Ո՞վ կհամարձակվի դեմ գնալ Արմեն Երիցյանին
Սեյսմիկ պաշտպանության ծառայության աշխատակիցները նամակով դիմել էին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին, պատճենն ուղարկել են նաեւ «Հետքին»: Նրանք հայտնել էին, որ Սեյսմիկ պաշտպանության ծառայությունում տեղի են ունենում բազմաթիվ ֆինանսական խախտումներ: Մանսավորապես' ծառայության պետ Ջավադյան Արամը եւ նրա եղբայրը' ազգային դիտացանցի բաժնի վարիչ Ջավադյան Արսենը, դիտակայաններ գործուղում մեկնելու համար տրվող գումարների դիմաց ստորագրել են տալիս, սակայն չեն վճարում: Բողոքելու դեպքում սպառնում են աշխատանքից ազատել: Գործուղումների ժամանակ բենզինի ծախսերի հավելագրումներ են կատարում, որի դիմաց ստիպում են ստորագրել մարդկանց, որոնք կեղծ գործուղում են մեկնել տվյալ ավտոմեքենաներով: «Նույնպիսի կեղծիք է կատարվում նաեւ ավտոմեքենաների պահեստամասերի գնման եւ տեղադրման ժամանակ: Դիտակայաններում կան ավել հաստիքներ, որոնց վճարները ստանում են ղեկավարները' գլխավոր հաշվապահի հետ միասին»,- գրել էին աշխատակիցները:
«Հետքի» խնդրանքով Նիկոլայ Գրիգորյանն անդրադարձել էր նամակին' տեղեկացնելով, որ Արտակարգ իրավիճակների նախարարության ներքին աուդիտի վարչությունը մինչ այդ արդեն իսկ ուսումնասիրում էր Արամ Ջավադյանի ղեկավարած ՊՈԱԿ-ի ֆինանսատնտեսական գործունեությունը:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը «Հետքի» հրապարակման հիման վրա և հարցի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով դիմել էր նախարար Երիցյանին: Արմեն Երիցյանը պատգամավորին պատասխանել է, որ «Սեյսմիկ պաշտպանության ծառայությունում տեղի են ունենում ֆինանսական խախտումներ» հոդվածն («Հետքը» հոդված չի հրապարակել, այլ տպագրել է աշխատակիցների նամակը-«Հետք») իր մեջ պարունակում է անհիմն ու չճշտված տեղեկություններ. «Ներկայումս «Սեյսմիկ պաշտպանության Արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ում իրականացվում է կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության հերթական աուդիտ, որի ավարտից հետո միայն հնարավոր կլինի ունենալ ֆինանսատնտեսական գործունեության իրական պատկերը»:
Անհասկանալի է, թե ինչու է նախարարը առաջին պարբերության մեջ պնդում, որ տեղեկություններն անհիմն են, եթե դեռևս աուդիտի արդյունքները հայտնի չեն: Ո՞ր աուդիտ իրականացնողը կհամարձակվի նախարարի արտահայտած գնահատականին հակառակ արդյունք ցույց տալ: Արդեն իսկ պարզ է, որ ոչ մի խախտում չի հայտնաբերվելու:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել