HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

«Ոչ մի համալսարան չի նախպատրաստում ձեզ սպասվող ձանձրույթին». Բրոդսկու ուղերձը Դարտմութի շրջանավարտներին

«Ձեզ սպասվելիք կյանքի նշանակալի մասում ձանձրույթն է տիրապետող լինելու: Պատճառը, որ ուզում եմ խոսել այսօր դրա շուրջ, այսպիսի հանդիսավոր առիթով, այն է, որ ես հավատացած եմ՝ ոչ մի հումանիտար համալսարան ձեզ չի պատրաստում այդպիսի դիպվածի, և Դարտմութն էլ բացառություն չէ»,-  հատված Իոսիֆ Բրոդսկու ելույթից (1989թ․ ԱՄՆ, Դարտմութ)։

Այսպես սկսեց Բրոդսկին Դարտմութի համալսարանի շրջանավարտների համար իր հայտնի ելույթը։ Ռուս գրականության խոշոր ֆիգուրներից, բանաստեղծ, Էսսեիստ, թարգմանիչ Իոսիֆ Բրոդսկին այդ ժամանակ 49 տարեկան էր, չուներ ավարտական ոչ մի դիպլոմ, չէր սովորել ոչ մի համալսարանում, 32 տարեկանից հարկադրված հեռացել էր Խորհրդային Միությունից և տեղափոխվել էր ԱՄՆ։ Դասավանդում էր ռուս և անգլիական պոեզիա և ելույթից երկու տարի առաջ արժանացել  էր Գրականության Նոբելյան մրցանակի (1987թ․)։

Բրոդսկին ծնվել է 1940թ․ Լենինգրադում (Սանկտ Պետերբուրգ)։ Բանաստեղծի մանկությունը համընկել է Երկրորդ համաշխարհային պատերազմի արհավիրքների և հետպատերազմական ծանր ժամանակաների հետ։ Բրոդսկին թողել է դպրոցը 15 տարեկանում և սկսել է աշխատել սկզբում ֆրեզերային մեքենաների վրա, ապա՝ հսկիչ։ Աշխատել է դիահերձարանում (ուզում էր բժշկական ընդունվել), երկրաբանական արշավախմբի հետ անցել է Խորհրդային Միության գրեթե ամբողջ տարածքը։ Սկսել է գրել բանաստեղծություններ 17 տարեկանից։ Ակադեմիական կրթության բացերը լրացրել է ինքնակրթությամբ․ ինքնուրույն սովորել լեզուներ՝ լեհերեն, անգլերեն։

60-ականների առաջին կեսին սկսվել են բանաստեղծի նկատմամբ հետապնդումներ, խորհրդային իշխանությունը նրան մեղադրում էր պորտաբուծության և հակասովետական տեքստեր գրելու մեջ։ Բրոդսկուն 5 տարով արտաքսում են Արխանգելսկի մարզ։ Հալածանքներին զուգահեռ Բրոդսկին ակտիվ ստեղծագործել է։

1972 թվականի հունիսի 4-ին բանաստեղծը հարկադրված հեռանում է հայրենիքից։ Մեկնում է Վիեննա, որտեղից էլ տեղափոխվում ԱՄՆ։ Այնտեղ իր ամերիկացի ընկերների՝ հրատարակիչներ Կառլ և Էլենդեա Պրոֆերների աջակցությամբ Բրոդսկին, որ ո՛չ դիպլոմ, ո՛չ դասավանդման փորձ ուներ, սկսում է դասավանդել Միչիգանի համալսարանում։ 

1989թ․-ին հուլիսին արդեն հայտնի գրող, Նոբելյան մրցանակակիր Իոսիֆ Բրոդսկին ելույթ է ունենում անգլերենով Դարտմութի համալսարանի շրջանավարտների առաջ։ Այս ելույթը դարձել է ուղեցույց՝ կյանքի նոր շրջափուլ մտնող երիտասարդների համար։ Ճառ-էսսեն նույն թվականին հրապարակվել է «Dartmouth Alumni Magazine»-ում, այնուհետև վերատպվել է տարբեր ժողովածուներում «In Praise of Boredom» (Գովք Ձանձրույթի) վերնագրով:

Հատվածներ Իոսիֆ Բրոդսկու հայտնի ելույթից․

«Ձեզ սպասվելիք կյանքի նշանակալի մասում ձանձրույթն է տիրապետող լինելու: Պատճառը, որ ուզում եմ խոսել այսօր դրա շուրջ, այսպիսի հանդիսավոր առիթով, այն է, որ ես հավատացած եմ՝ ոչ մի համալսարան ձեզ չի պատրաստում այդպիսի դիպվածի, և Դարտմութն էլ բացառություն չէ...

Ծանոթ լինելով մեզ մի քանի հոմանիշներով՝ թախիծ, տրտմություն, տաղտուկ, մելամաղձ, միապաղաղություն, կսկիծ, անտարբերություն, վհատմունք, թալկություն, քնկոտություն, նվաղում, հուսալքություն և այլն, ձանձրույթը խրթին երևույթ է և, ընդհանուր առմամբ, կրկնողության հետևանք: Ուստիև, կարող էր թվալ, թե լավագույն դարմանը դրա դեմ շարունակական հնարամտությունն ու յուրօրինակությունն են, ասել կուզի՝ հենց այն, ինչին և դուք՝ երիտասարդներդ, և խիզախներդ, կարող էիք ապավինել: Այնինչ, ավա՜ղ, կյանքը ձեզ այդպիսի հնարավորությամբ չի օժտի, քանզի կյանքի հիմնական արտահայտչաձևը հենց կրկնողականությունն է....

Դրանով էլ նա՝ կյանքը, տարբերվում է արվեստից, որի վատթարագույն թշնամին, ինչպես հավանաբար գիտեք, կլիշեն է: Հետևաբար և պակաս զարմանալի է, որ արվեստը ևս անզոր է ուսուցելու ձեզ՝ ինչպես հաղթահարել ձանձրույթը: Այս հարցի շուրջ մի քանի վեպեր են գրվել, ավելի քիչ՝ գեղանկարներ կերտվել, իսկ ինչ վերաբերում է երաժշտությանը, այն տվյալ դեպքում զգալի չափով աննշմարելի է: Իբրև կանոն՝ արվեստը փարատում է ձանձրույթը ինքնապաշտպանական, հեգնական եղանակով: Տաղտուկից՝ կլիշեի այդ էքզիստենցիալ համազորից խույս տալու և արվեստը ձեզ համար մխիթարանք դարձնելու միակ միջոցը ինքներդ արվեստագետ դառնալու մեջ է: Թեպետ, հաշվի առնելով ձեր քանակը, այդ հեռանկարը ևս որքան անհրապույր, նույնքան էլ նվազ հավանական է:

Այնինչ եթե անգամ այս սկզբնափուլից ամբողջ ուժով առաջ նետվեք դեպի գրամեքենաները, կտավակալները և Սթայնվեյ դաշնամուրները, միևնույն է, ձանձրույթից ամբողջովին չեք պատսպարվի: Եթե կրկնությունը ձանձրույթի մայրն է, ապա դուք՝ երիտասարդներդ և համարձակներդ, շուտափույթ կխեղդվեք ճանաչման պակասից և ցածր աշխատավարձից, քանզի երկուսն էլ քրոնիկական են․․

Որքան շատ եք դուք իմանում մեծության սեփական չափերի մասին, այնքան առավել հնազանդ և ավելի կարեկից եք դառնում ձեզնմանների հանդեպ և այն փոշեհատիկի, որ պտտվում է արևաշողի մեջ կամ էլ արդեն անշարժ ընկած է ձեր սեղանին: Ա՜հ, որքա՜ն կյանքեր են այդ փոշեհատիկների բաժին դարձել: Եվ ոչ թե ձեր, այլ հենց փոշեհատիկների տեսանկյունից: Նրանց համար դուք այն եք, ինչ որ ժամանակն է ձեզ համար: Ահա թե ինչու են նրանք այդքա՜ն փոքր: Եվ գիտե՞ք՝ ինչ է ասում փոշին, երբ սեղանի վրայից սրբվելիս է լինում․ «Հիշիր ինձ»,- շշնջում է փոշին»։

Իոսիֆ Բրոդսկի, Դարտմութի  համալսարանի (Dartmouth College) շրջանավարտներին, 1989 թ. հուլիս:

Էսսե-ճառի թարգմանությունն անգլերենից՝ Գևորգ Ճաղարյանի։ Ամբողջական ելույթն՝ այստեղ։

 Գլխավոր լուսանկարում՝ Իոսիֆ Բրոդսկի, Միչիգանի համալսարան, 1972թ․, աղբյուրը՝ Michiganensian

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter