HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

«Սոթքի հանքը մասնակի աշխատում է»․ Գեղարքունիքի մարզպետ

Վերջին շրջանում Ադրբեջանի զինված ուժերի կողմից կրակի ինտենսիվությունը զգալիորեն նվազել է, իսկ սահմանամերձ համայնքերի բնակիչները զբաղված են իրենց առօրյա գյուղատնտեսական աշխատանքներով։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

Անդրադառնալով Սոթքի ոսկու հանքավայրի շահագործման հարցին՝ մարզպետը նշեց, որ Սոթքի հանքավայրի բաց հատվածում աշխատանքները պետք է առաջիկա ամիսների ընթացքում դադարեցվեին, սակայն Ադրբեջանի կողմից հրետակոծությունների հետևանքով հանքը շահագործող «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը որոշեց հիմա դադարեցնել աշխատանքները։

Միևնույն ժամանակ, Գեղարքունիքի մարզպետը շեշտեց, որ Սոթքի հանքի փակ հատվածում աշխատանքներ կատարվում են, և հանքը մասնակի գործում է։ Կարեն Սարգսյանը չկարողացավ նշել, թե հանքի մասնակի շահագործման հետևանքով քանի մարդ է հարկադիր պարապուրդի մատնվել, բայց ասաց շուտով քննարկելու են նրանց այլ աշխատանքի տեղավորելու հարցը։

Հիշեցնենք՝ այս տարվա մայիսի 11-ին Ադրբեջանի զինված ուժերը հրետանային և ականանետային միջոցներից կրակ էին բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի, ինչպես նաև հանքավայրի ուղղությամբ։

Ինչ վերաբերում է, Գեղարքունիքի մարզում՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածաքներին և դրա հետևանքով գյուղացիների կրած վնասներին, ապա մարզպետ Կարեն Սարգսյանն ասաց, թե գյուղացիների կրած վնասները գրեթե ամբողջությամբ փոխհատուցվել են, այդ թվում՝ անասուններ կորցրած բնակիչները։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter