
Վլադիմիր Զելենսկին այցելել է Կախովկայի հէկի աղետից տուժած շրջաններ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ այցելել է Խերսոնի մարզ, որը մեծապես տուժել է Կախովկայի հէկի ամբարտակի ավերման պատճառով։
«Բազմաթիվ կարևոր հարցեր. մարզում օպերատիվ իրավիճակ, որը ստեղծվել է աղետի հետևանքով, ջրհեղեղի հավանական գոտիներից բնակչության տարհանում, ամբարտակի պայթեցման հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակի վերացում, հեղեղված տարածքների կենսաապահովման կազմակերպում»,- իր տելեգրամյան ալիքում գրել է Ուկրաինայի նախագահը։
Նա նաև այցելել է այն հատված, որտեղից իրականացվում է հեղեղված տարածքներից բնակչության տարհանումը։ Զելենսկին շնորհակալություն է հայտնել փրկարարներին և կամավորներին, որոնք օգնում են տուժածներին։
Փոխարենը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի պատրաստվում այցելել Խերսոնի մարզի՝ ռուսական ուժերի կողմից բռնազավթված տարածքներ, որոնք դարձյալ տուժել են Կախովկայի հէկի ամբարտակի փլուզումից։ Ինչպես լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Պուտինը նման պլաններ չունի։
Հիշեցնենք, որ հունիսի 6-ին Խերսոնի մարզի բռնազավթված հատվածում ավերվել էր Կախովկայի հէկի ամբարտակը, ինչի հետևանքով Կախովկայի ջրամբարի ջուրը սկսել էր թափվել Դնեպր գետի հոսանքն ի վար։ Հազարավոր մարդիկ ստիպված էին լքել իրենց տները։ Նովայա Կախովկայի՝ Ռուսաստանի իշխանությունների կողմից նշանակված ղեկավար Վլադիմիր Լեոնտևը հայտարարել է, որ մերձափնյա տարածքների հեղեղման հետևանքով Խերսոնի մարզում զոհվել է 5 մարդ։
Լուսանկարը՝ Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության
Մեկնաբանել