HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ինդոնեզիայի նախագահը չի իմացել Ուկրաինայի վերաբերյալ պաշտպանության նախարարի պլանի մասին. The Jakarta Post

Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն պաշտպանության նախարար Պրաբովո Սուբիանտոյից նախապես չի ստացել տեղեկատվություն ուկրաինական հակամարտության կարգավորման ինդոնեզական նախագծի վերաբերյալ։ Այդ մասին հայտնել է տեղական The Jakarta Post-ը։

«Առաջարկը եկել է պարոն Պրաբովոյից։ Ես նրա հետ չեմ խոսել։ Ես այսօր երեկոյան կամ վաղը նրան կհրավիրեմ հանդիպման»,- Վիդոդոյի խոսքերը մեջբերել է պարբերականը։ Սպասվում է, որ հանդիպումը նվիրված կլինի ուկրաինական հակամարտության ինդոնեզական պլանի քննարկմանը։ 

Հիշեցնենք, որ հունիսի 3-ին Ինդոնեզիայի պաշտպանության նախարար Պրաբովո Սուբիանտոն անվտանգության հարցերով «Շանգրի-Լա երկխոսություն» համաժողովի ժամանակ, որն ընթանում էր Սինգապուրում, առաջարկել էր Ուկրաինայում պատերազմի խաղաղ կարգավորման սեփական նախագիծը։ 

Ինդոնեզական խաղաղության բանաձևի հիմնական կետերն են.

  • երկու կողմերից կրակի անհապաղ դադարեցում,
  • ապառազմականացված գոտու ստեղծում։ Յուրաքանչյուր կողմ պետք է իր ընթացիկ դիրքերից հետքաշվի 15 կիլոմետրով,
  • այդ գոտում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայում,
  • ՄԱԿ-ի միջնորդությամբ «վիճելի տարածքներում» հանրաքվեների անցկացում (թե սրանք կոնկրետ որ տարածքներն են, Սուբիանտոն չի մանրամասնել):

Ինչպես TACC գործակալությանը հայտնել էին Ինդոնեզիայում ՌԴ դեսպանությունից, Մոսկվան գնահատում է Ջակարտայի ջանքերն Ուկրաինայում խաղաղության կարգավորմանը նպաստելու ուղղությամբ։ Կիևը հակառակը քննադատել էր ինդոնեզական կողմի առաջարկը՝ պնդելով, որ երկու երկրների միջև չկան վիճելի տարածքներ։ 

«Իրագործելով ագրեսիվ գործողություն՝ ՌԴ-ն բռնազավթել է Ղրիմը, Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժյեի և Խերսոնի մարզերի հատվածներ։ Դա փաստ է, որը գրանցված է ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթղթերում»,- գրել էր Ուկրաինայի ԱԳՆ ներկայացուցիչ Օլեգ Նիկոլենկոն։ Նա նաև հավելել էր, որ երկարաժամկետ խաղաղությունը պետք է ձեռք բերվի միայն Ուկրաինայի տարածքից ռուսական զորքերի ամբողջական դուրսբերման դեպքում։

Լուսանկարը՝ Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter