HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքիայում մեկնարկում է Էրդողանի երդմնակալության արարողությունը. կհայտարարվի նաև կառավարության նոր կազմը

Թուրքիայի նախագահական ընտրությունների II փուլում հաղթած Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր՝ հունիսի 3-ին թուրքական խորհրդարանում կտա նախագահի պաշտոնն ստանձնելու երդումը և պաշտոնապես կանցնի իր լիազորությունների իրագործմանը։ Էրդողանն այս պաշտոնն կզբաղեցնի երկրորդ անգամ՝ 2017 թվականին կառավարման խորհրդարանական ձևից նախագահական ձևի անցնելուց հետո։

Նախատեսվում է, որ խորհրդարանում նախագահի երդմնակալության արարողությունը կմեկնարկի Երևանի ժամանակով 15:00-ին։ Նա կկարդա երդման տեքստը, որից հետո հիմնական արարողությունը կավարտվի ու Էրդողանը կայցելի Անըթքաբիր՝ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարան։

Ինչպես սպասվում է Էրդողանի երդմնակալության արարողությանը ներկա կգտնվեն 78 երկրից առաջնորդներ, նախարարներ և այլ ներկայացուցիչներ։ Մոտ 20 նախագահ և վարչապետ այսօր կժամանի Անկարա։ Բացի խորհրդարանում երդմնակալության արարողությունից, ևս մեկ արարողություն էլ կկայանա Բեշթեփե նախագահական նստավայրում։ Մասնավորապես, Էրդողանի երդմնակալության արարողությանը կմասնակցեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, ինչպես նաև Ալժիրի, Ռուանդայի, Վենեսուելայի, չճանաչված Հյուսիսային Կիպրոսի առաջնորդները և այլն։ Օրվա վերջում Էրդողանը տոնական ընթրիք կմատուցի հյուրերի պատվին։

Դիտորդներին և լրատվամիջոցներին ոչ այդքան հետաքրքրում է երդմնակալության բուն արարողությունը, այլ նոր կառավարության կազմը։ Էրդողանը նախատեսում է, որ դրա մասին կհայտարարի խորհրդարանում երդմնակալության արարողությունից անմիջապես հետ։ Թուրքական լրատվամիջոցների տվյալներով՝ կառավարության գրեթե բոլոր անդամները կփոխարինվեն։ Բացառություն կարող են կազմել միայն արտաքին գործերի, պաշտպանության և ներքին գործերի նախարարները, սակայն այս հարցում ևս Թուրքիայի նախագահը դեռևս վերջակետ չի դրել։

Էրդողանն ավելի վաղ հայտնել էր, որ մտադիր չէ մեծացնել նախարարությունների թիվը։ Նույն բանը նա ասել է փոխնախագահների թվի մասին։ Հիմա այդ պաշտոնին միայն մեկ մարդ է։ Ավելի վաղ, գրել էինք, որ նոր կառավարությունում Թուրքիայի փոխնախագահի պաշտոնը կարող է զբաղեցնել թուրքական հետախուզության ղեկավար Հաքան Ֆիդանը, որը կհամակարգի անվտանգության հարցերը։ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը ևս կարող է հայտնվել նոր կառավարությունում։ Ըստ տարբեր տվյալների՝ նա կարող է գլխավորել Արտաքին գործերի նախարարությունը։ Նոր կառավարության կազմում կարող է լինել նաև նախկին փոխվարչապետ և ֆինանսների նախկին նախարար Մեհմեթ Շիմշեքը։ Նա ևս կարող է հավակնել փոխնախագահի պաշտոնին՝ համակարգելով տնտեսական բլոկը։ Չի բացառվում, որ ֆինանսերի նախարարությունը և գանձապետարանը կարող են երկու առանձին գերատեսչություններ դառնալ։ Դրանք, ինչպես նաև Թուրքիայի կենտրոնական բանկը, նոր անձինք կգլխավորեն։

Շիմշեքի անձի հետ, որը քաջ ծանոթ է արևմտյան ֆինանսական համայնքին, շատ քննարկումներ և ենթադրություններ կան։ Մինչև ընտրությունները նա հանդիպել էր Էրդողանի հետ և հասկացրել, որ չի պլանավորում ակտիվորեն մասնակցել երկրի ղեկավարմանը։ Սակայն վերջին շրջանում տեղեկություններ են հայտնվել, որ նա ամեն դեպքում կհամաձայնվի լինել նոր կառավարության կազմում։

Թուրքիայում դեռևս չեն լուծվել տնտեսական հիմնախնդիրները։ Գնաճը կազմում է տասնյակ տոկոսներ, ապրանքները թանկանում են գրեթե ամեն օր։ Թանկանում է նաև անշարժ գույքը, այդ թվում վարձակալությունը։ Երդմնակալության արարողության ժամանակ Էրդողանը կխոսի այս մասին և կհայտարարի, որ կառավարությունը կզբաղվի այդ ճգնաժամով։

Ընդորում, տնտեսության կարգավորման հիմնական բեռը կընկնի ֆինանսական բլոկի վրա։ Հավանաբար, բլոկը ներկայացնող նախարարները ծանր քննարկումներ կունենան Էրդողանի հետ՝ օրինակ առաջարկելով նվազեցնել Կենտրոնական բանկի դրույքաչափերը, որոնք բանկը նվազեցրել էր ողջ աշխարհում դրանց բարձրացման ֆոնին։

Թուրքիան կրկին կփորձի ստանալ օտարերկրյա ներդրողների վստահությունը, երկիր ներգրավել կապիտալ, ինչը հատկապես կարևոր է փետրվարյան երկրաշարժերից հետո 11 նահանգների վերականգնման համար։

Լուսանկարը՝ Associated Press-ի

Մեկնաբանություններ (1)

Աննա
Ըստ «Անադոլուի»՝ երդմնակալության արարողությունը կսկսվի Թուրքիայի ժամանակով ժամը 15։00-ին, ինչը նշանակում է՝ Երեւանի ժամանակով՝ 16։00-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter