
«Թռչող նետի պես ազատ հնչյուններ, որոնք դիպչում են ճիշտ նշանակետին»․ աշխարհահռչակ ջութակահար Լեոնիդաս Կավակոսը Հայաստանում է
«Չկա ավելի մեծ հաճույք, քան Բախի ամբողջական սոնատներն ու պարտիտաները նվագելը... Այն պոլիֆոնիկ տիեզերք է, որն ամեն անգամ նորովի ես հայտնագործում ու ոգեշնչվում դրանից: Ֆուգաներով ճանապարհորդելը նույնն է, ինչ միաժամանակ բազմաթիվ կյանքեր ապրելը... և ես ուրախ եմ, որ կարող եմ այս ամենը ներկայացնել տարբեր վայրերում․․ Այսօր ես գնում եմ Երևան և անհամբեր սպասում եմ համերգին, նորից նվագելու եմ Բախ»,- երեկ իր պաշտոնական էջում գրել էր աշխարհահռչակ ջութակահար Լեոնիդաս Կավակոսը, իսկ այսօր՝ մայիսի 27-ին, նա Հայաստանում է։
Դասական երաժշտության սիրահարներն ունեն բացառիկ հնարավորություն Լիոնիդաս Կավակոսի կատարմամբ ունկնդրել Բախի մենակատար ջութակի համար գրված երեք պարտիտաներնը և երեք սոնատները:
Անցած տարի Sony Classical-ը թողարկել է ձայնասկավառակ Բախի սոնատների և պարտիտների ձայնագրություններով՝ Լեոնիդաս Կվակոսի կատարմամբ։ Ձայնասկավառակի վերնագիրը 1720թ․-ին գրված Յոհան Սեբաստիան Բախի բնագրի՝ «Sei Solo à Violino senza Basso accompagnato» (թարգմ․ «Մենակատար ջութակի համար, առանց նվագակցող բասի») կրճատ ձևն է «SEI SOLO», որն առանձին, թարգմանաբար ստանում է խորը փիլիսոփայական նշանակություն՝ «ԴՈՒ ՄԵՆԱԿ ԵՍ»։
Բախի մենանվագ ջութակի համար գրված ստեղծագործությունները կատարողական արվեստում համարվում է բարդությամբ և գեղեցկությամբ բարձրագույն գագաթներից մեկը։ Այն մինչ օրս ամբողջությամբ նվագել և ձայնագրել են անվանի ջութակահարներ՝ Եհուդի Մենուհինը, Իսահակ Պերլմանը, Գիդոն Կրեմերը։ Բախի պարտիտները և սոնատնաերը, որոնց մեջ է նաև (2-րդ պարտիտում) հայտնի ռե մինոր Չակոնան, լրջագույն փորձաքար է ջութակահարների համար։
«Հիմալայներ ջութակահարների համար»,- այսպես է բնորոշել Բախի ջութակի համար գրված սոնատները և պարտիտները կոմպոզիտոր, ջութակահար Ջորջե Էնեսկուն։
Աշխարհահռչակ ջութակահար Լիոնիդաս Կավակոսը հույն է, ծնվել է Աթենքում։ 55 տարեկան է, արդեն 21 տարեկանում նա դարձել էր միջազգային երեք հեղինակավոր՝ Հելսինկիի Սիբելիուսի, Ջենովայի Պագանինիի և ԱՄՆ-ի Նաումբուրգի մրցույթների հաղթող, որն իրեն բերեց համաշխարհային ճանաչում։ Նա ստացել էր հնարավորություն նվագել Նիկոլո Պագանինիին պատկանող Գվարների գործիքի վրա։ Սակայն իր համար ճակատագրական ջութակ է դարձել Ստրադիվարիի 1934թ․ պատրաստած «Willemotte» կոչվող ջութակը։
«Ես առաջին անգամ հանդիպեցի «Willemotte»-ին 1994 թ-ին՝ Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում։ Չէի պատկերացնում, որ որևէ գործիք կկարողանար այդպես ազդել ինձ վրա, բայց երբ աղեղը սահեցրի լարով, կարծես երկիրը շարժվեց ոտքերիս տակ: Ջութակն այնքան օբերտոններ ուներ, որ ամեն մի նոր նոտա, նոր հնարավորություններ էր բացում իմ առաջ: Այդ ժամանակ ջութակը չէր վաճառվում։ Ճակատագրի բերումով այդ գործիքի հետ հանդիպեցինք մոտ քսան տարի հետո՝ 2017-ին, այն արդեն վաճառվում էր, և ես բաց չթողեցի հնարավորությունս։ Ջութակը նման է մարդու, անբացատրելի էներգիայի շրջապտույտ կա մեր միջև, դա գործիքի, այն ստեղծած վարպետի կախարդանքն է։ Այն ստեղծվել է 1734-ին, որքան էլ անհավանական է, վարպետը՝ Անտոնիո Ստրադիվարին, այդ ժամանակ 90 տարեկան էր (մահացել է 93 տարեկանում, հեղ․)»,- պատմել է ջութակահարը Euronews-ի հետ հարցազրույցում։
Հայաստանում երկու երեկո շարունակ երաժշտության սիրահարներին հնարավարություն է ընձեռնվում ներկա լինելու մեր ժամանակների լավագույն կատարողներից մեկի՝ վիրտուոզ ջութակահար Լեոնիդաս Կավակոսի Բախի ջութակի մենանվագ ստեղծագործությունների կատարումներին, Ստրադիվարի «Willemotte» (1734թ․) ջութակով։
Նրա երաժշտությունը նման է սեփական թափով սավառնող նետի, որի ճանապարհին չկա արգելքներ, և որը դպչում է ճիշտ նշանակետին։
Համերգները տեղի են ունենալու հետևայալ վայրերում և հերթականությամբ։
Մայիսի 27-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահ։
Ծրագրում՝
Յոհան Սեբաստիան Բախ
Ջութակի պարտիտա № 3, մի մաժոր, BWV.1006
Սոնատ սոլո ջութակի համար № 2, լյա մինոր, BWV.1003
Սոնատ սոլո ջութակի համար № 3, դո մաժոր, BWV.1005
Մայիսի 28-ին՝ ժամը 19:00-ին, Բյուրականի արվեստի ակադեմիա։
Ծրագրում՝
Յոհան Սեբաստիան Բախ
Սոնատ սոլո ջութակի համար № 1, սոլ մինոր
Ջութակի պարտիտա № 1, սի մինոր
Ջութակի պարտիտա № 2, ռե մինոր
Համերգները կայանում են Երևանյան հեռանկարներ միջազգային 24-րդ երաժշտական փառատոնի շրջանակներում: Տոմսերի և մանրամասների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամաով՝ բջջ․077․80․56․87։
Լուսանկարը՝ Լեոնիդաս Կավակոսի պաշտոնական կայքից
Մեկնաբանել