HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Հայաստանից Ռուսաստան արտահանումն աճել է 187 %-ով. վերարտահանումը գերակշռում է

2021-ի նկատմամբ 2022-ին Հայաստանը 187 % արտահանման աճ է ունեցել դեպի Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտարարեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Ըստ նախարարի՝ այս դեպքում մեծ մաս է կազմում վերարտահանումը. «Հայկական ծագման ապրանքների արտահանումը 47 տոկոսային կետով է նպաստել»,- ասաց նա։

2022-ի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս նախարարը նշեց, որ զբոսաշրջիկների այցելության մեծ աճ ունենք՝ 90.2 %։

«Ուրախալի է այն, որ միայն Ռուսաստանից չէ, այլ երկրներից նույնպես ունենք բավական մեծ աճ:

Ունենք դրամական փոխանցումների մեծ աճ, որը նաև իր ազդեցությունն է ունեցել դրամի արժևորման վրա: Արդյունքում արձանագրել ենք 12,6% տնտեսական աճ, թեև պետական բյուջեն կազմելիս 2022թ. սեպտեմբերին կանխատեսում էինք 11% աճ, իսկ մեր թիրախն էր 2022-ի համար Կառավարության ծրագրին համապատասխան ունենալ 7% տնտեսական աճ:

Արդյունքում անվանական ՀՆԱ-ն կազմում է մոտավորապես 8,5 տրիլիոն դրամ, 2021-ի փաստացի ցուցանիշից ավել է ավելի քան 1,5 տրիլիոն դրամով»,- ասաց նա։

Նախարարի խոսքով՝ ՀՆԱ-ի աճին ամենաշատը նպաստել է ծառայությունների ոլորտը, սակայն արդյունաբերության, շինարարության ոլորտում նույնպես աճ է գրանցվել։

Գնաճը սկսել է դանդաղել. նախարար

Ֆինանսների նախարարը հայտնեց, որ 2022-ին գրանցվել է գնաճի բարձր մակարդակ, թեև տարվա վերջում գնաճը սկսել է դանդաղել։

«Սա տեղի է ունեցել Կենտրոնական բանկի (ԿԲ) կողմից իրականացված դրամավարկային քաղաքականության հետևանքով։ Արդեն 2023-ին ունենք գնաճի բավականին դանդաղում, որը նույնիսկ ավելի ցածր է, քան ԿԲ-ի թիրախը։

Գործազրկության մակարդակը նվազել է 2,5 %-ով՝ դառնալով մինչև 13 %։ Ունենք իրական աշխատավարձի աճ, որը 8.6 % գնաճի պայմաններում աճել է 6,3 %-ով։

Ունենք օտարերկրյա ուղղակի ներդրումների մեծ ներհոսք, որը կազմել է ՀՆԱ-ի 5,1 %-ը»,- նշեց նախարարը։

Անդրադառնալով ՀՀ պետական պարտքին՝ Վահե Հովհաննիսյանը նշեց՝ այն կազմում է 10 մլրդ 637 մլն դոլար, դրամով՝ 4 տրիլիոն 186 միլիարդ դրամ, դրամով պարտքը նվազել է, իսկ դոլարովը՝ աճել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter