HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բոլորն ուզում են, որ Արցախը մնա հայկական, բայց ոչ բոլորն են դա պահանջում»․ արցախցի ուսանող

20-ամյա Նարե Ղահրամանյանը Մարտակերտից է։ Սովորում է Ստեփանակերտում՝ Արցախի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում։ Bitty Co-Working համայնքային զարգացման կենտրոնի համահիմնադիրն է։ Համալսարանում միաժամանակ պանելային քննարկումների ակումբի ղեկավարն է։ Ակումբում պարբերաբար կազմակերպում են քննարկումներ՝ Արցախյան հակամարտության, Արցախի զարգացման գործում երիտասարդների, կանանց դերի մասին։

Իր քաղաքական ներգրավվածությունը Արցախում և Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին սահմանափակվում է՝ մի քանի լրատվամիջոցներում լուրերին հետևելով։ 

«Երկրում անորոշություն է, ինչը չի կարող չանդրադառնալ մեր պլանների վրա։ Բոլոր երկարաժամկետ նպատակները անորոշ են։ Չենք կարողանում այդ նպատակներին հասնելու համար հստակեցնել մեր քայլերը։ Ուզում էի մինչև օգոստոսի վերջ անգլերենս լավացնել, որ եկող տարի փոխանակման ծրագրով արտասահմանում սովորեմ։ Բայց հիմա չգիտեմ՝ ինչ անել։ Այնպես չէ, որ թևաթափ եղած եմ։ Իմ ներգրավվածությունը կրթական տարբեր ծրագրերին հիմա ավելի շատ է, քան նախկինում էր։ Բայց միաժամանակ հասկանում եմ, որ հավանականությունը մեծ է առավոտյան վեր կենալու ու պարզելու, որ ինչ-որ փաստաթուղթ է ստորագրվել։ Այդ ժամանակ էլ կախված է՝ Արցախի ժողովուրդը իրեն ինչպես է դրսևորելու»,- նշում է Նարեն։

Նա պատմում է, որ Արցախում ուսանողները ներգրավված են շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների մասին տեղեկատվական հոլովակների պատրաստմամբ, սակայն ըստ Նարեի՝ դրանք շատ օգուտ չեն տալիս, քանի որ այդ հոլովակները միջազգային որևէ հարթակի չի հասնում և սպառվում է միայն արցախցիների կողմից։

«Քաղաքական առումով մեծ հետաքրքրվածություն չկա ուսանողների մոտ։ Ավելի շատ, մի մասը ասում է՝ Արևմուտքն է մեր փրկությունը, մի մասը՝ Ռուսաստանը, մի մասն էլ ասում է՝ «պեն չի մնացալ, էսա մեզ ստղան տուսն անելու»»,- պատմում է Նարեն։

Արցախի ապագայի վերաբերյալ վերջին հայտարարություններից հետո էլ, ասում է, միևնույն է՝ չի կարողանում պատկերացնել իր Արցախից դուրս գալը։

«Երկրի ղեկավարից է կախված բանակցությունների ճիշտ ընթացքը և դրանք ճիշտ ուղղությամբ տանելը։ Նաև կարևոր է՝ ժողովուրդը ինչ է ուզում, ու որ երկրի ղեկավարը և ժողովուրդը լինեն նույն կարծիքին։ Բայց երբ ղեկավարը չի անում այն, ինչ ուզում է ժողովուրդը, վերջինը պետք է ղեկավարին դա պարտադրի։ Մյուս կողմից էլ, ամեն մեկս մեր ուզածը ասում ենք, բայց ձայնը ոչ մեկս չենք կարողանում լսել։ Ու հարցը միայն Արցախի մասին չէ, Հայաստանի մասին էլ է։ Հա, կա ինչ-որ բան, որ բոլորն են ուզում, ինչպես՝ Արցախը պետք է մնա հայկական, բայց բոլորը դա չեն պահանջում ու չգիտեն, թե ինչ քայլերի հաջորդականությամբ դա պետք է լինի»,- ասում է Նարեն։ 

-Որտե՞ղ ես քեզ պատկերացնում հինգ տարուց,- հարցնում եմ ես։

-Ստեղ։ Ես պատկերացնում չում՝ Արցախում չինիմ, ու կարիմ վեչ շարունակիմ էն ամեն հինչը, վեր անում եմ ստեղ,- պատասխանում է Նարեն։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter