HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հայ-ադրբեջանական սահմանին կլինի անձնագրային և մաքսային հսկողություն. ՌԴ փոխվարչապետ

Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի նոր հանդիպումը կկայանա ամենամոտ ժամկետում, կողմերը կքննարկեն նաև հայ-ադրբեջանական սահմանին անձնագրային, մաքսային և հսկողության այլ տեսակների հարցերը։ Այդ մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ 

Նրա խոսքով՝ պայմանավորվածությունը ձեռք է բերվել մայիսի 31-ին։

«Այսօր մենք շատ ենք մոտեցել նրան, որ խոսենք այն մասին, որ մենք կարող ենք վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների ու Նախիջևանի միջև։ Ընդորում նաև Հայաստանն է ստանում հնարավորություն ապաշրջափակման և Նախիջևանի ու Ադրբեջանի տարածքներով դեպի Ռուսաստան, ԵԱՏՄ մյուս երկրներ տեղաշարժի։ Իրավամբ այն որոշումները, որոնք մենք պատրաստում ենք եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում, ունեն, անկասկած, մեծ նշանակություն ողջ Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման և Հայաստանի ապաշրջափակման համար»,- հայտարարել է ռուսաստանցի պաշտոնյան։

Օվերչուկը նշել է, որ հարցերը, որոնք կքննարկվեն առաջիկա հանդիպման ժամանակ, «իրավամբ վերաբերվում են տեխնիկական դետալներին, որոնք կապված են Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի հատման կարգին»։ «Խոսքն այն մասին է, որ այդ սահմանին կգործի անձնագրային և մաքսային հսկողություն, ինչպես նաև հսկողության այլ տեսակներ, որոնք գործում են միջազգային սահմաններին»,- հավելել է նա։

Երկաթուղային հաղորդակցության բացման հարցը քննարկվել էր նաև Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի և Եվրամիության առաջնորդների եռակողմ հանդիպման ժամանակ։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել էր, որ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներն իրենց թիմերին հանձնարարել են աշխատանքներ իրականացնել երկու երկրների միջև երկաթուղային հաղորդակցության բացման ուղղությամբ։

«Հիմա այս հարցում դիրքորոշումները շատ են մոտեցել, հատկապես Նախիջևանի հետ երկաթուղային հաղորդակցության բացման մասով։ Նրանք իրենց թիմերին հանձնարարել են մշակել սկզբունքային համաձայնագիր՝ երկաթուղային հաղորդակցության բացման պայմանների և կոնկրետ գրաֆիկով անհրաժեշտ շինարարական աշխատանքների անցկացման վերաբերյալ։ Նրանք նաև պայմանավորվել են այդ հարցում օգտագործել Համաշխարհային մաքսային կազմակերպության աջակցությունը»,- նշել էր Միշելը։

Լուսանկարը՝ ՀՀ ՄԻՊ գրասենյակի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter