
Ալիևն անխուսափելի է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անխուսափել է համարում Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքումը։
«Մենք կարծում ենք, որ խաղաղության պայմանագրի ստորագրումն անխուսափելի է, և ձգտում ենք մեր կողմից ներդնել կառուցողական ջանքեր՝ այդ նպատակին հասնելու համար։ Բնականաբար, այդ խաղաղության պայմանագիրը պետք է ներառի միջազգային բոլոր նորմերն ու սկզբունքները»,- APA գործակալության փոխանցմամբ Վիլնյուսում Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ բանակցություններից հետո կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ալիևը։
Նա նաև հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության բանակցությունները «վերջիվերջո կայուն խաղաղություն կբերեն Կովկասին»։
Հիշեցնենք, որ այսօր Կառավարության շենքում կայացած մամլո ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում, եթե ապահովվի այնտեղի հայ բնակչության անվտանգությունը։ «Ադրբեջանի 86.600 քկմ-ն ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը, բայց նաև պետք է արձանագրել, որ մենք ասում ենք, որ ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ ֆորմատում»,- պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյոք ճանաչելով Ադրբեջանի 86.600 քկմ-ն, Հայաստանը ճանաչե՞լ է Արցախը Ադրբեջանի մաս՝ պատասխանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Առաջիկայում Փաշինյանն ու Ալիևը կունենան մի քանի հանդիպում։ Նախ մայիսի 25-ին նրանք եռակողմ հանդիպում կունենան Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, իսկ հունիսի 1-ին Քիշնևում հնգակողմ հանդիպում կլինի Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ։ Եվս մեկ հանդիպում էլ Փաշինյանն ու Ալիևը կունենան հուլիս ամսին Բրյուսելում։ Դրան դարձյալ կմասնակցի Շառլ Միշելը։
Լուսանկարը՝ APA գործակալության
Մեկնաբանել