
Շառլ Միշելը կիսվել է Փաշինյան-Ալիև հանդիպման իր սպասումներով
Բրյուսելն ակնկալում է Քիշնևում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունների շարունակություն։ Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Նրա պնդմամբ՝ արցախահայության իրավունքների և անվտանգության վերաբերյալ Բաքվի և Ստեփանակերտի երկխոսությունը հիմա ունի որոշիչ նշանակություն։
Dialogue between Baku and Armenians living in former NKAO on their rights & security is now crucial.
— Charles Michel (@CharlesMichel) May 30, 2023
Important to refrain from maximalist positions and aim for dialogue. After more than 30 years of conflict, wounds take time to heal. Courageous decisions are needed.@EPCMoldova
«Կարևոր է հաստատել միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը և առաջ շարժվել սահմանների սահմանազատման գործում, ինչպես նաև սահմանամերձ շրջաներում ռիսկերի նվազեցման ուղղությամբ»,- գրել է եվրոպացի պաշտոնյան։
Միշելը կողմերին նաև կոչ է արել զերծ մնալ առավելապաշտական դիրքերից և ձգտել երկխոսության։
Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ դեռևս չի համաձայնեցվել փաստաթուղթ, որը կարող էր ստորագրվել հունիսի 1-ին՝ Քիշնևում Եվրոպական քաղաքական համայնքի II գագաթնաժողովի ժամանակ։ Նա հիշեցրել էր, որ Մոլդովայում կկայանա հանդիպում, որին բացի իրենից ու Ալիևից, կմասնակցեն նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր հերթին հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը պետք է իրականացվի Բաքվի պայմաններով։ Ըստ Ալիևի՝ դա նշանակում է, որ պետք է բացվի դեպի Նախիջևան ճանապարհն ու հայկական զինուժը պետք է դուրսբերվի Լեռնային Ղարաբաղից։
Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայության
Մեկնաբանել