HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Ցանկանում ենք՝ արցախահայության իրավունքների ու անվտանգության հարցերը լինեն խաղաղության պայմանագրում»․ Հակոբ Արշակյան

«Հայաստանը հանդես է գալիս այն դիրքից, որ մենք որևէ տարածքային պահանջ չունենք ոչ մի հարևանից, այդ թվում՝ Ադրբեջանից։ Դա, ըստ էության, նշանակում է, որ մենք անհրաժեշտություն ունենք ճշգրտել պետական սահմանները, և այն տարածքները, որոնք մեր պետություններին են պատկանում»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը։

Ըստ Արշակյանի՝ արցախահայության իրավունքների և անվտանգության հարցի կապակցությամբ պիտի ստեղծվի միջազգային ֆորմատ, որտեղ երկխոսության մեջ պիտի մտնեն Ստեփանակերտը և Բաքուն։

«Կարևոր հանգամանքն այն է, որ եթե Արցախը խոսում է իր իրավունքների մասին, անվտանգության մասին, ինքը ներկա է այդ սեղանի շուրջ։ Ամբողջ բանակցությունների տրամաբանությունն այս առումով փոխվել է այն ժամանակ, երբ նա բացակայել է սեղանից։

Այն պահից, երբ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը սկսել է բանակցել ոչ միայն Հայաստանի, այլև Արցախի անունից՝ որպես ՀՀ նախագահ, անուղղակիորեն պարզվել է, որ Հայաստանը տարածքային վեճ ունի Ադրբեջանի հետ։ Հիմա մենք ասում ենք, որ տարածքային վեճ չունենք Ադրբեջանի հետ, փոխադարձաբար ճանաչում ենք միմյանց տարածքային ամբողջականությունը և դրանից հետո ստեղծվում են միջազգային մեխանիզմներ, որոնք պատասխանատու են Արցախի և Ադրբեջանի երկխոսության և արցախահայերի իրավունքների ու անվտանգության երաշխիքների համակարգի ստեղծման համար»,- նշեց ԱԺ փոխխոսնակը։

Հարցին՝ արդյոք ռուս խաղաղապները դու՞րս են գալու Արցախից, եթե խաղաղության պայմանագիրը ստորագրվի, Արշակյանը նշեց, որ դետալների մասին չի կարող խոսել։

Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունները բանակցում են իրենց անունից, ներկայացնում Հայաստանի դիրքորոշումը։

Անդրադառնալով Արցախի նախագահի հայտարարությանը՝ ԱԺ փոխնախագահը նշեց․ «Էնտեղ շատ հստակ դիրքորոշում կա, որ պատրաստ են խոսել Բաքվի հետ այն հարցերի շուրջ, որոնք վերաբերում են իրավունքներին և անվտանգությանը, դա կարևոր մոտեցում է»։

Մեկ այլ հարցի՝ ՀՀ իշխանությունները անտեսո՞ւմ են արցախցիների կարծիքը, Հակոբ Արշակյանը պատասխանեց․

«Խաղաղության պայմանագրի շրջանակներում ՀՀ դիրքորոշումն այնպիսին է, որ պիտի միջազգային մեխանիզմ ստեղծվի ուժերի ներկայությամբ, որոնք կկարողանան այն գործարկել, և որ դա լինի աշխատող մեխանիզմ, որի շրջանակներում պետք է քննարկվեն իրավունքներն ու անվտանգությունը։ Արցախի իշխանություններից ինչ-որ մարդիկ ինչ կասեն, ինչ չեն ասի, էս դիրքորոշման վերաբերյալ, սա Հայաստանի անվտանգությանը, ինքինշխանությանը վերաբերող հարց է։

Ցանկանում ենք, որ ճանապարհներն ապաշրջափակվեն, շատ հստակ ընկալելի լինի, որ Ադրբեջանը չունի Հայաստանից տարածքային պահանջը, և Հայաստանը՝ Ադրբեջանից, դա փաստաթղթավորված լինի, լինեն միջազգային գործող մեխանիզմներ և արցախահայության իրավունքներն ու անվտանգությունը նույնպես լինի խաղաղության պայմանագրի կետերից մեկը»,- հայտնեց ԱԺ փոխխոսնակը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter