը չշարունակվի

«Դժվար է կանխատեսում անել, թե որքան երկար կտևի ռուսաստանցիների ներհոսքը և ռուս-ուկրաինական պատերազմը: 2023-ին Հայաստանի տնտեսության վրա կշարունակի մեծ ազդեցություն ունենալ ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքը կամ հանգուցալուծումը»,- կարծում է տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը:

Ըստ նրա՝ եթե իրավիճակը շարունակվի նաև 2023 թվականին, ապա այդ հոսքը չի դադարի։

Վաչե Գաբրիելյանը նկատել է, որ Հայաստան եկողների շրջանում շատ էին ծրագրավորողների, այսպես կոչված, «որակյալ հատվածը», որն անգամ արևմտյան չափանիշներով բարձր աշխատավարձ է ստանում և առանց մայր ընկերության համար ծախսերի մեծացման կարող է աշխատել և ապրել, ասենք Սերբիայում կամ Մալթայում, Հայաստանում չունի դուստր ընկերություն՝ «ինստիտուցիոնալ տուն»: Այսինքն՝ Հայաստանը վերջնական կանգառը չէ նրանց համար: Նրանք ունեն արևմտյան երկրներ մեկնելու միտում:

«Դժվարանում եմ կանխատեսել քանիսը կմեկնի, քանի նոր մասնագետներ կգան, բայց որ մարդկանց այդ խմբի կազմը շատ կայուն չի լինի, խիստ հավանական է»,- կանխատեսում է Գաբրիելյանը։

2023 թվականի համար ներհոսքի դատողություն, ըստ նրա, կարելի է անել միայն Ռուսաստանի Դաշնության զարգացումների տարբեր սցենարների հիման վրա՝ ինչ կլինի պատերազմում, մոբիլիզացիայի և սահմանային անցումների ռեժիմները ՌԴ քաղաքացիների համար ինչպիսին կլինեն, արևմուտքի կողմից առաջնային և երկրորդային սանկցիաները որքանով կխստացվեն, և այլն:

Եթե անգամ ներհոսքը չշարունակվի, սակայն արտահոսք չլինի, տնտեսական աճի վրա 2022 թվականին ավելացած տնտեսական ներուժը դեռևս կունենա դրական ազդեցություն։

Նրանց արտահոսքի պատճառով (զբոսաշրջիկների դեպքում՝ հոսքի կրճատման), կլինեն որոշակի խնդիրներ, որոնց շարքում կարևոր կարող է լինել դրամի փոխարժեքի արժեզրկումը։ «Սրընթաց զարգացումներ դժվար լինեն, թեև որևէ սցենար, երևի թե, չի կարելի բացառել։ Ընդհանուր զարգացումների առումով չի բացառվում, որ ներքին կամ սահմանային զարգացումներն ունենան ավելի մեծ ազդեցություն, քան ռուսաստանցիների ներհոսքը կամ արտահոսքը»,- կարծում է Վաչե Գաբրիելյանը։

Կառլեն Խաչատրյանն էլ նկատում է, որ եթե ռուսաստանցիների հոսքը դադարի, և եկածներն էլ գնան Հայաաստանից, ապա տրամագծորեն հակառակ պրոցեսները տեղի կունենան, ինչ եղավ 2022 թվականին։ « Տնտեսությունը կարող է ծանր վիճակում հայտնվել: Դա էլ իր հերթին սոցիալական խնդիրների առաջ է կանգնեցնելու բնակչությանը»,- ասում է տնտեսագետը։

Նա շեշտում է, որ այս սցենարը շատ հիպոթետիկ չէ: Դրա հավանականությունը կա և Հայաստանի կառավարությունը պետք է նաև այդ սցենարը դիտարկի:

«Ներկայիս գործընթացները վկայում են այն մասին, որ Կառավարությունը այսօրվա դրական իրավիճակից արդյունքներ քաղելու և որոշակի ամրության պաշարներ կուտակելու փոխարեն, որ տնտեսությունը բացասական սցենարների պարագայում ի զորու լինի դիմակայել, ընդհակառակը փորձում է թե՛ բիզնեսին, թե՛ հասարակությանը պատրաստել, որ այս ամեն ինչը տևական է, ցույց են տալիս՝ մի մտածեք, որ վատ գործընթացներ են տեղի ունենալու, շարունակեք ծախսել, շարունակեք վարկեր վերցնել և այլն»,- նշում է Կառլեն Խաչատրյանը:

Սցենար 2. Եթե ռուսաստանցիները մնան և ներհոսքը շարունակվի

Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը կարծում է, որ եթե ռուս-ուկրաինական պատերազմը շարունակվի և ռուսաստանցիները շարունակեն գալ Հայաստան, եկածներն էլ՝ մնան, ապա Հայաստանի տնտեսության վրա նրանք կշարունակեն էական ազդեցություն թողնել:

«Հնարավոր է՝ ոչ այն տեմպերով, ինչպես 2022-ին էր, սակայն, ամեն դեպքում, կշարունակեն որոշիչ ազդեցություն ունենալ»,- կանխատեսում է տնտեսագետը:

Կենտրոնական բանկը ևս կանխատեսումներ անելիս տարբեր սցենարներ է դիտարկում: 

ԿԲ-ն Հայաստանի տնտեսության վերաբերյալ կանխատեսումներ անելիս այսօր երկու սցենար է դիտարկել։ Առաջինի պարագայում ռուսաստանցիների ներհոսքը շարունակվում է, ծառայությունների և մյուս ոլորտներում պահանջարկը մնում է բարձր, հետևաբար՝ գնաճի տեմպերը ևս մնում են բարձր։

Երկրորդ սցենարի հիմքում ենթադրությունն է, որ ռուսաստանցիների ներհոսքը (կամ ինչպես ԿԲ-ն է ձևակերպում՝ միջազգային այցելուների հոսքը) կպակասի, եկածների մի մասը հետ կգնա, և գնաճի տեմպերը կմեղմվեն։ Սակայն, գլխավոր դրամատունն ավելի հակված է առաջին սցենարին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter