
Վլադիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա. նա կմասնակցի Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաք, որտեղ մայիսի 19-ին մեկնարկում է Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովը։ Նա ելույթով հանդես կգա գագաթնաժողովի ժամանակ և երկկողմ հանդիպում կունենա Սաուդյան Արաբիայի թագաժառանգ, արքայազն Մուհամադ բին Սալմանի հետ։
Արաբական լրատվամիջոցները գրում են, որ Զելենսկին Սաուդյան Արաբիա է ժամանել ֆրանսիական օդանավով, իսկ թռիչքն իրականացվել է Լեհաստանից։ Սաուդյան Արաբիա այցի մասին Զելենսկին գրառում է արել նաև իր տելեգրամյան ալիքում։ «Կհանդիպեմ թագաժառանգ արքայազն Մուհամադ բին Սալման ալ Սաուդի հետ և կունենամ երկկողմ այլ բանակցություններ։
Իր ելույթի ընթացքում Զելենսկին կխոսի նաև Ուկրաինայի մուսուլմանական համայնքի մասին։ «Մեկ այլ առաջնահերթություն է Ուկրաինայում մուսուլմանական համայնքի պաշտպանությունը»,- գրել է Ուկրաինայի առաջնորդը։
Զելենսկու փոխանցմամբ՝ պատվիրակության կազմում է նաև Մուստաֆա Ջեմիլևը: Վերջինս Ղրիմի թաթարների առաջնորդներից մեկն է և Ղրիմաթաթարական ժողովրդի մեջլիսի նախկին նախագահ։
Video of Zelensky arriving in Saudi Arabia, dressed in his trademark khaki military garb, of course. pic.twitter.com/RxvxFiBNyN
— Christopher Miller (@ChristopherJM) May 19, 2023
Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի առաջնահերթությունների թվում է բոլոր քաղբանտարկյալների, գերիների ու ապօրինաբար տեղահանվածների վերադարձը։ «Ղրիմն առաջինն է տուժել ռուսական բռնազավթումից, և մեծամասնությունը, որոնք բռնազավթված Ղրիմում ենթարկվել են հալածանքների, մուսուլմաններն են»,- հավելել է Ուկրաինայի նախագահը։
Նախատեսվում է, որ Զելենսկին Սաուդյան Արաբիայից կմեկնի Ճապոնիա, որտեղ այսօր մեկնարկել է G7-ի առաջնորդների գագաթնաժողովը։ Աղբյուրները նշում են, որ Զելենսկին վաղը կժամանի Հիրոսիմա, որտեղ ընթանում է գագաթնաժողովը։ Այդուհանդերձ, ուկրաինական կողմը պնդում է, որ Զելենսկին բանակցություններին կմասնակցի առցանց ձևաչափով։
Մայիսի կեսերին Զելենսկին այցելել է Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա և Մեծ Բրիտանիա։ Եվրոպական երկրների առաջնորդների հետ բանակցությունների ընթացքում, այդ երկրները Կիևին խոստացել են ռազմական օգնության նոր փաթեթներ։ Մասնավորապես, Գերմանիան հայտարարել է ռեկորդային 2,7 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթի մասին։
Այս գագաթնաժողովն աչքի է ընկնում նաև նրանով, որ տարիներ անց դրան մասնակցում է նաև Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադը։ Ի դեպ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման պատճառով Կիևը խզել էԴամասկոսի հետ դիվանագիտական հարաբերությունները, քանի որ Սիրիան իր աջակցությունն էր հայտնել Ռուսաստանին։ Թե արդյոք Սաուդյան Արաբիայում կկայանա Ասադ-Զելենսկի հանդիպում, դեռևս հայտնի չէ։
Լուսանկարը՝ INA FASSBENDER / AFP
Մեկնաբանել