HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Գաղտնաբառն Արմանի ծննդյան օրն էր, լսում ենք հոկտեմբերի 22, դուրս ենք գալիս, մեզ գտան». 70 օր շրջափակման մեջ մնացած զինծառայողի վկայությունը

44-օրյա պատերազմի ժամանակ 70 օր շրջափակման մեջ մնացած և փրկված Արսեն Այվազյանն այսօր՝ մայիսի 25-ին, գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի գործով դատական նիստին ներկայացրեց նահանջի և շրջափակման մեջ հայտնվելու մանրամասները։

2020թ. հոկտեմբերի 10-ին ադրբեջանցիները հարձակվել են Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարի վրա, որտեղ այդ ժամանակ տեղակայված էր Ջրականի նորակոչիկների 5-րդ գումարտակը, մեծամասամբ՝ 2 ամսվա զինծառայողներ։

Գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը, թողնելով անձնակազմին միայնակ, իջել է սարից և հեռացել՝ պատճառաբանելով, թե վիրավոր է։

Մնալով առանց գումարտակի հրամանատարի և տալով կորուստներ՝ զինծառայողներն իջել են սարից։ Նրանց մի մասը, անտեղյակ, որ Հադրութ քաղաքը գրավված է, գնացել է հենց այդ ուղղությամբ, զոհվել կամ հայտնվել շրջափակման մեջ։

Իշխան Վահանյանը մեղադրվում է Խուռհատ սարի վրա պատերազմի ժամանակ նորակոչիկներին միայնակ թողնելու և մարտական դիրքերը լքելու մեջ։ Առաջադրված մեղադրանքը նա չի ընդունում։ 

Արսեն Այվազյանի խոսքով՝ վերջին անգամ մինչեւ հարձակումն է տեսել Վահանյանին, Խուռհատ սարի ներքևի հատվածում։

«Լսել եմ, որ փախել է, անձամբ չեմ տեսել»,- ասում է նա։

Նորակոչիկների գումարտակը, մինչ Խուռհատ բարձրանալը, եղել է Հադրութի դպրոցում։

«Ինչքան գիտեմ, դպրոցի վրա հրետանային հարված է եղել, լուսաբացին հրամայեցին բարձրանալ Խուռհատ, դիրքավորվեցինք սարի ձախ ու աջ հատվածում՝ Հադրութ քաղաքին նայող ու հակառակ կողմը, սպասում էինք հարձակման»,- պատմեց Արսենը։

Ըստ վկայի՝ բացի դասակի սերժանտից, որը ղեկավարում էր դասակի գործողությունները, սպաներից Խուռհատում եղել են Արսեն Ղարիբյանը, Հովհաննես Մուրադյանը, Հայկազ Գրիգորյանը, ներքևում Վահանյանն էր։ Նա հստակ չգիտի՝ ով է հրաման տվել, թե ինչպես դիրքավորվել, հրամանները զինծառայողներն իրար էին փոխանցում։

Ըստ վկայությունների՝ Խուռհատի վրա ադրբեջանցիները հարձակվել են հոկտեմբերի 10-ին։

«Հիշում եմ, որ լույս էր, դրանից առաջ գիշերը հրետանու հարվածներ էին եղել, արդեն առավոտյան լսեցինք «ալլահ ակբար», կրակոցներ։ Ինչքանով հասկացանք, ադրբեջանցիները երկու կողմից հարձակվել են մեր վրա՝ ճակատային հատվածից ու շրջափակել են սարի վերևի հատվածով»,- ասաց նա։

Արսենի խոսքով՝ հայկական կողմը պատասխան կրակ է բացել, սակայն հարձակման ժամանակ սպաներից հրահանգներ չի լսել։

«Կռվի ընթացքում խուճապ էր ահավոր, շրջվել եմ, նայել կողքս ով կա, սպայակազմից մարդ չկար մեր մոտ։ Առանց հրամանի սկսել ենք կրակել հակառակորդի ուղղությամբ, մի քանի րոպե տևեց փոխհրաձգությունը։

Ես ուրիշ զինծառայողների հետ վիրավորներին էի իջեցնում, մեր դասակից վարորդ Տիգրանը վիրավորվեց, իջացրինք ներքև, եղել են մեքենաներ, որոնք պետք է վիրավորներին տանեին։ Ինչքան լսել եմ՝ վիրավորներին կամազներով տարել են։ 

Երբ իջանք ներքև, հանդիպել եմ հրամանատարներից մի ավագ լեյտենանտի, ինքը մեզ ասել է, որ պետք է բարձրանանք մեզանից դեպի ձախ կողմում գտնվող սար, նահանջենք, ոչ թե ճանապարհով գնանք։

Վիրավորներին իջեցրել ենք, էլ հետ չենք գնացել, նահանջել ենք, չգիտեմ՝ վերևում մարդ մնացել էր, թե չէ։

Արդեն դասակները խառնվել էին իրար, չկային դասակներ, վաշտեր։ Մենք ճանապարհով իջնում էինք ներքև, հրաման եկավ, որ էդտեղով վտանգավոր ա գնալ, ասեցին՝ պետք ա գնաք Սարիշենի կողմ, էնտեղ մերոնք են։ Բարձրանալուց մի խմբով հետ մնացինք, իմ հետ էր Հովհաննեսը, կամավոր քեռին ու մի քանի զինվորներ»,- պատմեց նա։

-Պարոն Ավետիսյան, ինչ-որ լուսանկար կա՞ այդ մարդուց (նկատի ունի՝ քեռուց-հեղ.),- հետաքրքրվեց դատավոր Ջոն Հայրապետյանը։

-Ոչ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացվել, դրական արդյունք չեն տվել։ Գիտենք, որ քեռու անունը Արտյոմ էր,- պատասխանեց դատախազ Գևորգ Ավետիսյանը։

Վկա Արսեն Այվազյանը շարունակեց պատմել՝ նշելով, որ անձրևի պատճառով շատ դժվար էր բարձրանալ, խումբն իրենցից առաջ է անցել, հետո կրակոցներ են լսվել ու հասկացել են, որ շրջափակման մեջ են։

«Հովհաննեսը զանգեց, ինչքան գիտեմ՝ Ղարիբյանին, ասեց, որ շրջափակման մեջ ենք, եթե չեք հասել էդ գյուղ, իջեք ներքև, ու ինչ-որ մի խումբ էլ է միանում մեզ, ով չի հասցրել հասնի Սարիշեն։ Հաշվում ենք՝ մոտ 98 հոգի ենք, ու Հովհաննես Մուրադյանը էլի ա զանգում, ԱԱԾ, չեմ հիշում, ներկայանում ա, հարցնում՝ Հադրութի պոլկում հայե՞ր են, թե չէ, ինչքան գիտեմ՝ պատասխանում են՝ մի րոպեից կզանգենք, կասենք ձեզ, զանգում ասում են՝ հայկական ֆորմեքով կանգնած են, բայց չգիտենք՝ հայ են, թե չէ։ Հետո ինչ-որ խոսակցություն ա գնում, էդտեղից մի հատ ձոր կա, որ էդ ձորեվ իջնենք, հենց Հադրութի պոլկի տներն ա, ու քեռին ասում ա՝ տղերքն էնտեղ շրջափակման մեջ են, պիտի իջնենք իրանց հանենք։ Որոշում ենք իջնենք, ձորով իջնելուց սերժանտ Հարութն իմ հետևի հատվածում էր, ասեց, որ ինչ-որ մեկը սարի վրայից գլուխը հանել ա, տեսել ա մեզ, դրանից հետո նռնակներ են շպրտում։ Ես իջա ձոր, նռնակները գմփացին ու արդեն ահագին քչացանք էդ ժամանակ»,- պատմում է նա։

Հետո վիրավորներին օգնելով՝ իջել են ձոր ու սպասել։

«Ինչքան գիտեմ, Հովհաննեսը ճանապարհի վրա է զոհվել, մոտ 25 վիրավորների հետ մնացել էինք ձորի մեջ, 4 հոգի ծանր վիրավոր գիշերը զոհվեցին, հաջորդ առավոտ ադրբեջանցիների ձայները լսեցինք, մի պահ ասեցին՝ «մինամյոտ, տանկ ու իրանց կողք մինամյոտ թռավ, հասկացանք, որ պետք ա գնանք էդտեղից։

Լուսաբացի կողմերը 20 հոգի էինք, իջնում էինք դեպի Վանք գյուղ, տեսանք, որ ճանապարհի աջ կողմի առաջին տունը կարող ենք պատուհանից մտնել, էդտեղ մի քանի օր սպասեցինք, էստեղ զանգեր են եղել Գարիկ Վարդերեսյանին, ասել ա՝ նորմալ ա, գալիս ենք ձեր հետևից, չեն եկել։

Մի քանի ժամանակ հետո մեզ տեսան ադրբեջանցիները, ռուսերենով գոռացին՝ դուրս եկեք, գիտենք, որ էդտեղ եք, շրջափակման մեջ եք, բայց չեկան, գիշերը դիրքավորվել, սպասել էինք, մարդ չկար։ Հաջորդ օրը պաշտոնով մարդ է գալիս իրանց մոտից իրենց մեքենայով, իջնում է տան մոտ, գալիս առաջ, ինչ-որ բան ասում, հետ ա գնում, գալիս առաջ կասկածելով, գալիս ա մոտիկ, տղաներից մեկն իրան սպանում ա, դուրս ենք գալիս, իջնում անտառ»,- շարունակեց նա։

Արսենի խոսքով՝ հոկտեմբերի 15-ից անտառում մնացել են առանց կապի։

«Անտառում ահագին ժամանակ սպասեցինք, երբ արդեն ցրտում էր, տերևաթափ էր, որոշում կայացվեց, որ պետք է առանձնանանք, տարբեր ձև էինք տեսնում դուրս գալու մեր ուղին, որոշեցինք վեցով առանձնանալ, բաժանվելուց արդեն ինֆորմացիա չենք ունեցել մնացածի մասին։

Սկզբում գյուղի տան տանիքներից մեկում էինք թաքնվել, հետո արդեն ադրբեջանցին փորձեց բարձրանալ, բայց ծանր բաներ էինք դրել, չկարողացավ բացել, որոշեցինք, որ գիշերը պետք է տեղափոխվենք»,- ասաց Արսենը։

Գիշերը ուտելիք և ջուր են վերցրել, գնացել այն ուղղությամբ, որով եկել էին։ Փորձել են կապ հաստատել, բայց կրակոցներ են լսվել։

Որոշեցինք գնալ դեպի Ցոր գյուղ. «Ինչ-որ քարանձավ ենք ասում, քարոտ տեղ էր, մտանք ներս, մի քանի օր սպասեցինք, որոշեցինք՝ ինչ պետք է անենք, ու միտք առաջացավ, որ պետք ա գնանք Պարսկաստան։

Դեկտեմբերի 17-ի կողմ արդեն վերջանում էր ուտելիք, ջուր, տեսանք ինչ-որ կանաչ տեղ, երևի արդեն վերադարձել էինք Ջաբրայիլի կողմեր, քանդած գյուղ էր։ Տղաներից երկուսը գնում են էդ գյուղ, որ տենան՝ ջուր կա՞, մի քանի րոպեից գալիս են, ասում են, որ կա, գնում ենք, հասկանում, որ կապ կա, զանգում ենք, ասում են՝ պատերազմը վերջացել ա, հարցնում ենք՝ ո՞նց գնանք Պարսկաստան։

Անջատում ենք հեռախոսը, ժամ ենք պայմանավորվում։ Դեկտեմբերի 18-ին ասում են՝ բացատրեք ձեր տեղը, կփորձենք հանել։ Մեզ ասում են՝ 99,9 տոկոսով վստահ ենք՝ որտեղ եք, ոչ մի տեղ մի գնացեք։

Գաղտնաբառ ենք հորինում՝ հոկտեմբերի 22՝ Արմանի ծննդյան օրը, որ, օրինակ, անունս գոռան, դուրս չգամ։ Երեք օր է տևում էս պրոցեսը, լսում ենք հոկտեմբերի 22, դուրս ենք գալիս։ Կարմիր խաչն է դիմավորում, ռուս զինծառայողները, ինչ-որ ադրբեջանցիներ ու հայեր։ Մեզ գտան»,- պատմեց Արսենը։

Իշխան Վահանյանը կմնա կալանավորված

Դատարանն այսօր նաև քննեց Իշխան Վահանյանի կալանք խափանման միջոցը փոխելու հարցը։ 

Դատախազ Գևորգ Ավետիսյանը նշեց, որ Վահանյանը ՊԲ զորամասում եղել է բարձրաստիճան սպա, և գործի քննության ընթացքում հիմնական վկաներն ու տուժողները հենց այդ զորամասի զինծառայողներն են։ 

Վահանյանին մեղսագրվում է երկու առանձնապես ծանր հանցագործություն, և այս պայմաններում գրավը չի կարող հանդիսանալ այն հուսալի երաշխիքը, որը կարող է չեզոքացնել։

Դատարանը մերժեց կալանք խափանման միջոցը փոխելու պաշտպանական կողմի միջնորդությունը։

Լուսանկարում՝ Արսեն Այվազյանը դատարանում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter