HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզումից 1 տարի անց քաղաքապետարանը ճանապարհի ամբողջական շահագործման ժամկետներ չի հայտնում

2022-ի մայիսի 20-ին Ծիծեռնակաբերդի խճուղու մի հատվածը փլուզվել էր, ինչի հետևաքով մի քանի օր ճանապարհը փակ էր։ Հունիսի 13-ին, երբ ճանապարհը նորից շահագործվեց, խճուղու երթևեկության գոտիներից մեկի 2 գիծ ունեցող ճանապարհը դարձել է 1 գծով, ինչն անհարմարություն է ստեղծում վարորդների համար։ Այս փաստն անհանգստացնում էր շատ վարորդների։ Ֆեյսբուքյան «Մի արեք այսպես» խմբում էլ հաճախ են այս թեմայով գրառումներ արվում, քաղաքացիները գրում են, թե ինչ անհարմարություններ է առաջացնում ճանապարհի մասամբ գործելը։  Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզումից 1 տարի անց Երևանի քաղաքապետարանը ճանապարհի վերջնական շահագործման ժամկետներ չի հայտնում։

Երևանի Աջափնյակ փարչական շրջանի բնակիչ Լևոն Հարությունյանը, որը հաճախակի է երթևեկում այդ ճանապարհով, պատմեց մեզ, որ նախորդ տարի Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվական վարչության պետ Լևոն Սարդարյանը խոստացել էր, որ մինչև նոյեմբեր ճանապարհը բաց կլինի, բայց խոստումից անցել է ավելի քան 6 ամիս, ու խնդիրը դեռ չի լուծվել։

«Մինչև փլուզումն էլ, մենք անընդհատ ահազանգում էինք, որ էդ ճանապարհը մի օր կփլվի, քանի որ ակտիվ շինարարություն էր։ Ամենավրդովվեցնողն էն էր, որ խոսք էին տվել, որ մինչև նոյեմբեր պետք է էդ գիծը տան, բայց հիմա էդտեղ էնպիսի մի շինություն են սարքել, որ էդ գիծն անհնար է տան, ու հիմա էդքանից հետո հարց է առաջանում, էդ ոնց ստացվեց էդ փլուզումը։ Մարդիկ իրար մեջ խոսում են, որ դա կանխամտածված էր, որպեզի ընդամենը էդ տեղը տան կառուցապատողին»,- պատմում է Լևոն Հարությունյանը։

«Հետքը» դիմել է Երևանի քաղաքապետարան, որտեղից պատասխան գրությամբ հայտնել են, որ Երևանի քաղաքապետարանում «Սահակյանշին» ՓԲ ընկերության հետ քննարկվել է նշված հատվածի վերականգնողական աշխատանքների հարցը, քննարկվել է նաև Վերածնունդ թաղամասը և «Սահակյանշին» ընկերության բազմաբնակարան բնակելի շենքերը Ծիծեռնակաբերդի խճուղուն միացնող երկրորդական ճանապարհի կառուցման հարցը, որի արդյունքում կթեթևանա նաև Մոնթե Մելքոնյան-Հալաբյան-Կիևյան փողոցների ծանրաբեռնվածությունը։

«Երևանի քաղաքապետարանի կողմից առաջարկվել է «Սահակյանշին» ՓԲ ընկերությանն էսքիզային առաջարկ ներկայացնել Ծիծեռնակաբերդի խճուղում երկկողմանի ճանապարհի վերականգնողական աշխատանքների հարցը շուտափույթ կարգավորելու համար»,- նշված էր քաղաքապետարանի պատասխանում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter