«Գերիների, անհետ կորածների վերաբերյալ Բրյուսելում եղել է որոշակի ըմբռնում». Փաշինյան
Մայիսի 14-ին Բրյուսելում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդիպումից հետո հայտարարեց, որ Հայաստանը և Ադրբեջանը հաստատել են փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը՝ 1991 թվականի Ալմաթիի (նախկինում՝ Ալմա-Աթա) հռչակագրի հիման վրա։ Կառավարության մայիսի 18-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այս հանդիպման արդյունքներին։
«Մայիսի 14-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցավ իմ հանդիպումը Ադրբեջանի ղեկավարի հետ։ Ինչպես հիշում եք, 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում Ֆրանսիայի նախագահի, Եվրամիության խորհրդի նախագահի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահն ու ես վերահասատատել էինք մեր երկրների հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրությանն ու 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին՝ ընդգծելով, որ դրանց հիման վրա ճանաչում ենք միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։
Նաև հաստատել էինք, որ սա հիմք է հանդիսանալու սահմանների դելիմիտացիայի հանձնաժողովների աշխատանքի համար։
Մայիսի 14-ին մենք, ըստ էության, կատարեցինք ևս մի քայլ, և ինչպես նշված է ԵՄ խորհրդի նախագահի մայիսի 14-ի հանդիպմանը հետևած հայտարարության մեջ, արձանագրեցինք, որ Ադրբեջանը ճանաչում է ՀՀ 29 800 քառ. կմ, իսկ Հայաստանը` Ադրբեջանի 86 600 քառ. կմ տարածքային ամբողջականությունը»,- հայտնեց վարչապետը։
Փաշինյանն արձանագրեց, որ սա կարևոր քայլ է համարում տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման համար, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացման և սահմանների դելիմիտացիայի առումով։
«Բայց, իհարկե, հաջորդ քայլը պիտի լինի սահմանազատման համար իրավական ուժ և նշանակություն ունեցող կոնկրետ հիմքերի նույնականացումը և համաձայնեցումը։ Ուզում եմ հատուկ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ ԵՄ խորհրդի նախագահի՝ մայիսի 14-ի եռակողմ հանդիպմանը հաջորդած հայտարարության մեջ ընդգծվել է ԼՂ հայության իրավունքների և անվտանգության շուրջ Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության կարևորությունը՝ միջազգային հանրության հետ համագործակցված»,- նշեց նա։
Ըստ վարչապետի՝ այս գործընթացն էական է Ադրբեջանի հետ հարաբերությունների իրական և համապարփակ կարգավորման և տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման համար։ Հետևաբարար, դա մեծապես կարագացնի խաղաղության պայմանագրի ստորագրումը Հայաստանի և Ադրբեջանի միջև։
«Պիտի ընդգծեմ, որ Բրյուսելում որոշակի դրական ըմբռնում է ձևավորվել նաև Հայաստան-Ադրբեջան երկաթուղու վերականգնման մասով, բայց, հաշվի առնելով նախկին փորձը, այս մասով որևէ կոնկրետացումից դեռ ձեռնպահ կմնամ։
Կրկին ընդգծեմ, որ ՀՀ-ն պատրաստ է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով և հունվարի 11-ի կրկին եռակողմ հայտարարությամբ նախատեսված կոմունիկացիաների բացումն իրականացնել օր առաջ՝ կողմերի ինքնիշխանության իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա։
ԵՄ խորհրդի նախագահի հայատարարությունից տեղեկացել եք, որ գերիների և այլ պահվող անձանց հետագա ազատ արձակման, անհետ կորածների ճակատագրերի պարզաբանման վերաբերյալ նույնպես եղել է որոշակի ըմբռնում, բայց, հաշվի առնելով հարցի գերզգայուն լինելը, ասեմ միայն, որ այս թեմայով քննարկումները կշարունակվեն առաջիկա հանդիպումների ընթացքում»,- հայտնեց Կառավարության ղեկավարը։
Նա հիշեցրեց, որ ԱԳ նախարարների մակարդակով մայիսի 19-ին հանդիպում է սպասվում Մոսկվայում և նշեց, որ ՀՀ ԱԳ նախարարն արդեն մեկնել է Մոսկվա։
«Ռուսական կողմից ստացել ենք առաջարկ ՌԴ նախագահի միջնորդությամբ՝ բարձրագույն մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնել Մոսկվայում մայիսի 25-ին, և մենք ընդունել ենք այդ առաջարկը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ հնգակողմ հանդիպում է նախատեսվում հունիսի 1-ին Քիշնևում։ Նման հնգակողմ հանդիպում նախատեսված է նաև հոկտեմբերին, Գրանադայում»,- հայտնեց վարչապետը՝ տեղեկացնելով, որ Բրյուսելում հաջորդ եռակողմ հանդիպումը նախատեսված է հուլիսին։
«Ի հեճուկս բանակցություններում որոշակի առաջընթացի՝ Ադրբեջանը շարունակում է էսկալացիոն քաղաքականություն վարել Հայաստանի հետ սահմանին։ Նախորդ օրերին մեր սահմանին հնչել են կրակոցներ, և ունենք զոհեր։ Գլուխ խոնարհելով մեր ընկած եղբայրների առաջ՝ կրկին ուզում եմ ընդգծել, որ առավել ևս մայիսի 14-ի պայմանավորվածությունների ֆոնին ավելի հրատապ է դառնում սահմանային գծից զորքերի հայելային հետքաշումը և սահմանագծի ապառազմականացումը, և մենք այս օրակարգը շարունակելու ենք ընդգծել։
Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումն Ադրբեջանի էսկալացիոն քաղաքականության ևս մեկ դրսևորում է, որը ևս մեկ անգամ ակներև է դարձնում ԼՂ-ում և Լաչինի միջանցքում միջազգային ներկայության լեգիտիմ անհրաժեշությունը»,- ասաց նա՝ նշելով, որ այս թեման քննարկում են միջազգային գործընկերների հետ։
Մեկնաբանել