HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

13 հայ հասարական գործիչ տուժել է Pegasus լրտեսական ծրագրից

Իրավապաշտպան կազմակերպությունների և ՏՏ անվտանգության մասնագետների համատեղ հետաքննությունը ցույց է տվել, որ առնվազն 13 հայ հասարակական գործիչ և պաշտոնատար անձ, այդ թվում` լրագրողներ և իրավապաշտպաններ, 2020 թվականի նոյեմբերից մինչև 2022 թվականի դեկտեմբեր ամիսները, Ղարաբաղյան հակամարտության ժամանակ, դարձել են իսրայելական NSO Group-ի Pegasus լրտեսական ծրագրի համար թիրախ։ Access Now-ի, Citizen Lab-ի, մոբայլ անվտանգության մասնագետներ Ռուբեր Մուրադյանի, CyberHUB-AM-ի, Amnesty International-ի անվտանգության լաբորատորիայի հետ իրականացրած հետաքննությունը հիմքեր է տալիս ենթադրելու, որ հակամարտությունը կարող էր լինել այդ լրտեսության համար պատճառ։

Amnesty International-ի անվտանգության լաբորատորիան հայտնաբերել է, որ «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության երկու լրագրողների՝ Կառլեն Ասլանյանի և Աստղիկ Բեդևյանի հեռախոսները եղել են լրտեսական ծրագրով վարակված։ Վարակման նմանատիպ դեպքեր հայտնաբերվել են նաև Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպանի, ՄԱԿ-ի աշխատակիցների, ՀՀ ԱԳՆ մամուլի նախկին քարտուղարի և քաղհասարակության ևս 7 ներկայացուցիչների մոտ։

Amnesty International-ը ապացույցներ ունի այն մասին, որ լրտեսական մեկ այլ ծրագիր՝ Predator անվամբ, որը մշակվել է Intellexa ընկերության կողմից, գործարկվել է սերվերային ենթակառուցվածքից, որը տեղակայված է Հայաստանում։ Meta ընկերության անվտանգության մասնագետները պարզել են Հայաստանում Predator-ի հավանական հաճախորդին։

Հայաստանում իրականացված հետաքննությունը սկսվել է, երբ 2021 թվականի նոյեմբեր ամսին Apple-ը իր օգտատերերին ուղարկեց ծանուցում՝ զգուշացնելով լրտեսական ծրագրային ապահովման միջոցով նրանց հնարավոր թիրախային լրտեսության վերաբերյալ։ CyberHUB-AM-ը և Access Now-ն, Citizen Lab-ի հետ փոխգործակցությամբ, հետաքննության արդյունքում հաստատել են, որ այդ որոշ գործիչների Apple սարքավորումները վարակված են եղել Pegasus լրագրողական ծրագրով։

Լրագրողներ, իրավապաշտպաններ և պաշտոնյաներ, որոնք դարձել են լրտեսական ապահովման տուժածներ

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ սարքավորումների վարակումը կապված է եղել ղարաբաղյան հակամարտության հետ։ Հայաստանում Pegasus-ով վարակման առաջին խումբը կապ է ունեցել քաղաքական ճգնաժամի հետ, որը 2020 թվականի 44-օրյա պատերազմի ավարտից հետո սկսվել էր Հայաստանում և ձգվում էր մինչև 2021 թվականի կեսերը։ Վարակման երկրորդ խումբը տեղի է ունեցել 2022 թվականին, ինչը համընկնում էր Սոչիում և Պրահայում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին և հակամարտության գոտում լուրջ բախումների, ինչպես նաև նախորդ տարվա դեկտեմբերից Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման հետ։ 

Հայաստանում Pegasus-ով վարակման առաջին ալիքի ժամանակ հետաքննությունը հատնաբերել է 10 մարդու, որոնք 2020-2021 թվականներին դարձել են վարակման թիրախ։ Այդ ընթացքում հայտնաբերվել է մոբայլ սարքավորումների վարակման 17 հաջող դեպք։

Հարձակման ենթարկված գործիչների թվում են. 

  • «Ազատություն» ռադիոկայանի լրագրողներ Կառլեն Ասլանյանը և Աստղիկ Բեդևյանը, որոնց սարքավորումները վարակվել են, համապատասխանաբար, 2021 թվականի ապրիլին և մայիսին։ Սա այն ժամանակահատվածն է, երբ նրանք լուսաբանում էին Հայաստանում քաղաքական ճգնաժամը և ղարաբաղյան հակամարտության հետևանքները։
  • Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Նրա սարքավորումը վարակվել է 2021 թվականի մայիսին, այն ժամանակ, երբ վերջինս ակտիվորեն հետևում էր Հայաստանում խորհրդարանական ընտրություններին։
  • 2021 թվականի մայիս-հուլիս ամիսներին արտաքին գործերի նախարարության մամուլի նախկին խոսնակ Աննա Նաղդալյանի սարքավորումը մի քանի անգամ վարակվել՝ ղարաբաղյան ճգնաժամի վերաբերյալ բանակցություններին նրա մասնակության ժամանակ։
  • Պատմական գիտությունների թեկնածու և թյուրքագետ Վարուժան Գեղամյանի iPhone-ը վարակվել է 2021 թվականի հունիսին այն ժամանակ, երբ վերջինս դասախոսություններ էր կարդում Ադրբեջանի տարածաշրջանի ու արտաքին քաղաքականության ժամանակ։
  • 2022 թվականի հունիսին, վարակման երկրորդ փուլի ժամանակ, վարակվել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության քննադատներից մեկի՝ ArmNews TV-ի համահիմնադիր Սամվել Ֆարմանյանի սարքավորումը։ 
  • ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Քրիստինե Գրիգորյանի սարքավորումը, որը հայտարարություններ էր անում ադրբեջանական զինուժի հնարավոր հանցագործությունների վերաբերյալ, վարակվել է 2022 թվականի հոկտեմբերին և նոյեմբերին։

13-ից 6-ը, որոնց սարքավորումներում հայտնաբերվել է լրտեսական ծրագրային ապահովումը և որոնք մասնակցել են հետաքննությանը, նախընտրել են մնալ անանուն, ներառյալ լրավամիջոցների ներկայացուցիչների, մեկ ակտիվիստի, քաղհասարակության մեկ ներկայացուցչի և ՄԱԿ-ի երկու աշխատակցի։ Մյուս անձինք, ինչպես, օրինակ, լրագրող Վիտալի Գրիգորյանը, Apple-ից ծանուցում են ստացել, որը զգուշացնում է հնարավոր վարակման մասին, բայց նրանց սարքավորման նկատմամբ լրտեսությունը մնում է անհամոզիչ՝ դրանց տվյալներին սահմանափակ հասանելիության պատճառով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter