
Խաչատրյանի «անհնազանդ զավակը»՝ «Սուսերով պարը»
«Իմ երաժշտական ընտանիքում մի անհնազանդ ու աղմկոտ զավակ կա՝ «Սուսերով պարը» «Գայանե» բալետից։ Ազնվությամբ, եթե ես իմանայի, որ այն այդպիսի հանրաճանաչություն ձեռք կբերի և արմունկներով հետ կմղի մյուս ստեղծագործությունները, ապա երբեք այն չէի գրի»,-ասել է կոմպոզիտորն իր հայտնի ստեղծագործության մասին, որն ակամայից դարձել է իր «այցեքարտն» ամբողջ աշխարհում։
Սուսերով պարի երաժշտութունը կոմպոզիտորը գրել է «Գայանե» բալետի եզրափակիչ ակտի՝ պարային կատարման համար, երաժշտությունը ստացել է համաշխարհային ճանաչում, արվել են հարյուրավոր մշակումներ տարբեր կազմերի և գործիքների համար։ Այս ստեղծագործությունն առանձնացել է բալետից և ապրում է իր առանձին կյանքով։
1940թ.-ին արդեն հայտնի և իր ստեղծագործական վերելքում գտնվող 37-ամյա կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը Կիրովի անվան (Մարիիանյան թատրոն) օպերայի և բալետի թատրոնից առաջարկ է ստանում վերամշակել 1939թ․-ին ազգային երաժշտական թեմաներով գրված իր «Ուրախություն» բալետը։ Կոմպոզիտորը համաձայնվում է։
Նոր ներկայացումը կոչվելու էր բալետի գլխավոր հերոսուհու անունով՝ «Գայանե», լիբրետոյի հեղինակն էր Կոնստանտին Դերժավինը, սյուժեի հիմքում Գայանեի և Արմենի սիրո պատմությունն էր։
Սկսվում է Հայրենական Մեծ պատերազմը ու, չնայած մեծ դժվարություններին, բալետի վրա աշխատանքները շարունակվում են։ Աշնանը Խաչատրյանը Կիրովի անվան թատրոնի թատերախմբի հետ տարհանվում է Պերմ։ «Գայանե» բալետի պարտիտուրան կոմպոզիտորն ավարտում է այնտեղ։
Մոտենում է 1942 թ․-ի դեկտեմբերին նախատեսված ներկայացման պրեմիերան, բալետի փորձերն արդեն ընթանում էին, բայց դրվագը, որը հետագայում հայտնի դարձավ ամբողջ աշխարհին որպես «Սուսերով պար», դեռ պարտիտուրում չկար։
Այս գլուխգործոցը բառացիորեն հայտնվում է «Գայանե»-ի պրեմիերայի նախօրեին. թատրոնի տնօրենն իր մոտ է կանչում Արամ Խաչատրյանին և խնդրում պարի համար երաժշտություն գրել, որը պետք է լինի ներկայացման եզրափակիչ ակտում։ Այս միտքը կոմպոզիտորին դուր չի գալիս, և նա սկզբում կտրականապես մերժում է առաջարկը։ Սակայն, ի վերջո, գրում է մի ստեղծագործություն, որի վրա ծախսում է ընդամենը տասնմեկ ժամ։ Բալետմայստերին փոխանցված պարտիտուրի առաջին էջի վրա բարկացած կոմպոզիտորը մակագրում է՝ «Հանուն անիծյալ բալետի»:
Բալետի պրեմիերայից հետո՝ 1940-ական թթ․-ի կեսերին, «Սուսերով պար»-ը կայծակնային արագությամբ տարածում է գտնում ոչ միայն Խորհրդային Միությունում, այլև ամբողջ աշխարհում։
1948 թ․-ից այն դառնում է հիթ նաև Ամերիկայում. «Billboard» շաբաթաթերթի տվյալներով` այն զբաղեցնում է առաջին հորիզոնականը դասական երաժշտության անվանակարգում։ Նյույորքյան Newsweek ամսագրը 1948թ․-ի համարներից մեկում առաջարկում էր հռչակել «Խաչատրյանի տարի ԱՄՆ-ում»։
«Սուսերով պար»-ի երաժշտությունը լցված է ազգային կոլորիտի վառ գույներով։ Դրանում Խաչատրյանը ցուցադրել է այն խանդավառությունը և էներգիան, որը բնորոշ է ազգային տոնակատարություններին. արագ տեմպը, հստակ ռիթմը, հնչեղ, երբեմն նույնիսկ սուր նվագախմբային հնչողությունն ընդգծում են մարտնչող ժողովրդի ուժը, զենքին տիրապետելու հմտությունը։
Առաջին տակտերից երաժշտությունն ունկնդրի մոտ որոշակի էներգետիկ տրամադրություն է առաջացնում։ Այնուհետև փայտյա գործիքների և քսիլոֆոնի կատարման մեջ ներթափանցում է անզուսպ արևելյան պարային մեղեդին, որն առաջին իսկ նոտայից գերում է։
Կոմպոզիցիայի միջին մասում փոխվում է երաժշտության բնույթը, կոմպոզիտորն այստեղ ուրվագծում է կանացի նրբագեղ կերպար․ թափանցիկ նվագակցության ֆոնին մեղեդին հնչում է՝ ալտերի և թավջութակների կատարմամբ: Հետո վերադառնում է առաջին մասի թեմատիկ նյութը, որտեղ կոմպոզիտորն այնքան հստակ երաժշտական պատկեր է նկարել, որ նույնիսկ առանց պարողներին տեսնելու կարելի է պատկերացնել նրանց խրոխտ շարժումները։
Այս տարի ամբողջ երաժշտական աշխարհը նշում է Արամ Խաչատրյանի 120-ամյակը։ Նրա ստեղծագործությունները շարունակում են հնչել ամբողջ աշխարհում։
Գլխավոր լուսանկարը` songnes.com կայքից
Կարդացեք նաև՝
Մեկնաբանել