
Էրդողանը հայտարարել է Շուշիում Թուրքիայի գլխավոր հյուպատոսություն բացելու պատրաստակամության մասին
Թուրքիան պատրաստ է իր գլխավոր հյուպատոսությունը բացել Շուշիում։ Այդ մասին հունիսի 13-ին, Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ընդլայնված կազմով բանակցություններից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Մենք պատրաստ ենք գլխավոր հյուպատոսություն բացել Շուշիում, երբ դա ցանկանան Բաքվում։ Դա կլինի մեր ուղերձը ողջ աշխարհին, մասնավորապես՝ Հայաստանին»,- հայտարարել է Էրդողանը։
Իր հերթին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ կողմերը քննարկել են նաև էներգետիկ հիմնահարցերը, մասնավորապես՝ Թուրքիայի տարածքով Եվրոպա գազի արտահանումը։ Ըստ նրա՝ եվրոպական կողմը հետաքրքրված է դրա ծավալների մեծացմամբ։
Անդրադառնալով թուրք-ադրբեջանական հարաբերություններին՝ Ալիևը նշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միասնականությունը կարևոր է Հարավային Կովկասի և ողջ թյուրքական աշխարհի համար։ Նրա պնդմամբ՝ երկու երկրները հետևագայում ևս արտաքին քաղաքականությունը կկառուցեն ընդհանուր դիրքորոշման վրա։
Ալիևն անդրադարձել է նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, որով Բաքուն իր արևմտյան շրջանները ցանկանում է Հայաստանի տարածքով կապել Նախիջևանին։ «Որքան արագ բացվի միջանցքը, այնքան լավ։ Մենք կուժեղացնենք աշխատանքներն այս ուղղությամբ»,- հայտարարել է նա։
Իր հերթին Էրդողանը ևս խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Ըստ Թուրքիայի նախագահի՝ դրա շուտափույթ բացումը «մեծ ներդրում կլինի թուրք-ադրբեջանական կապերի ամրապնդման մեջ»։ «Կարևոր է ինչպես ավտոմոբիլային, այնպես էլ երկաթուղային հաղորդակցությունը Նախիջևանի և Իգդիրի միջոցով, ինչը հնարավորություն կտա ամրապնդել Թուրքիայի հետ կապերը»,- ասել է Էրդողանը։
Հիշեցնենք, որ հունիսի 12-ի ուշ երեկոյան Էրդողանը, նախագահի պաշտոնում մայիսի 28-ին վերընտրվելուց հետո, իր առաջին արտասահմանյան այցն է կատարում Ադրբեջան։ Էրդողանի գլխավորած պատվիրակությունը բազմամարդ է։ Նրան ուղեկցում են կինը՝ Էմինե Էրդողանը, արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Ալփարսլան Բայրաքթարը, Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը, տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքը, Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցությունների բաժնի ղեկավար Ֆահրեթին Ալթունը և պաշտպանական արդյունաբերության բաժնի ղեկավար Հալուք Գյորգյունը։
Լուսանկարը՝ Anadolu գործակալության
Մեկնաբանել