HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավստրիացի հայագետի ղեկավարությամբ ուսումնասիրվում է միջնադարյան, այդ թվում՝ հայկական ձիաբուժությունը

34 տարեկան Կեսարը նույնիսկ առանց բառերի, հրահանգների է հասկանում խնամողին՝ ավստրիացի հայագետ, լեզվաբան, ձիագետ Յասմին Դում-Թրագուտին (Jasmine Dum-Tragut)։ Ավստրիական ցեղատեսակի այս ձիերը դիմացկուն են ու ապրում են մինչեւ 40 տարեկան։ Կեսարը պապիկ է համարվում։ Այս մասին խոսելիս պրոֆեսոր Դում-Թրագուտը ժպտում է։ Նա ապրում է ավստրիական փոքր գյուղում։ Կեսարը նրանց ընտանիքի 23 ձիերից մեկն է։

Ավստրիացի հայագետը երկրորդ մասնագիտությամբ ձիաբույժ, ձիագետ է: Ավարտել է Վիեննայի անասնաբուժական համալսարանը։ Հիմնականում աշխատում է ծեր ձիերի հետ, որոնք յուրահատուկ խնամք են պահանջում՝ սկսած կերից։

«Ձիերը նախեւառաջ շատ զգայուն են, շատ հավատարիմ։ Իմ ձին, օրինակ, ամեն ինչ հասկանում է։ Որ ինձ մոտենում, նայում է, միանգամից զգում է տրամադրությունս։ Երբ գալիս եմ, տեսնում է, թե ոնց եմ նայում, երբ տխուր եմ, փորձում է մի քիչ ուրախացնել։ Անասնաբուժական համալսարանում մենք հետազոտել ենք ու հայտնաբերել, որ ձիերի ու նրանց խնամող մարդու սրտերի արագությունը նույնն է։ Պատկերացնո՞ւմ եք»,- ասում է պրոֆեսոր Դում-Թրագուտը, որը նաեւ ձիասպորտով է զբաղվում։

Յասմին Դում-Թրագութը 2000-ականներին միջին հայերենի ուսումնասիրմամբ էր զբաղվում, փնտրում էր միջին հայերենով ձեռագրեր։ Գործընկերներից մեկն ասել էր, որ կա ձիու բժշկարան, որի մասին գրել է արեւելագետ Բաբկեն Չուգասզյանը, ապա նշել, որ ձեռագիրը լավ չի հետազոտվել, եւ Դում-Թրագութը՝ որպես ձիերի մասնագետ, կարող է հասկանալ այն։

Խոսքը 13-րդ դարավերջի «Բժշկարան ձիոյ եւ առհասարակ գրաստնոյ» ձեռագրի մասին է, որը ներկայում պահվում է Մատենադարանում։ Ձեռագիրը Կիլիկյան Հայաստանի Սիս քաղաքում պատրաստել են Ֆարաջ անունով մի ասորի բժիշկ եւ Թորոս անունով մի հայ քահանա: Բ. Չուգասզյանը ժամանակին նկատել է, որ հայերեն աշխատությունը կառուցվածքային ու բովանդակային որոշ ընդհանրություններ ունի արաբերեն եւ պարսկերեն ձեռնարկների հետ, սակայն կան նաեւ բացահայտ տարբերություններ ու հեղինակային միջամտություններ, ինչն, ըստ Չուգասզյանի, ենթադրել է տալիս, որ բժիշկ Ֆարաջը, թերեւս հետեւելով արաբական աղբյուրներին, կազմել է ավելի պարզ ու համառոտ ի՛ր աշխատությունը:

Արաբագետ Մարատ Յավրումյանը, որը Յասմին Դում-Թրագուտի հետ է աշխատում, ասում է, որ Ֆարաջի հեղինակած ձեռագիրը երկու հատված ունի. առաջինը ձիադարմանական կամ անասնաբուժական մասն է, իսկ երկրորդը ձիերին խնամելու մասին է։

Ավստրիացի հայագետն իր հերթին նկատում է, որ ընդհանրապես Հայաստանում ուսումնասիրված չէ ձիագիտությունը, ձիու բժշկությունը, եւ այդ իմաստով Հայաստանը չկա համաշխարհային քարտեզի վրա։ «Երբ խոսում ենք միջնադարյան բժշկարանների մասին, մեր գիտությունը միայն մտածում է, թե կա եվրոպական, լատինական դպրոց, ֆրանսիական դպրոց, վաղ դպրոց, արեւելյան դպրոց, բայց որ հայերն էլ իրենց ժառանգությունն ունեն, ոչ մեկը չգիտի»,- նկատում է մեր ավստրիացի զրուցակիցը։

2022 թ․ գարնանից Զալցբուրգի համալսարանում պրոֆեսոր Յասմին Դում-Թրագուտի ղեկավարությամբ իրականացվում է «Ձիու բժշկարաններ Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ» հետազոտական ծրագիրը։ Դրա հիմքում ձիաբուժության մասին միջնադարյան, այդ թվում՝ հայկական գիտելիքի ուսումնասիրությունն է։

Ավստրիացի պրոֆեսորն ու հետազոտության մասնակիցներից արեւելագետ, արաբագետ, ավագ գիտաշխատող Մարատ Յավրումյանը մայիսի 29-ին ԵՊՀ արաբագիտության ամբիոնում ներկայացրել են համատեղ աշխատանքի առաջին արդյունքները։

Զալցբուրգում նրանց հետո աշխատում է եւս մի գիտաշխատող Վրաստանից: Դում-Թրագուտն ասում է, որ հետազոտական ծրագրում ունեն նաեւ միջնադարյան պատմություն ու գիտությունների պատմություն, որոնք կարեւոր բաղադրիչներ են, իսկ բնագիտական մասը վերաբերում է ձիաբուժությանն ու անասնաբուժությանը: Ծրագրի ամբողջ թիմը բաղկացած է 10-12 հոգուց։

Ձիաբուժության, ձիագիտության մասին մինչ օրս մեզ հայտնի հայկական ամենահին ձեռագիրը նույնպես կազմվել է 13-րդ դարում, բայց ավելի հին է, քան «Բժշկարան ձիոյ եւ առհասարակ գրաստնոյ» ձեռագիրը:

Պրոֆեսոր Դում-Թրագուտը նշում է, որ այդ առաջին ձեռագիրը կորսվել է, սակայն դրա մասին տեղեկություն կա մի հիշատակարանում, որը պահպանվում է Փարիզում գտնվող Ֆրանսիայի ազգային գրադարանում։ Հիշատակարանում ասվում է, որ Կիլիկյան Հայաստանի Հեթում Ա թագավորը 1260-ականներին Բաղդադ է գնացել եւ ոմն բազմալեզու (պոլիգլոտ) սարկավագ Ստեփանոսի արաբերենից հայերեն է թարգմանել տվել տարբեր գրքեր, այդ թվում՝ ձիու բժշկարան կամ ձիու գիրք։ Ավստրիացի հայագետն ասում է, որ գրքի հայերեն թարգմանությունը հավանաբար հետո Կիլիկիա են տարել, բայց այն ավելի ուշ կորսվել է։

7 տարի առաջ էլ ավստրիացի պրոֆեսորին Մատենադարանից հայտնել են, որ 16-րդ դարի մի մեծ բժշկարան են նվեր ստացել, որում նաեւ ձիու բժշկարան կա։ Այս աշխատությունն էլ կազմվել է 1504 թ. Սեբաստիա քաղաքում: Ըստ Դում-Թրագուտի՝ ձիու այս բժշկարանն ընդօրինակված է բժիշկ Ֆարաջի 13-րդ դարի ձեռագրից: Հետաքրքիր է նաեւ, որ 16-րդ դարի Սեբաստիայի ձեռագիրը 18-րդ դարավերջին՝ 1791 թ․, վրաց թագավորի հրամանով թարգմանվել է վրացերեն։

Յասմին Դում-Թրագուտն ասում է, որ հայկական ձեռագրերում կան տեղական՝ հայկական գիտելիքներ, բայց նաեւ ներառված են արեւելյան ու եվրոպական գիտելիքներ:

«Հայաստանը (ոչ միայն Կիլիկիան) ոչ միայն աշխարհագրական, այլեւ մշակութային կետ է, հայերը նաեւ այս գիտելիքների միջնորդներն են եղել Արեւելքի ու Արեւմուտքի միջեւ։ Մեր ունեցած ձեռագրերով միգուցե կարողանանք ապացուցել դա»,- նշում է ավստրիացի գիտնականը:

Նրա խոսքով՝ նախեւառաջ պետք է հասկանալ, թե ինչպես է զարգացել ընդհանուր գիտելիքը ձիաբուժության ասպարեզում։ Դրա տարբեր փուլեր են եղել։ Առաջին փուլը 4-րդ դարից եկող հին հունահռոմեական դպրոցն է, դրանից կտրված եղել են հնդկական ավանդույթները, որոնք բավականին հին են, հասնում են մինչեւ մ.թ.ա. 3-րդ դար, բայց անտիկ Եվրոպա չեն հասել: Արեւելյան դպրոցն են ներկայացնում արաբական ու պարսկական աղբյուրները: Ընդ որում՝ արաբներն օգտվել են թե՛ հունահռոմեական, թե՛ հնդկական գիտելիքներից:

«Մեր ընդհանուր կարծիքն այն է, որ հին հունահռոմեական գիտելիքները կորսվել են Եվրոպայում, բայց արաբները թարգմանել են: Եվրոպայի վերածննդի ժամանակ արաբերենի շնորհիվ վերածնվել են այդ ավանդույթները, բայց, ի տարբերություն մարդկային բժշկության, արաբական գիտելիքները շատ մեծ ազդեցություն չեն ունեցել ձիաբուժության վրա, քանի որ եվրոպական ավանդույթն ինքնուրույն է զարգացել, այսինքն՝ հունահռոմեական հիմքեր եղել են, բայց Եվրոպայի ձիաբուժության դպրոցն ուրիշ է»,- նկատում է պրոֆեսոր Դում-Թրագուտը։

Անցյալ տարի մեկնարկած եւ մինչեւ 2025 թ. ծրագրված հետազոտությունը, ըստ ավստրիացի մասնագետի, օգնում է նաեւ հասկանալ Արեւելքի ու Արեւմուտքի միջեւ գտնվող Հայաստանի դերը ձիաբուժության մեջ: «Հիմա շատ նպատակներ ունենք ոչ միայն ձիաբուժության տեսակետից, այլեւ ընդհանուր առումով կարեւոր է այն, որ գիտության պատմությամբ ենք զբաղվում, որովհետեւ հետաքրքիր է, թե ինչպիսին էին միջմշակութային կապերը, այդ ժամանակվա Հայաստանը կամ Կիլիկիան»,- ավելացնում է Յասմին Դում-Թրագուտը։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter