HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

«Նրա ֆիլմերը տարօրինակ են, անբացատրելի, նույնիսկ անկապ, բայց հանճարեղ»․ Սոկուրովի ֆիլմերի ցուցադրությունը՝ ռեժիսորի մասնակցությամբ

«Կա ինչ-որ տարօրինակ ոճ, կան կտորներ, որոնց ես ուղղակի, առանց թաքցնելու, նախանձում եմ, որովհետև երբեք այդպես չեմ նկարի... Սոկուրովը տարօրինակ բաներ ունի՝ անբացատրելի, նույնիսկ հիմար, մի տեսակ անհասկանալի, անկապ... բայց ... հանճար է»։ 

Այսպես է բնորոշել Անդրեյ Տարկովսկին Ալեքսանդր Սոկուրովի դեբյուտային՝ «Մարդու միայնակ ձայնը» ֆիլմը։

Այս ֆիլմը Ալեքսանդ Սոկուրովի և սցենարիստ Յուրի Արաբովի դիպլոմային աշխատանքը պետք է լիներ, 1978թ․՝ Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտում (ՎԳԻԿ)։ Սակայն ունենալով խնդիրներ ղեկավարության հետ՝ Սոկուրովը մեղադրվում է ֆորմալիզմի և հակասովետականության մեջ, իսկ արդեն նկարահանված «Մարդու միայնակ ձայնը» ֆիլմը որոշում են ոչնչացնել։ Այն փրկվում է միայն ֆիլմի օպերատոր Սերգեյ Յուրիզդիցկու շնորհիվ․ նա հասցնում է կինոպահեստից գողանալ ֆիլմի ժապավենները։ 

Ֆիլմը  ցուցադրվում  է նկարահանումից մոտ 10 տարի անց 1987թ․։ Այն արժանանում է Գրան Պրի «Բրոնզե հովազ»՝ Լոկարնոյում (Շվեյցարիա, 1987թ․), Կինոյի դիպլոմ՝ Տորոնտոյի և Օնտարիոյի փառատոնում (Կանադա 1988թ․)։

Ֆիլմի կոմպոզիտորն է Քշիշտով Պենդերեցկին։ Ֆիլմը պատմում է Կարմիր բանակի զինվոր Նիկիտայի մասին, որը հեռավոր գավառի իր տուն է վերդառնում քաղաքացիական պատերազմից։ Պատերազմի սարսափներից հետո դժվար կյանք վերադառնալով՝ տղան սիրահարվում է բժշկականի ուսանող Լյուբային։ Բարոյական, բայց շատ միայնակ մարդկանց սերը անցնում է դժվար ճանապարհ:

«Մարդու միայնակ ձայնը» ֆիլմը Ալեքսանդր Սոկուրովի ֆիլմերի երևանյան մեծ ցուցադրությունների շարքում է։

Հունիսի 9-13-ը Երևանի Կինոյի տանը կայանալու է մեծանուն կինոռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովի մեծ հետահայացը՝ ռեժիսորի մասնակցությամբ: Ռեժիսորը հատուկ այդ ցուցադրությունների համար ժամանելու է Երևան և Կինոյի տան մեծ դահլիճում հանդիպելու է կինոսերների հետ:

Ցուցադրության ընթացքում կկայանա Սոկուրովի «Հեքիաթ» ֆիլմի հայաստանյան պրեմիերան՝ ռեժիսորի վերջին ֆիլմը, որտեղ Ստալինը, Հիտլերը, Մուսոլինին և Չերչիլը հանդիպում են դժոխքում։ 

Ցուցադրվելու են նաև «Մոլոխ», «Ցուլ» և «Մարդու միայնակ ձայնը» ֆիլմերի վերականգնված օրինակները, ինչպես նաև արդեն դասական դարձած «Ոսկե առյուծ» մրցանակի արժանացած «Ֆաուստ» ֆիլմը։

Միջոցառման մանրամասները կարող եք իմանալ պաշտոնական կայքից։

Գլխավոր լուսանկարում՝ Ալեքսանդր Սոկուրովը, 1988 թ․/ ©РИА Новости

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter