HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

27 օր` առանց տանիքի. ՆԳՆ-ն և Քննչական կոմիտեն միմյանց վրա են գցում քաղաքացու տան հրդեհն արձանագրելու գործը

Երևանի Կոնդ թաղամասի բնակիչ Արտակ Սարգսյանի հարևանի տանը մայիսի  6-ին հրդեհ է բռնկվել։ Կրակը հասել է նաև Արտակի տանը, այրվել են տանիքը, էլեկտրալարերը։

Դեպքի վայր ժամանած հրշեջներն Արտակին հորդորել են ոչնչի ձեռք չտալ, սպասել հետաքննության արդյունքներին, որպեսզի պարզեն հրդեհի պատճառը։ 

Հրդեհից անցել է մոտ 27 օր, դեպքի վերաբերյալ նյութեր չեն նախապատրաստվել, քրեական գործ չի հարուցվել։ Նա դիմել է Ներքին գործերի նախարարություն, Քննչական կոմիտե, բայց՝ ոչ մի արձագանք։

Հրդեհի օրը Արտակը տանը չի եղել։ «Հարևանս զանգեց, ասեց՝ իմ տանը հրդեհ ա, քո տան կտուրն էլ ա կպել, արի տանդ տեր կանգնի, ես եկա, հրշեջներն արդեն կրակը հանգցնում էին, իմ տվյալները վերցրին, ու ես վստահ էի, որ ինչ֊որ ընթացք են տալու գործին»,-պատմում է Արտակը։

Մի քանի օր անց, տեսնելով, որ փրկարար ծառայությունից, ոստիկանությունից իր հետ կապ չեն հաստատում, Արտակը սկսում է գերատեսչություններին նամակներ գրել՝ ակնկալելով, որ կհաշվարկվի իր կրած վնասն ու փոխհատուցում կստանա։ 

Առաջին նամակը հասցեագրում է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությանը։
Գերատեսչությունից Արտակ Սարգսյանին հայտնում են, որ ՆԳՆ-ն պատճառված վնասի չափը հաշվարկելու գործառույթ չունի։ ՆԳՆ-ից Արտակ Սարգսյանին ուղղորդում են Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային  բաժին։

Այստեղ Արտակին ասում են, որ իրենց նյութեր չեն տրամադրվել, որի հիման ուսումնասիրություն սկսեն և քրեական վարույթ նախաձեռնեն։

«Ինձ շատ մանրակրկիտ բացատրել են, որ եթե ոչ ոք չի բողոքում, Քննչականը գործառույթ չունի իրականացնելու, իր ձեռքի տակ ոչ մի նյութ չունի, որ քննություն անի, բայց ես հիշում եմ, որ առաջ ոստիկանությունը, փրկարար ծառայությունը համատեղ ուսումնասիրում էին հրդեհները, քրեական գործեր էին հարուցվում, վնասի չափ էր հաշվարկվում, ո՞վ պետք է զբաղվի էս հարցերով, ոչ ոք չի՞ ուզում պարզել, թե սա ինչ հրդեհ էր, ինչի պատճառով, ով է մեղավոր, ով պետք է  փոխհատուցի»,-հարցնում է նա։

Քննչական կոմիտեում Արտակին հորդորում են գնալ ոստիկանության բաժին և գրավոր ներկայացնել տեղի ունեցածը։

Արտակը գրավոր նամակներ է ուղարկում ոստիկանություն և Քննչական կոմիտե։

Քննչական կոմիտեից նրան հայտնում են, որ դեպքի առթիվ քրեական վարույթ չի նախաձեռնվել։

«Առերևույթ հանցանքի մասին վկայող պատշաճ հաղորդում Քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանում չի ստացվել, ուստի տվյալ դեպքի առթիվ քրեական վարույթ չի նախաձեռնվել»,-նշված է Քննչական կոմիտեի պատասխանում։

Արտակի հարևանները նրան չեն ասում, թե ինչի հետևանքով է տանը հրդեհ բռնկվել։ Երբ մենք մոտեցանք, որպեսզի զրուցենք նրանց հետ հրդեհի մասին, ասացին, թե աշխատում են, ժամանակ չունեն ու հրաժարվեցին որևէ հարցի պատասխանել։ 

Արտակ Սարգսյանը կնոջն ու երեխաներին ուղարկել է աներոջ տուն։ Ինքն էլ մինչ ուշ գիշեր մնում է աշխատավայրում, քանի որ հրդեհի պատճառով տանը ոչ էլեկտրաէներգիա կա, ոչ՝ գազամատակարարում։ Հնարավոր չէ լուծել տարրական կենցաղային հարցերը։

«Հրդեհային անվտանգության մասին» օրենքով Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, բնակավայրերում և օբյեկտներում տեղի ունեցած հրդեհների վերաբերյալ հաշվառումն իրականացնում են՝ պետական հրդեհային հսկողության մարմինները, պետական կառավարման մարմինները, կազմակերպությունները:

Հաշվառվում են բոլոր հրդեհները՝ անկախ դրանց առաջացման վայրից և հետևանքից, յուրաքանչյուր հրդեհի վերաբերյալ պետական հրդեհային հսկողության մարմնի պաշտոնատար անձի կողմից ղեկավարվող և ոչ պակաս, քան 3 անձից բաղկացած հանձնաժողովը 10 օրվա ընթացքում կազմում է ակտ հրդեհի մասին:

«Հետքը» գրավոր հարցմամբ դիմել է Քննչական կոմիտե և Ներքին գործերի նախարարություն՝ տեղեկանալու, թե ինչու՞ Արտակ Սարգսյանի տան հրդեհի դեպքի առթիվ նյութեր չեն նախապատրաստվել, և ո՞վ պետք է փոխհատուցի քաղաքացու կրած վնասը։

Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից մեզ հայտնել են, որ քաղաքացու կրած վնասի հաշվարկման, ինչպես նաև հրդեհի առաջացման պատճառների վերաբերյալ ՆԳՆ-ն գործառույթ չի իրականացնում, նույն պատասխանը ՆԳՆ-ն տվել էր նաև Արտակ Սարգսյանին։ Քննչական կոմիտեն մեր հարցմանը չի պատասխանել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter