HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

«Pegasus-ի վարակումը եղել է Ադրբեջանից․ Իսրայելը պաշտոնապես թույլ է տվել կիբերզենք կիրառել Հայաստանում». Սամվել Մարտիրոսյան

«Այս պահին մենք չգիտենք, թե ծրագիրը ոնց է գործում: Նախկինում լրտեսական ծրագրով կարող էինք վարակվել, օրինակ՝ ինչ-որ գիֆ-պատկեր անծանոթ հեռախոսահամարից ստանալուց հետո կամ զանգ ստանալուց, ու կապ չունի՝ մենք այդ զանգին պատասխանել ենք, թե՝ ոչ, բայց ծրագիրը գնալով կատարելագործվում է։ Մեր գտածները դրանով սահմանափակվում են։ Apple-ը փակել է հնարավոր խոցելիությունները Pegasus-ով վարակվելու, բայց դա մրցավազք է, մտածում ենք, որ Pegasus-ի ստեղծողները նոր բան են ստեղծել, հիմա պետք է սպասենք, որ նոր վիրուս բռնվի, նոր հասկանանք»- այսօր Մեդիա կենտրոնում կայացած ասուլիսի ընթաքցքում Pegasus լրտեսական ծրագրի մասին խոսելիս նշեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Pegasus-ը լրտեսական ծրագիր է, որը ներդրվում է հեռախոսի մեջ ու վարակում այն։ Ըստ Մարտիրոսյանի՝ այժմ Pegasus-ով վարակվելու մարդկային գործոնը զրոյական է։ Այսինքն՝ պարտադիր չէ, ինչ-որ հղումների սեղմել կամ ինչ-որ կասկածելի կայքեր մտնել վարակվելու համար։ Ամենավտանգավորն էլ այն է, որ լրտեսական ծրագրով վարակված լինելիս, օգտատերերը չեն զգում, որ վարակված են։ 

Ըստ փորձագետի՝ գոյություն ունի օրինական շուկա, որտեղ վաճառվում են բազմաթիվ վիրուսային ծրագրեր, Pegasus-ն այդ ծրագրերից մեկն է։ Լրտեսական ծրագրերը վաճառում են պետական կառույցներին, դա շատ մեծ շուկա է։

Pegasus-ն արտադրում է իսրաելական NSO Group ընկերությունը, այն ստեղծվել է նախկին զինվորականների կողմից, որոնք նախկինում աշխատել են այդ ոլորտում։ 

Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ NSO Group-ը հայտնում է, թե ինքը թույլ չի տալիս միջպետաական վարակումներ, այլ լրտեսական ծրագիրն օգտագործում են իրենց երկրում՝ ոստիկանությունը, այլ պետական կառույցներ, բայց ամեն ինչ փաստում է հակառակը։

«Չնայած, որ NSO Group-ը մասնավոր ընկերություն է, իր արտադրանքն Իսրայելում դիտարկվում է որպես ռազմարդյունաբերության ոլորտի երևույթ, և փաստացի, պետությունը պետք է վաճառքի թույլտվություն տա։ Ոչ միայն մենք, քանի որ մենք կարող ենք կողմնակալ դիտվել՝ Հայաստանի փորձագետներս, այլ նաև միջազգային հետաքննության մաս կազմող մի շարք կազմակերպությունների փորձագետներ համարում են, որ Pegasus-ի վարակումներն Ադրբեջանից են եղել։ Պատերազմի ժամանակ սա նշանակում է նաև, որ Իսրայելի կառավարությունը պաշտոնապես թույլ է տվել Ադրբեջանին կիրառել Հայստանում կիբերզենք»,- ասում է Սամվել Մարտիրոսյանը։

Pegasus-ի վարակումը, փորձագետի խոսքով, շատ թանկ արժե։ Մի վարակումը կարող է արժենալ տասնյակ հազարավոր դոլարներ։ 

Հիշելով ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի հեռախոսի՝ պատերազմի օրերին լրտեսական ծրագրով վարակվելու դեպքը՝ Մարտիրոսյանը նշեց, որ պարզվել էր, որ վերջինիս հեռախոսը վարակելու համար ծախսել են շուրջ կես միլիոն դոլար, ու դժվար թե Հայաստանի իշխանությունները ԱԳՆ խոսնակի հեռախոսի տվյալներին տիրապետելու համար նման գումարներ ծախսեին, բացի այդ NSO Group-ը Հայաստանին ծրագիր չի վաճառել։ 

Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ Pegasus լրտեսական ծրագրի կիրառումը առաջին փաստագրված դեպքն է, երբ հակամարտությունների ժամանակ նման կիբերզենք է կիրառվում։

«Սա արտառոց դեպք է, որ Իսրայելի կառավարությունը թույլ է տվել Pegasus կիրառել ռազմական գործողությունների ժամանակ, սա նշանակում է, որ շատ սերտ, գրեթե ինտիմ քաղաքական հարաբերություններ պետք է լինեին, որ այդպիսի թույլտվություն լիներ, քանի որ եղել են դեպքեր, երբ Բելառուսի հետ խնդիր չունենալու համար մերժել են հարևան Էստոնիային վաճառքը»,- նշեց նա։ 

Տեղեկատվական անվտանգության փորձագետը նշեց նաև, որ հրապարակված 12 վարակման դեպքերից բացի, եղել են մարդկանց անուններ, որոնք չեն հրապարակվել, բայց վերջիններիս հեռախոսները ևս ստուգվել են։ Ընդհանուր առմամբ եղել է Pegasus-ով վարակման ավելի քան 50 դեպք։ Նրա խոսքով՝ այս թիվը վերջնական չէ, և սա միայն ներառում է, այն մարդկաց տվյալները, որոնք Apple ընկերությունից ծանուցում են ստացել, հեռախոսում լրտեսական ծրագիր լինելու վերաբերյալ։ 

Ըստ փորձագետի` լրտեսական ծրագիրը վարակում է iOS օպերացիոն համակարգով աշխատող հեռախոսները և Android-ով աշխատող որոշ տեսակներ, բայց մեծ մասամբ կենտրոնացված է «iOS» համակարգի վրա։

Սամվել Մարտիրոսյանը շեշտեց նաև, որ NSO Group-ի դեմ լուրջ գործողություններ է կազմակերպել ԱՄՆ կառավարությունը, իսկ Apple ընկերությունը դատի է տվել NSO Group-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter