HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

Մեկնարկել է Գրքի երևանյան ամենամյա փառատոնը

Այսօրվանից բացվել է Գրքի երևանյան 6-րդ փառատոնը՝ գրքային ամենամեծ միջոցառումը Հայաստանում։ Այս տարի այն տեղի է ունենում Սունդուկյանի ազգային ակադեմիական թատրոնում եւ տեւելու է մինչեւ մայիսի 27-ը։ Ընթերցասեր հանրությունը երեք օր շարունակ  հնարավորություն է ունենալու մասնակցել գրքերի շնորհանդեսների, գրական ստեղծագործությունների ընթերցանության և ավանդական դարձած գրքի տոնավաճառի։ Փառատոնին մասնակցում է ավելի քան 40 հրատարակչություն և մշակութային հաստատություն, որոնք ներկայանում են իրենց գրական նոր տեսականին։ Փառատոնի շրջանակում Սունդուկյանի փոքր դահլիճներում կազմակերպվելու է մոտ 25 միջոցառում՝ բանախոսություններ, քննարկումներ, գրքի շնորհանդեսներ, պանելային զրույցներ, համերգներ։

Այս տարի առաջին անգամ փառատոնը ունի միջազգային կարգավիճակ։ Գրողներ են հրավիրված 6-ից ավելի երկրներից՝ միջոցառման հյուրերից են հայտնի բանաստեղծներ Շենոն Սալիվանը Գերմանիայից և Գիորգոս Կուտուվելասը Հունաստանից։ Գրքի երևանյան փառատոնն այս տարի պայմանագիր է կնքել պոեզիայի  միջազգային ամենամեծ հարթակի՝  ՎԵՐՍՈՊՈԼԻՍԻ հետ։ Սրանով երևանյան փառատոնը հնարավորություն կունենա Հայաստան հրավիրել այս հարթակի անդամ պոետներին, իսկ հայ բանաստեղծների համար նոր հնարավորություններ կստեղծվեն արտերկրում։ 

Այսօր փառատոնի  ծրագրի շրջանակում Սունդուկյանի փոքր դահլիճում Հովհաննիսյան ինստիտուտը ներկայացրեց խորհրդահայ գրող Վաչե Սարգսյանի «Ակեղդամա» անտիպ գործի հրատարակությունը (եռահատորի առաջին երկու մասերը): Սիրանուշ Դվոյանը և Նարե Սահակյանը, որոնք աշխատել են են վեպի վրա, ներկայացրեցին խորհրդահայ ճամբարային գրականությունը, անդրադարձան վեպի առանձնահատկություններին, հրատարակության խնդիրներին: Վաչե Սարգսյանի «Ակեղդամա» վեպը խորհրդահայ սիբիրյան աքսորի գրականության յուրօրինակ նմուշ է: Հեղինակը սկսել է գրել վեպը 1960-ական թթ.` ՊԱԿ-ի բանտերում և գուլագյան ճամբարներում 16-ամյա ազատազրկումից վերադառնալուց հետո:  Շնորհանդեսի մասնակիցներին հետաքրքրեց «Ակեղդամա» աշխատության անվան ծագումը։ Սիրանուշ Դվոյանը չկարողացավ ասել, թե կոնկրետ ինչ է նկատի ունեցել հեղինակը այդպես անվանելով, բայց, ըստ բառի ծագումնաբանության, այդպես է կոչվել Հուդայի՝ երեսուն արծաթով գնված ագարակը։ Հովհաննիսյան ինստիտուտի ղեկավար Վարդան Ազատյանն էլ հավելեց, որ այդպես է կոչվում նաեւ Իսրայելում օտարերկրացիների գերեզմանոցը։ Փառատոնում կներկայացվեն այս եռահատոր վեպի առաջին երկու գրքերը՝ «Անկրկնելի պատմություն» և «Հավերժական սառածություն. նամակներ Սոնյա Կարոլին»:

Երևանյան Գրքի փառատոնի բոլոր միջոցառումների մուտքն ազատ է, գրքի տոնավաճառում բոլոր գրքերի վրա գործում է 20-50 % զեղչ։ Ծրագրի մանրամասների, մասնակիցների, միջոցառումների, համերգների մասին տեղեկությունները կարող եք իմանալ  Գրքի երևանյան փառատոնի պաշտոնական կայքից:


Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter