HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտի և որդու ծնունդը

«Ես գրում էի այս կոնցերտը` կարծես երջանկության ալիքի գագաթին, ուրախության մեջ: Մենք սպասում էինք որդուս ծնունդին, և այս ոգևորությունը, կյանքով հարբածությունը վերածվեց երաժշտության»։ Այսպես է բնորոշել Արամ Խաչատրյանն իր ջութակի և նվագախմբի համար գրված աշխարհահռչակ կոնցերտը:

1940 թ․ կոմպոզիտորն ապրում էր բուռն ստեղծագործական կյանքով, նա 37 տարեկան էր, ամուսնացած էր կոնսերավատորիայում կոմպոզիտորական նույն դասարանում (Նիկոլայ Մյասկովսկու) սովորող Նինա Մակարովայի հետ։ Ամուսինները սպասում էին իրենց առաջնեկին՝ որդուն (Խաչատրյանը առաջին ամուսնությունից ուներ դուստր), և ամռանը՝ երեխայի ծնվելուց մի քանի ամիս առաջ, նրանք տեղափոխվում են մերձմոսկովյան Ստարայա Ռուսայում գտնվող կոմպոզիտորների տուն։ Գեղատեսիլ բնությունից և կյանքի երջանիկ շրջանից ոգեշնչված՝ կոմպոզիտորը որոշում է գրել կոնցերտ ջութակի և նվագախմբի համար, որը դարձավ Խաչատրյանի ամենանշանավոր ստեղծագործություններից մեկը։

«Լավ եմ հիշում 1940 թ․ ամառային այն օրը, երբ Խաչատրյանը եկավ մեր տուն: Նա այնքան տարված էր իր նոր ստեղծագործությամբ, որ անմիջապես ուղղվեց դեպի դաշնամուրը: Նվագելով իրեն հատուկ խանդավառությամբ և ոգևորությամբ՝ նա հիացրեց բոլորիս: Անկեղծ, ինքնատիպ, մեղեդային գեղեցկությամբ, ժողովրդական կոլորիտով լեցուն երաժշտությունն, ասես, կայծկլտում էր: Այս բոլոր հատկանիշները, որոնցով մինչ օրս ունկնդիրներին հաճույք է պատճառում կոնցերտը, այն ժամանակ անջնջելի տպավորություն թողեցին: Պարզ էր, որ ծնվել էր նոր, վառ ստեղծագործություն, որին մեծ կյանք էր սպասվում համերգային բեմահարթակներում: Իմ ջութակին բախտ է վիճակվել այդ կյանքի սկիզբը դնել: Շուտով հեղինակից ստացա կոնցերտի օրինակն ու սկսեցի պարապել»,- այսպես է նկարագրել իր տպավորությունները Դավիթ Օյստրախը, որին նվիրել է Արամ Խաչատրյանը իր ջութակի կոնցերտը։

Պրեմիերան տեղի ունեցավ 1940թ․ նոյեմբերի 16-ին Մոսկվայի Չայկովսկու անվան դահլիճում, դիրիժոր Հաուկի գլխավորությամբ։ Արամ Խաչատրյանի նոր ստեղծագործությունն ունկնդրելու եկածների մեջ էին Դմիտրի Շոստակովիչը, Սերգեյ Պրոկոֆևը, Նիկոլայ Մյասկովսկին։ Հանդիսատեսի վրա վիթխարի տպավորություն գործեց Խաչատրյանի կոնցերտը, օյստրախյան մեկնաբանումը, ստեղծագործության ահռելի էներգիան և վիրտուոզ կատարումը: Հենց պրեմիերայի օրը արդեն պարզ էր ջութակի կոնցերտի ճակատագիրը, շուտով այն համաշխարհային ճանաչում ձեռք բերեց: 

1941թ․՝ Հայրենական մեծ պատերազմի ծանր օրերին, Խաչատրյանի ջութակի կոնցերտը հաճախ էր հեռարձակվում ռադիոյով՝ իր լուսավոր տրամադրությամբ, կենսական էներգիայով, հավատ և հույս ներշնչելով ապագայի նկատմամբ։

Այս տարի երաժշտական աշխարհը նշում է Արամ Խաչատրյանի 120-ամյակը: Նրա երաժշտությունը շարունակում է հնչել աշխարհի ամենահեղինակավոր բեմերից, լավագույն երաժիշտների կատարմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter