HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Էրդողանն ու Սթոլթենբերգը Ստամբուլում կքննարկեն ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի օրը՝ հունիսի 4-ին, Ստամբուլում կընդունի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգին։ Այդ մասին լրագրողներին հայտնել են Թուրքիայի նախագահի աշխատակազմից։ Սթոլթենբերգը նախօրեին մասնակցել էր նաև Էրդողանի երդմնակալության արարողությանը։

Սպասվում է, որ նրանց հանդիպումը կկայանա Դոլմաբահչե ամրոցում, որտեղ գտնվում է Թուրքիայի նախագահի աշխատանքային գրասենյակը։ Հանդիպումը կլինի լրատվամիջոցների համար փակ ռեժիմով։ Այն կմեկնարկի Ստամբուլի ժամանակով 14:00-ին (Երևանի ժամանակով՝ 15:00-ին)։ Կողմերը հիմնականում կքննարկեն Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի անդամակցության գործընթացը։

Թուրքիան շարունակում է արգելափակել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը, մասնավորապես, Ստոկհոլմից պահանջելով արտահանձնել ահաբեկչության մեջ մեղադրվող քուրդ ակտիվիստներին, որոնք այդ երկրում ստացել էին քաղաքական ապաստան։ Ի պատասխան՝ Շվեդիայում պնդում են, որ կատարել են Անկարայի բոլոր պահանջները՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության համաձայնությունը ստանալու նպատակով, իսկ Թուրքիային կոնկրետ անձանց արտահանձման հարցը պետք է որոշի միայն շվեդական դատարանը, քանի որ այն կառավարության իրավասությունների տիրույթում չէ։ 

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ԱՄՆ ռազմաօդային ուժերի ակադեմիայում իր ելույթի ժամանակ խոստացել էր, որ Շվեդիան առաջիկայում կդառնա ՆԱՏՕ-ի անդամ։ Բայդենի խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքը էլ ավելի է ամրապնդվել շնորհիվ Ֆինլանդիայի անդամակցության, որին շուտով կմիանա նաև Շվեդիան։ «ՆԱՏՕ-ն հանդիսանում է առավել ուժեղ և ավելի համախմբված, քան վերջին տասնամյակներին և հիմա այն դարձել է էլ ավելի ուժեղ, երբ Դաշինքին միացավ մեր նոր անդամը՝ Ֆինլանդիան, իսկ շուտով նաև Շվեդիան, որը տեղի կունենա որքան հնարավոր է արագ։ Դա տեղի կունենա։ Ես ձեզ խոստանում եմ»,- հայտարարել էր ԱՄՆ նախագահը։

Լուսանկարը՝ Թուրքիայի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter