
Ռումինիան կարտաքսի ռուսաստանցի տասնյակ դիվանագետների
Ռումինիան հայտարարել է այդ երկրում Ռուսաստանի դեսպանության ավելի քան 50 աշխատակցի արտաքսման մասին։ Այդ մասին հայտնել է Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունը։
Նշվում է, որ նման մտադրության մասին Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուն արդեն իսկ տեղեկացրել է ռուսական դեսպանին։
Ռումինական իշխանությունների որոշմամբ՝ ՌԴ-ն ստիպված կլինի կրճատել 51 աշխատակցի, որոնց թվում են 21 դիվանագետ, ինչպես նաև վարչատեխնիկական անձնակազմի 30 աշխատակից։ Փաստացի, Ռումինիայում կմնա ռուսաստանցի 11 դիվանագետ և 29 աշխատակից։
Ընդ որում, ռումինական կողմն ընտրությունը թողել է Ռուսաստանին։ Այսինքն՝ Մոսկվան կորոշի, թե որ դիվանագետները կլքեն Ռումինիան։ Ռուսական կողմը նաև տեղեկացվել է, որ ունի ոչ ավելին, քան 30 օր դիվանագետների արտաքսման մասին որոշումն իրագործելու համար։
Ինչպես նշել են Ռումինիայի ԱԳՆ-ում, այդ որոշումը «արտացոլում է երկկողմ հարաբերությունների ընթացիկ մակարդակը, որը կտրուկ իջեցվել է Ռումինիայի կողմից՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության ագրեսիվ պատերազմի մեկնարկից հետո»։
Նախօրեին գրել էինք, որ Ֆինլանդիան էլ որոշում է ընդունել արտաքսելու ռուսաստանցի 9 դիվանագետի։ Հելսինկին ռուսաստանցի դիվանագետներին մեղադրում է ռուսական հատուկ ծառայությունների հետ կապ ունենալու մեջ։
Լուսանկարը՝ File Photo-ի
Մեկնաբանել