
Խուռհատի գործով տուժածների ծնողների մի մասը հրաժարվում է դատարան ներկայանալուց
Ջրականի նորակոչիկների 5-րդ գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի գործով (հայտնի է նաև որպես Խուռհատի գործ, խմբ.) դատական նիստն այսօր հետաձգվեց։ Պատճառն այն էր, որ դատակոչված (դատարան կանչված) անձինք, վկաները առանց հարգելի պատճառների դատարան չեն ներկայացել։
«Բոլորը ծանուցված են, մի մասը հրաժարվում է դատարան ներկայանալ, մի մասը ծանուցագրերը ստանալուց է հրաժարվում»,- հայտնեց դատավոր Ջոն Հայրապետյանը։
Իշխան Վահանյանը մեղադրվում է Խուռհատ սարի վրա պատերազմի ժամանակ նորակոչիկներին միայնակ թողնելու և մարտական դիրքերը լքելու մեջ։ Առաջադրված մեղադրանքը նա չի ընդունում։
Գումարտակի զինծառայողները, մնալով առանց հրամանատարի, նահանջել են Հադրութի մոտակայքում գտնվող Խուռհատ սարից։ Նրանց մեծ մասը, չիմանալով, որ Հադրութը գրավված է, գնացել է այդ ուղղությամբ և զոհվել։
Դատարանը չներկայացած անձանց բերման ենթարկելու որոշում կայացրեց։
Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը նշեց, որ դատարան ներկայանալուց հրաժարվում է նաև զոհվածների ծնողների մի մասը։ Նա դատարանին խնդրեց, որ ոստիկանությունը ծնողների հանդեպ այլ մոտեցում ցուցաբերի։
Դատական հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 14-ին։
Մեկնաբանել