
Ինչի հաշվին է ԿԲ-ն 12.9% տնտեսական աճ կանխատեսում այս տարվա համար
Կենտրոնական բանկը (ՀՀ ԿԲ) 2022 թվականի համար Հայաստանում 12.9% տնտեսական աճ է կանխատեսում: Աճի վերաբերյալ սեպտեմբերին արված կանխատեսումը չի փոխվել։ Միևնույն ժամանակ, փոփոխություն կա ոլորտների մեջ, որոնց հաշվին ԿԲ-ն երկնիշ աճ է ակնկալում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
Ըստ նրա՝ տնտեսական աճին շարունակում է էականորեն նպաստել ծառայությունների ոլորտում ձևավորված արտաքին բարձր պահանջարկը: Հայաստան եկած ռուսաստանցիներն ու դրամական փոխանցումների աննախադեպ ներհոսքը ծառայությունների ոլորտում մեծ պահանջարկ են ստեղծել։
- Բանկերից մինչև բուքմեյքերներ. ո՞ր ճյուղերի հաշվին է աճում ծառայությունների ոլորտը
- Հայաստանի տնտեսության «թմրանյութը». 9 ամսում արտասահմանից 3,5 մլրդ դոլար է փոխանցվել
«Օրինակ՝ ավելի ցածր ենք կանխատեսում ծառայությունների ոլորտի աճը, բայց ավելի բարձր ենք կանխատեսում շինարարության աճը, գյուղատնտեսությունը՝ ավելի ցածր, արդյունաբերությունը՝ ավելի բարձր։ ՀՆԱ-ի ընդհանուր աճը՝ 12.9%»,- ասաց Մարտին Գալստյանը։
Ինչպես երևում է ինֆոգրաֆիկայում, ԿԲ-ն կանխատեսում է, որ 2022 թվականին Հայաստանի ծառայությունների ոլորտում կգրանցվի 18.8% աճ, շինարարության ոլորտում՝ 20.1%, արդյունաբերության ոլորտում՝ 5.5%: Իսկ գյուղատնտեսության ոլորտում 0.7% անկում է սպասվում։
Այս տարվա առաջին տասը ամիսներին (2022 հունվար-հոկտեմբեր) Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, աճել է 14.5%-ով։ Ինչպես ցույց են տալիս Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) տվյալները, աճին շարունակում են ամենաշատը նպաստել առևտրի ու ծառայությունների ոլորտը։
Մասնավորապես, այս տարվա առաջին տասը ամիսներին առևտրի շրջանառությունը Հայաստանում կազմել է 3 տրլն 424 մլրդ դրամ։ Նախորդ տարվա նույն ամիսների համեմատ դա 15.5%-ով ավելի է։
Ծառայությունների ծավալն այս ընթացքում կազմել է 2 տրլն 74 մլրդ դրամ՝ աճելով 27.9%-ով։
Արդյունաբերության ամբողջ ծավալը երկրում կազմել է 2 տրլն 128 մլրդ դրամ, աճը՝ 9.9%:
Շինարարության ծավալներն ավելի համեստ են՝ 361 մլրդ դրամ, աճը՝ 14.4%:
Մեկնաբանել