
Նոր ատոմակայանի հզորության հարցը դեռևս որոշված չէ. այն կարող է 3-5 մլրդ դոլար արժենալ
Հայաստանում կառուցվելիք նոր ատոմային էներգաբլոկի կամ էներգաբլոկների հզորության հարցը դեռևս որոշված չէ: Թե որքան կարժենա այն և ով կֆինանսավորի, չի հայտարարվում, սակայն շրջանառվող տեղեկություններով՝ խոսքը մոտ 3-5 մլրդ դոլարի մասին է:
Ներկայում գործող Հայկական ատոմակայանի ղեկավարությունը, գիտատեխնիկական աջակցություն ցուցաբերող ինստիտուտն ու այս աշխատանքներում ներգրավված ռուսական «Ռոսատոմ» պետկորպորացիան դեռևս քննարկում են նոր էներգաբլոկի հզորության հարցը:
Արդեն հստակ որոշված է, որ Հայաստանը նոր ատոմային բլոկ է ունենալու 2036 թվականից հետո, երբ ներկայում գործող բլոկը շահագործումից դուրս կգա: Երևանում այսօր՝ հունիսի 5-ին, տեղի ունեցած պանելային հանդիպմանը ատոմակայանի, «Ռոսատոմի» ներկայացուցիչներն ու ոլորտի այլ փորձագետներ քննարկում էին ատոմակայանի հետագա ճակատագիրը:
Քննարկվող տարբերակներից մեկը 1000-1200 մեգավատ հզորությամբ բլոկ կառուցելն է: Այս առաջարկը «Ռոսատոմի» կողմից է հնչել: Համեմատության համար՝ ատոմակայանի ներկայում գործող բլոկի հզորությունը 400 մեգավատ է:
«Ռուսատոմ էներգետիկ նախագծեր» ԲԸ-ի գործադիր տնօրեն Իլյա Վերգիզաևը հայտարարեց, որ Հայաստանն ու Ռուսաստանը կայանների կառուցման և շահագործման ընդհանուր կարգավորող դաշտ ունեն: Դա թույլ կտա անխափան անցում կատարել եղած կայանից նորին։
«Ինչ վերաբերում է Հայաստանի տնտեսության վրա ազդեցությանը, ապա շինարարությանը Հայաստանից կներգրավվեն կազմակերպություններ, հետևաբար՝ կայանի արժեքի մի մասը կվերադառնա երկրի տնտեսություն»,- ասաց Վերգիզաևը։
Ըստ նրա՝ ռուսական տեխնոլոգիաներով ատոմակայանը կլինի նոր սերնդի:
Սակայն, ոչ բոլոր փորձագետներն են համարում, որ Հայաստանին այդքան բարձր հզորությամբ ատոմային բլոկ է հարկավոր:
«Այսօր Հայաստանում էլեկտրաէներգիայի ամբողջ պահանջարկն է 1200 մետագավատով բավարարվում: Այստեղ ոչ միայն ատոմային էներգիան է, այլև՝ հիդրոկայանները, արևային էներգիան, ջէկերը: Խոսվեց 1000-1200 մետագավատանոց բլոկի մասին: Ավելի լավ կլիներ ունենայինք, օրինակ, երկու հատ 500-600 մեգավատ հզորությամբ բլոկ: Սակայն, այս պահին այդպիսի միջուկային էներգաբլոկներ չկան շահագործման մեջ, չեն կառուցվում: Իսկ բարձր հզորությամբ ատոմակայանը կարող է գլխացավանք դառնալ երկրի համար: Մենք պետք է բոլոր տարբերակները դիտարկենք և ճիշտ հրամցնենք կառավարությանը»,- «Հետք»-ի հետ զրույցում ասաց «Արմատոմ» ՓԲԸ գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր տնօրեն Վահրամ Պետոսյանը:
Այս ինստիտուտը գիտատեխնիական աջակցություն է ցուցաբերում ատոմակայանին: Վահրամ Պետոսյանը նաև «ՀԱԷԿ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահն է:
Ըստ նրա՝ կառավարությունը սպասում է այս հարցերով ստեղծված հանձնաժողովի վերջնական որոշմանը:
Հայաստանի ատոմակայանը (ՀԱԷԿ), որը գտնվում է Մեծամոր քաղաքում, խորհրդային ժամանակներից մնացած ժառանգություն է։
Ատոմակայանի առաջին էներգաբլոկը գործարկվել է 1976-ին, երկրորդը՝ 1980-ին։ Այժմ գործում է միայն մեկ էներգաբլոկ, որի շահագործման ժամկետը պետք է ավարտվեր 2016-ին։
Տեխնիկական վերազինումից հետո ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգվեց տասը տարով։ Դրանից հետո իշխանությունները մտադիր են ատոմակայանի «կյանքը» երկարացնել ևս 10 տարով՝ մինչև 2036 թվականը:
«Առանց միջուկային էներգաբլոկի Հայաստանը գոյություն ունենալ չի կարող: Մեր երկրի էներգետիկ անվտանգությունը ապահոված կլինենք, եթե ունենանք նոր միջուկային էներգաբլոկ: Մեկ անգամ կանգնեցրել ենք ատոմակայանը, ամբողջ արդյունաբերությունը ոչնչացվեց Հայաստանում: Մնում է ամեն ինչ անել անվտանգ շահագործելու համար: Մեզ անհրաժեշտ է եղած ենթակառուցվածքը ոչ միայն պահպանել, այլև՝ զարգացնել»,- ասում է Վահրամ Պետրոսյանը:
Ըստ նրա՝ ատոմակայանի նոր բլոկի հզորության հարցը պետք է որոշել մոտ ապագայում, որովհետև այն կառուցելու ժամկետը շուրջ 10 տարի է և արդեն պետք է սկսել նախագծման աշխատանքները: «Կարծում եմ՝ մինչև այս տարվա վերջ պետք է որոշում կայացվի»,- նշում է Պետրոսյանը:
Էներգետիկայի հարցերով փորձագետ Արա Մարջանյանի տեղեկություններով, որը նաև այս հանդիպման մոդերատորն էր, ռուսական կողմն առաջարկում է 1000-1200 մեգավատ հզորությամբ էներգաբլոկ կառուցել:
Սակայն, դեռևս պետք է մշակել ճանապարհային քարտեզ և վերջնական որոշում կայացնել՝ ռեակտորի տեխնիկական պարամետրերի հետ կապված։ Նախատեսվում է 2024 թվականի ավարտին և 2025-ի սկզբին սկսել կառուցման աշխատանքները։ Աշխատանքները կտևեն 10-12 տարի:
Նոր էներգաբլոկի արժեքը ատոմակայանի ղեկավարությունը գաղտնի է պահում. շրջանառվող տեղեկություններով՝ 3-5 մլրդ դոլար կարժենա
Թե որքան կարժենա նոր բլոկի կառուցումը, գաղտնիք է: Հայկական ատոմային էլեկտրակայանի տնօրեն Մովսես Վարդանյանը հրաժարվեց պատասխանել այդ հարցին: «Գնահատական կա, որը գտնվում է մեզ մոտ, բայց որպես գաղտնիք առայժմ չեմ կարող ասել»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ֆինանսավորման աղբյուրներին՝ ՀԱԷԿ տնօրենը նշեց, որ ռուս գործընկերների կողմից կան տարբեր առաջարկներ: Ճշտող հարցին՝ արդյոք խոսքը վարկայի՞ն միջոցների մասին է, պատասխանեց, որ կարող են լինել ամբողջությամբ «մերը»՝ պետական միջոցներ, բայցև կարող են լինել ռուսական կողմից:
«Դրանք մեծ գումարներ են, մեր տնտեսության և բյուջեի համար էլ դժվար կլինի»,- ասաց Վարդանյանը:
Փորձագետների շրջանում արդեն իսկ շրջանառվում են տեղեկություններ նոր ատոմային բլոկի արժեքի վերաբերյալ: Ըստ Արա Մարջանյանի՝ նոր բլոկը կարող է արժենալ 3-5 մլրդ դոլար: «Կարող է դրանից բարձր էլ լինել, սակայն այս պահին այդ արժեքն է քննարկվում»,- ասում է փորձագետը:
Ատոմակայանը շահագործող «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ն 100% պետական մասնակցությամբ ընկերություն է։ Արդյոք ռուսական կողմի հավանական ներդրումներից հետո բաժնետոմսեր կանցնե՞ն ներդրողներին, թե՞ ոչ, առայժմ չի հստակցվում: Ատոմակայանի ղեկավարությունը հակված չէ խոսել այս թեմայով, քանի դեռ վերջնական որոշումներ չեն կայացվել:
Նոր ատոմային էներգաբլոկը, ամենայն հավանականությամբ, կկառուցվի գործող ատոմակայանի տարածքում՝ Մեծամորում: Նոր բլոկի կառուցման մտադրությունը կառավարությունը ամրագրել է նաև էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրով։
Ըստ Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) տվյալների՝ 2022 թվականին Հայաստանում արտադրվել է ընդհանուր առմամբ 8.9 մլրդ կՎտժ (միլիարդ կիլովատ ժամ) էլեկտրաէներգիա։ Դրա ամենամեծ մասն ապահովել են ջերմային էլեկտրակայանները (ջէկ)`43.5%-ը։ Հայկական ատոմային էլեկտրակայանը (ՀԱԷԿ) արտադրել է 32%-ը, հիդրոէլեկտրակայանները (հէկ)՝ 21.8%-ը։
Տես նաև՝
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել