HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Պատերազմում զոհված 90 մարդու մասունք նույնականացված է, բայց մինչ օրս հուղարկավորված չէ

44-օրյա պատերազմի հետևանքով զոհված 90 անձի մարմին/մասունք նույնականացված է, բայց հուղարկավորված չէ։ Այս մասին «Հետք»-ին հայտնել են Քննչական կոմիտեից։

Անհետ կորած է 195 մարդ, որոնցից 175-ը զինծառայող է, 20-ը՝ քաղաքացիական անձ։

Քննչական կոմիտեն ավելի վաղ՝ անհետ կորածների ծնողների հետ հանդիպման ժամանակ, հայտնել էր, որ անհետ կորած զինվորականներից 33-ը գերեվարված է։

Առողջապահության նախարարությունը հրաժարվում է տեղեկություն տրամադրել պատերազմում զոհվածների մասունքների վերաբերյալ

«Հետքը» գրավոր հարցմամբ դիմել էր Առողջապահության նախարարություն և խնդրել պատասխանել հետևյալ հարցերին․

  1. 2023թ. մայիսի 8-ի դրությամբ 44-օրյա պատերազմի զոհերի քա՞նի չնույնականացված մասունք կա։
  1. 2022թ. սեպտեմբերին տեղի ունեցած ադրբեջանական ագրեսիայի հետևանքով քա՞նի չնույնականացված մարմին, մասունք կա։
  1. 44-օրյա պատերազմի զոհերի քա՞նի նույնականացված մասունք կա, որ հուղարկավորված չէ, և ո՞րն է պատճառը։
  1. Կա՞ն, արդյոք, մասունքներ, որոնք կրկնակի, եռակի փորձաքննության կարիք ունեն, եթե այո, ապա քա՞նի մասունքի մասին է խոսքը։ Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում։
  1. Կա՞ն մասունքներ, որոնց նույնականացումն անհնար է եղել։ Ինչո՞ւ։ Ի՞նչ քայլեր եք ձեռնարկել։

Չնայած Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ ճեպազրույցներում, Կառավարության նիստերում ժամանակ առ ժամանակ նման տվյալներ հայտնել է, նախարարությունը չի պատասխանել վերոնշյալ հարցերին՝ պատճառաբանելով, թե զինծառայողների և քաղաքացիական անձանց մահվան փաստով Քննչական կոմիտեում հարուցվել են քրեական գործեր, ընթանում է նախաքննություն։ Առողջապահության նախարարությունը մեզ հորդորել է դիմել Քննչական կոմիտե։

Մեր այն դիտարկմանը, որ Առողջապահության նախարարը բազմիցս հայտնել է նման տվյալներ, նախարարի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը պատասխանեց․ «Առողջապահության նախարարի պաշտոնն իրավունք է տալիս տվյալներ հայտարարել, նախարարությունից պաշտոնական ցուցանիշներ դուրս գալու իրավունք չկա, որովհետև դրան տիրապետում է քննչական մարմինը, նախաքննության շրջանակում որևէ տեղեկատվություն տրամադրելու իրավասություն չունենք»։

Անահիտ Ավանեսյանն իր ճեպազրույցներում նշել է, որ կան նույնականացված մասունքներ, սակայն զոհվածների հարազատները հրաժարվում են ընդունել ԴՆԹ արդյունքները։ Նախարարը նաև հայտնել է, որ կան մասունքներ, որոնց նույնականացումն անհնար է եղել իրականացնել։

«Հետք»-ը նույն հարցերն ուղղել է Քննչական կոմիտեին։ Սակայն, բացի չհուղարկավորված մասունքների և անհետ կորածների վերաբերյալ տվյալներից, ՔԿ-ն համարել է, որ մնացած տեղեկությունները հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ են, ուստի մերժել է տեղեկատվության տրամադրումը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter