HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պուտինի ձերբակալման վտանգի պատճառով՝ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը Հարավաֆրիկյան Հանրապետությունից կարող է տեղափոխվել Չինաստան

ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների առաջնորդների գագաթնաժողովը, որը պլանավորված է այս տարվա օգոստոսին Հարավաֆրիկյան Հանրապետությունում, կարող է տեղափոխվել Չինաստան։ Reuters գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ պատճառն այն է, որ աֆրիկյան այս երկիրը փորձում է խուսափել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելուց, ինչի օրդերը տվել է Հաագայում Միջազգային քրեական դատարանը։

«ՀԱՀ իշխանությունների կողմից դիտարկվող ամենահավանական տարբերակներից մեկը Չինաստանին խնդրելն է՝ որպես խմբի նախորդ նախագահի, անցկացնել գագաթնաժողովը»,- ասել է այդ երկրի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, որը ցանկացել է անանուն մնալ։

ՀԱՀ արտաքին գործերի նախարար Նալեդի Պանդորի խոսքով՝ այս առումով դեռևս վերջնական որոշում չկա։ Նա հավելել է, որ շուտով կհանդիպեն նախարարները, որպեսզի դիտարկեն գործողությունների տարբերակների վերաբերյալ զեկույցը։

Այս շաբաթ ՀԱՀ նախկին նախագահ Տաբո Մբեկին 702 ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել էր, որ գագաթնաժողովը դժվար թե կայանա Հարավային Աֆրիկայում։ «Մեր իրավաբանական պարտավորությունների պատճառով մենք պետք է ձերբակալենք նախագահ Պուտինին, բայց մենք դա չենք կարող անել»,- ասել էր Մբեկին։

Հունվարի 25-ին Հարավաֆրիկյան Հանրապետությունը Պուտինին հրավիրել էր մասնակցելու ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների առաջնորդների գագաթնաժողովին, որին անդամակցում են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և ՀԱՀ-ը։ Այն պլանավորված է օգոստոսի 22-24-ը Յոհանեսբուրգում։

ՀԱՀ պետական ձեռնարկությունների հարցերով փոխնախարար Օբեդ Բապելան BBC-ին հայտարարել էր, որ երկիրը նախատեսում է ընդունել օրենք, որը հնարավորություն կտա որոշելու՝ արդյոք անհրաժեշտ է այս կամ այն անձին ձերբակալել կամ ոչ՝ Միջազգային քրեական դատարանի օրդերի հիման վրա։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանը «պատշաճ մակարդակով» կմասնակցի ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։

Մայիսի 30-ին հայտնի դարձավ, որ ՀԱՀ ղեկավարությունը դիվանագիտական իմունիտետ կտրամադրի ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների երկու հանդիպումների մասնակիցներին, ներառյալ Վլադիմիր Պուտինին։ Ավելի ուշ, ՀԱՀ իշխանությունները հայտարարություն տարածեցին, որտեղ նշվում էր, որ իմունիտետի խոստումը չի տարածվում Միջազգային քրեական դատարանի ձերբակալման օրդերի հետ կապված իրավիճակի վրա։

Մայիսի սկզբին Sunday Times-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ ՀԱՀ իշխանությունները Վլադիմիր Պուտինին խնդրել են չժամանել այդ երկիր՝ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար։ Պարբերականի տվյալներով՝ ՀԱՀ ղեկավարությունը Պուտինին խնդրել է գագաթնաժողովին միանալ առցանց ձևաչափով։ «Մենք տարբերակ չունենք չձերբակալելու Պուտինին։ Եթե նա այստեղ գա, մենք ստիպված կլինենք նրան ձերբակալել»,- բրիտանական պարբերականին հայտնել էր աղբյուրներից մեկը։

Հաագայում Միջազգային քրեական դատարանը Վլադիմիր Պուտինի ձերբակալման օրդերը տվել էր այս տարվա մարտի 17-ին։ Ռուսաստանի նախագահը մեղադրվում է Ուկրաինայի բռնազավթված տարածքներից Ռուսաստան ուկրաինացի երեխաների անօրինական տեղահանման մեջ։

Դրանից հետո Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան հայտարարեց, որ իշխող կուսակցությունը որոշում է ընդունել Միջազգային քրեական դատարանի իրավասությունից ՀԱՀ դուրս գալու մասին։ Հաջորդ օրը նախագահի աշխատակազմը հերքեց նախագահի այդ խոսքերը՝ անվանելով այն «շփոթմունք»։ Հայտարարության մեջ նշվում էր, որ ՀԱՀ-ը մնում է Հռոմի ստատուտը ստորագրած երկիր և կշարունակի հանդես գալ միջազգային իրավունքի հավասար և հետևողական կիրառման օգտին։

Լուսանկարը՝ Alexei Nikolsky/Kremlin via Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter