HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Սեւ ամպեր՝ Տիգրան Ավինյանի գլխի՞ն. քրեական վարույթ է սկսվել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի գործով վարույթի նյութերն ուղարկել է Գլխավոր դատախազություն, ինչից հետո նախաձեռնվել է քրեական վարույթ:

Խոսքն այն վարույթի մասին է, որը ԿԿՀ-ն հարուցել էր 2022 թ. դեկտեմբերին: Իսկ դրա պատճառն այն էր, որ Տիգրան Ավինյանը 2022 թ. սեպտեմբերի 23-ին Երեւանի ավագանու կողմից ընտրվել է փոխքաղաքապետ, բայց դրանից հետո մնացել է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» (ԱՆԻՖ) ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում, որը զբաղեցնում է 2019-ից:

Մամուլը, ԱՆԻՖ-ն ու ԿԿՀ-ն տարակարծիք են

Փոխքաղաքապետի ու ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնների համատեղումը տարակուսանք էր առաջացրել հայկական մամուլում նախորդ տարվա աշնանը: Դրանից հետո ԿԿՀ-ն վարույթ էր հարուցել անհամատեղելիության պահանջներն առերեւույթ խախտելու վերաբերյալ:

Մինչեւ ԿԿՀ-ն վարույթ կհարուցեր, մամուլի հրապարակումներին արձագանքել էր ԱՆԻՖ-ը՝ հայտարարելով, թե Ավինյանի կողմից երկու պաշտոնների համատեղումն օրենսդրության սահմաններում է, քանի որ «Հանրային ծառայության մասին» օրենքի համաձայն՝ «հանրային պաշտոն զբաղեցնող անձը (այս դեպքում՝ փոխքաղաքապետ Տ. Ավինյանը - «Հետք») կարող է ընդգրկվել 50 եւ ավելի տոկոս ՀՀ մասնակցությամբ առեւտրային կազմակերպության տնօրենների խորհրդի կազմում, եթե դա ուղղակիորեն առնչվում է իր պաշտոնավարման ոլորտի քաղաքականության իրականացման հետ՝ առանց վարձատրության կամ որեւէ այլ ձեւով փոխհատուցում ստանալու»։ Այս առումով ԱՆԻՖ-ը նշել էր, որ ինքը 100 տոկոս պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպություն է, իսկ տնօրենների խորհրդի նախագահ Ավինյանը վարձատրություն չի ստանում:

Սակայն ամենակարեւոր հանգամանքն այն է, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի պահանջով՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձը կարող է ընդգրկվել նույն ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի կազմում, եթե դա ուղղակի կապ ունի նրա պաշտոնավարման ոլորտի քաղաքականության իրականացման հետ: Երբ 2018-2021 թթ. Տ. Ավինյանը փոխվարչապետ էր, ըստ էության, հակասություն չկար նրա այս պաշտոնի ու ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահ լինելու միջեւ, քանի որ որպես փոխվարչապետ նա համակարգում էր այն ոլորտը, որում գործում է ԱՆԻՖ-ը:

Բայց արդյոք ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահ լինելը որեւէ առնչություն ունի փոխքաղաքապետի պաշտոնի հետ: Ըստ ԱՆԻՖ-ի՝ այո: Ահա թե ինչպես է վերջինս դեռ նախորդ տարվա նոյեմբերին փորձել հիմնավորել այդ առնչությունը. «ԱՆԻՖ-ի ընթացիկ, առայժմ չհայտարարված, ինչպես նաեւ ապագա քննարկվող ծրագրերի մեծ մասը ուղիղ կապ ունի Երեւանի զարգացման ծրագրերի հետ: Այդ թվում են քաղաքացիների շարժունակության, ենթակառուցվածքների, տուրիզմի, սպասարկման, շինարարության, կառուցապատման եւ այլ բնագավառները։ ԱՆԻՖ-ի կողմից իրականացվող ծրագրերի զգալի մասի արդյունավետությունը եւ իրացվելիությունը ուղիղ կապ ունեն Երեւանի քաղաքապետարանի գործառույթների հետ։ Այս պահին քննարկման փուլում են Երեւանում ԱՆԻՖ-ի կողմից նոր ներդրումների ներգրավման մի քանի ծրագրեր, որոնք գտնվում են քաղաքապետարանի անմիջական գործառույթների տիրույթում։ Հետեւաբար, փոխքաղաքապետի կարգավիճակի հետ համատեղությունը ԱՆԻՖ-ի անկախ վերահսկող մարմնում ինչպես չի հակասում օրենքին, այնպես էլ նպաստում է պետության ներդրումային եւ առկա ծրագրերի իրականացման համադրմանը»:

Սակայն ԿԿՀ-ն, ըստ էության, այլ կարծիքի է եղել, ինչն էլ Ավինյանի վերաբերյալ վարույթ հարուցելու հիմք է դարձել: Հանձնաժողովը վարույթ հարուցելու որոշման մեջ մեջբերել է ոչ միայն «Հանրային ծառայության մասին» օրենքի սահմանափակումները, այլեւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի այն դրույթը, որ քաղաքապետի տեղակալները չեն կարող պաշտոն զբաղեցնել առեւտրային կազմակերպություններում:

ԿԿՀ-ն կասեցրել է վարույթը. ինչու՞

2022 թ. դեկտեմբերին հարուցված վարույթի վերջնաժամկետը մինչեւ մարտի 12-ն էր, որը ԿԿՀ-ն երկարաձգել էր եւս մեկ ամսով: Սակայն ապրիլի 12-ին, երբ պիտի պարզ դառնար՝ ի վերջո, Տ. Ավինյանը խախտե՞լ է անհամատեղելիության պահանջները, թե՞ ոչ, Հանձնաժողովն այլ որոշում կայացրեց: ԿԿՀ-ն որոշեց կասեցնել վարույթը: Հանձնաժողովն այդպես էլ չհրապարակեց բուն որոշումը, սակայն ապրիլի 17-ին հայտարարեց. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իր որոշմամբ հիմնավորել է, որ վարույթի շրջանակներում ձեռք բերված նյութերում առկա են տվյալներ, որոնք պետք է ուսումնասիրվեն այլ պետական մարմինների կողմից»: Այս հայտարարությունն ավելի շատ հարցեր էր առաջացնում, քան պարզություն մտցնում:

«Հետքի» առաջին հարցումից հետո ԿԿՀ-ն միայն տրամադրեց իր կայքում տեղադրված այս հայտարարության հղումը, սակայն երկրորդ հարցումով խնդրեցինք տրամադրել վարույթը կասեցնելու բուն որոշումը: Մեր այս հարցումից հետո՝ հունիսի 8-ին (որոշումը կայացնելուց շուրջ 2 ամիս անց), Հանձնաժողովն իր կայքում հրապարակեց այն՝ որոշ հատվածներով փակելով:

ԿԿՀ-ի որոշման բաց հատվածներում, մասնավորապես, նշվում է, որ Տիգրան Ավինյանը «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» (ԱՆԻՖ) ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ է դարձել 2019 թ. հուլիսի 8-ին, երբ ՀՀ փոխվարչապետ էր (2018-2021 թթ.): Հանձնաժողովն ԱՆԻՖ-ից պահանջել է 2019-2023 թթ. իրականացրած ոլորտային ծրագրերի (այդ թվում՝ նախատեսվող ծրագրերի) եւ դրանց վերաբերյալ հաշվետվությունների, ինչպես նաեւ խորհրդի ձեւավորման օրվանից սկսած՝ հրավիրված նիստերի արձանագրությունների պատճենները:

«Վերլուծելով ներկայացված տվյալները՝ Հանձնաժողովի մոտ ձեւավորվել է ողջամիտ կասկած առ այն, որ ընկերության գործունեության ընթացքում հնարավոր է իրականացվել են չարաշահումներ, որոնք պետք է հանդիսանան բազմակողմանի եւ օբյեկտիվ քննության առարկա եւ ստուգվեն քրեադատավարական ընթացակարգերով»,- նշել է ԿԿՀ-ն եւ որոշել Ավինյանի գործով վարույթը կասեցնել, իսկ դրա նյութերն ուղարկել Գլխավոր դատախազություն՝ քրեադատավարական ընթացակարգերի շրջանակնում դրանք գնահատելու, իսկ համապատասխան հիմքերի առկայության դեպքում՝ ընթացք տալու համար: Այս որոշումն, օրենքի պահանջով, ուղարկվել է նաեւ Տ. Ավինյանին:

Քրեական վարույթ է սկսվել

Գլխավոր դատախազությունը, ի պատասխան «Հետքի» հարցման, հայտնել է, որ ԿԿՀ-ից ստացված համապատասխան փաստաթղթերն ուղարկվել էին Հակակոռուպցիոն կոմիտե (ՀԿԿ)՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար: Ապրիլի 22-ին ՀԿԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ ՔՕ 277-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը):

Քրեական օրենսգրքի վերոնշյալ դրույթը սահմանում է. «Հայաստանի Հանրապետության կամ այլ պետության առեւտրային կամ այլ կազմակերպության աշխատողի, արբիտրի, աուդիտորի, պահառուի, կառավարչի կամ նոտարի կողմից օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս այդ կազմակերպության շահերի օգտագործելը կամ իր ծառայողական պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ այնպիսի արարք կատարելը, որը չի բխում իր լիազորություններից կամ դուրս է իր լիազորությունների շրջանակից, որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին, պատժվում է տուգանքով՝ հանցանք կատարած անձի ամսական եկամտի առավելագույնը 20-ապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ 80-150 ժամ տեւողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով»:

Վերադաս դատախազի որոշման հիման վրա քրեական վարույթը Հակակոռուպցիոն կոմիտեից փոխանցվել է Քննչական կոմիտե, որտեղ ներկայում կատարվում է նախաքննություն: Ըստ Գլխավոր դատախազության՝ քրեական վարույթի շրջանակներում որեւէ անձի նկատմամբ դեռեւս չի հարուցվել քրեական հետապնդում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter