HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Շվեդիան կատարել է Թուրքիայի բոլոր պահանջները և ՆԱՏՕ-ին անդամակցելու իրավունք ունի. Սթոլթենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ Շվեդիան, եռակողմ հուշագրի շրջանակներում, կատարել է Թուրքիայի բոլոր պահանջները և իրավունք ունի անդամակցելու ՆԱՏՕ-ին։ Այդ մասին Սթոլթենբերգը հայտարարել է Ստամբուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո, որն ընթանում էր լրատվամիջոցների համար փակ ռեժիմով։

Ինչպես գրում է РБК-ն, հանդիպմանը ներկա են եղել նաև Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներ։

«Շվեդիան կատարել է բոլոր պարտավորությունները։ Ձեռնարկվել են կոնկրետ քայլեր և փոփոխվել օրենքներ։ Ես խոստովանում եմ, որ Շվեդիայում ցույցերը դժվարություններ են ստեղծել։ Հավաքների ազատությունը և ազատ կամարտահայտման իրավունքը պետք է պաշտպանվեն և իրագործվեն։ Սակայն, այդ ցույցերի կազմակերպիչները փորձում են խանգարել Շվեդիային անդամակցել ՆԱՏՕ-ին»,- հայտարարել է Սթոլթենբերգը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև հայտնել է, որ հունիսի 12-ին Շվեդիա-Թուրքիա-ՆԱՏՕ եռակողմ հանդիպում տեղի կունենա, եւ որ Թուրքիան դեռ ժամանակ ունի մինչև ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովը վավերացնելու Շվեդիայի հայտը։ Այն կկայանա հուլիսի 11-12-ը Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում։

Թուրքական կողմը դեռևս չի մեկնաբանել Սթոլթենբերգի հայտարարությունը։ 

Դեռ հունիսի 1-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել էր Թուրքիա այցելելու իր մտադրության մասին, որի նպատակը Էրդողանի հետ Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի անդամակցության հարցի քննարկումն էր։ Նա ասել էր, որ Թուրքիայում նախագահական ընտրությունների ավարտից հետո «կարևոր է վերականգնել երկխոսությունն ու գործընթացը» ու նշել, որ Շվեդիան արդեն ընդունել է ահաբեկչության մասին նոր օրենսդրություն՝ այդպիսով կատարելով Թուրքիայի հիմնական պահանջը։

Ֆինլանդիան և Շվեդիան դեռ 2022 թվականի մայիսին Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության հայտ էին ներկայացրել։ Սակայն հունվարի 21-ին Ստոկհոլմում տեղի ունեցավ բողոքի ակցիա, որի ժամանակ դանիական աջ ծայրահեղական «Կոշտ կուրս» կուսակցության առաջնորդ Ռասմուս Պալուդանը, որն ունի շվեդական քաղաքացիություն, Թուրքիայի դեսպանության մոտ այրեց Ղուրանը։

Դրանից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ Շվեդիան չպետք է Թուրքիայից ակնկալի ՆԱՏՕ-ին իր անդամակցության աջակցություն։ Թուրքական կողմը Ստոկհոլմից պահանջում էր նաև արտահանձնել Շվեդիայում քաղաքական ապաստան գտած քուրդ ակտիվիստներին, որոնց Անկարան մեղադրում էր ահաբեկչության մեջ։

Լուսանկարը՝ Dilara Senkaya/Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter