
«Եթե Արցախը լինի Ադրբեջանի կազմում, այստեղ հայ չի մնա». արցախցի
Մայիսի 22-ին Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ընթացքում վերահաստատեց, որ Արցախը ճանաչում է Արդբեջանի կազմում: Այս հայտարարությանը հետևեց Արցախի Ազգային ժողովի պատասխան-հայտարարությունը, որում Ազգային ժողովի պատգամավորները քննադատել են Ն. Փաշինյանի դիրքորոշումը և կոչ են արել ձեռնպահ մնալ նման պարտվողական քաղաքականությունից: «Հետքը» զրուցել է Արցախի բնակիչների հետ՝ պարզելու, թե ինչ են մտածում Հայաստանի վարչապետի հայտարարության վերաբերյալ։
65-ամյա Յուրա Հայրապետյանը Ստեփանակերտի բուսաբանական այգում է աշխատում: Ասում է՝ մենք մեր իշխանությունների հետ ենք։
«Եթե պետք է կռվել՝ կռվենք: Եթե Ադրբեջանը կրակում է, դու էլ պետք է կրակես: Փաշինյանը հիմա պետք է հրաժարական տա: Անհնարին բան է՝ մնանք Ադրբեջանի կազմում: Եթե Արցախը լինի Ադրբեջանի կազմում, այստեղ հայ չի մնա, հաշվեք ցեղասպանություն է, կոտորելու են: Ինչ Նախիջևանում էր, նույնն էլ այստեղ են անելու: Մենք գնալու ուրիշ տեղ չունենք: Ու՞ր գնաս: Լավ, ես գնացի, բա իմ ծնողները, իմ կինը այստեղ թաղված, բա իրե՞նք: Ծնվալըս ստեղ, մեռնել պիտիս ստեղ»,- ասում է Յուրա Հայրապետյանը։
36-ամյա Ռուզան Հայրապետյանը նշում է, որ Փաշինյանի հայտարարությունը նորություն չէ իր համար։
«Իր նախորդ հայտարարությունները՝ Արցախը Հայաստան է ու վերջ, ընդամենը պոպուլիզմ էր: Նա ընդամենը եկել ու ինչ-որ պաթոսախառը հայտարարություններ էր արել: Մարդիկ, որոնք մտածում են, թե այստեղ՝ Արցախում, հայ է մնալու, եթե Ադրբեջանի կազմի մեջ լինենք, շատ են սխալվում: Հասկանում եմ, մարդիկ հոգնել են: Երբեմն ինքս ուզում եմ անջատվել, չմտածել, երբեմն նույնիսկ մտածում եմ, որ իմ կյանքն առաջվանն է, ուզում եմ, որ առաջվանը լինի: Մեր օրգանիզմի պաշտպանական արձագանքն է, այս վախի անընդհատ զգացումով կարող ես խելագարվել: Ես դրա համար մարդկանց չեմ մեղադրում, երբ շարունակում են իրենց առօրյա կյանքով ապրել, կարծես ամեն ինչ նույնն է: Բայց քայլ առ քայլ ամեն ինչ շատ ավելի վատ է լինելու, քան հիմա է: Իր հայտարարության օրը նույն մարդիկ, որ հեղափոխության ժամանակ էին դուրս եկել, պետք է հավաքվեին ու պահանջեին Փաշինյանի հրաժարականը»,- ասում է Ռուզան Հայրապետյանը։
Նա կարծում է, որ Արցախը ղեկավարի կարիք ունի։
«Մեզ մի Մոնթե է պետք, Բեկոր է պետք, մեկը, որ կռվելուց բացի նաև խելացի կլինի: Մենք հիմա ոչ զենք ունենք, ոչ զինվոր ունենք, մենք հիմա ոչինչ չունենք: Բայց մենք հիմա նորից պետք է ապացուցենք աշխարհին, որ սա հայկական հող է, որ մեր նախնիները այստեղ են ապրել, ու մենք էլ պետք է շարունակենք այստեղ ապրել»,- նշում է Ռուզան Հայրապետյանը։
28-ամյա Գայանե Սարգսյանի համար նույնպես Փաշինյանի հայտարարությունը նորություն չէր։ Համոզված է՝ Արցախում ապրողները չպետք է թույլ տան, որ ինչ-որ մեկն իրենց փոխարեն որոշումներ կայացնի։
«Ես նույնիսկ մտածում եմ, որ նման հայտարարությունները մեզ շեղում են ավելի կարևոր բաներից, ինչպես, օրինակ, սահմանին տիրող իրավիճակից, երբ գրեթե ամեն օր զոհ ենք ունենում: Ես մտածում եմ, որ եթե մենք ոտքներս պինդ դնենք այս հողին, կկարողանանք պահել Արցախը և շարունակել մնալ Արցախում: Բնականաբար, բոլորս էլ ուզում ենք, որ դա լինի առանց պատերազմի: Երբ մարդիկ պատերազմ են գոռում, պետք է վստահ լինեն, որ երբ գա պատերազմելու օրը, այստեղ են լինելու ու ոչ մի տեղ չեն գնալու։ Արցախում պայքարը չպետք է անձնավորել։ Արցախի ձայնն ինձ համար մենք ենք, ինչպես մեր ծնողներն են եղել 90-ականներին: Նրանք կռվել են ու ստացել այն, ինչ ուզել են: Նույնն էլ մենք պետք է անենք: Մեր ձայնը ինձ համար ավելի որոշիչ է, քան նախագահի կամ այլ պաշտոնյայի»,- ասում է Գայանե Սարգսյանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել