HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտոնությունների շքերթ ՏՏ ոլորտում

Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի 2700-ից ավել կազմակերպություններ ունեն հարկային արտոնություն, շահութահարկը` 0%, եկամտահարկը` 10%։ Այս արտոնության հետևանքների վերլուծությունը բյուջեի և բիզնես միջավայրի վրա Կառավարությունը չի արել։

Բացի այդ, Կառավարությունը 10 միլիարդ դրամ է հատկացրել ՏՏ ոլորտի այն ընկերություններին, որոնք տուժել են տարադրամի տատանումից: Գումարը արդեն տրված է մի շարք ընկերությունների, որոնց անունները և տրված գումարի չափը գաղտնի է պահվում։

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունն արտոնություն տալու նոր նախագիծ է ներկայացրել, ըստ որի` ՏՏ ոլորտի այն ընկերությունները, որոնց իրացումների առնվազն 80 տոկոսը արտերկրից է, ստանում են զգալի հարկային արտոնություն։ Նրանց աշխատակիցների համար եկամտահարկը սահմանվում է 5 տոկոս։ Արտոնությունը տրվում է արտարժույթի տատանումների հետևանքը կոմպենսացնելու համար։ Նախագծում նշված է, որ արդյունքում բյուջեի մուտքերը կրճատվելու են։

Եթե այս նախագիծը օրենքի ուժ ստանա, այն ընկերությունները, որոնք աշխատում են ներքին շուկայի համար, և այն կազմակերպությունները, որոնք ունեն ՏՏ մեծ ստորաբաժանումներ, մեծ խնդիրների առաջ կկանգնեն, շատերի համար անհաղթահարելի խնդիրների։

Եթե հիմա տարբեր կազմակերպությունների մեջ աշխատավարձերի ինչ-որ հավասարակշռություն կա, ապա մի խումբ կազմակերպությունների աշխատակիցների աշխատավարձերը 15 տոկոսով բարձրացնելը էապես կփոխի վիճակը։ ՏՏ մասնագետների հեղեղանման արտահոսք կսկսվի դեպի արտոնյալ կազմակերպություններ։

Զգալի խնդիրներ կառաջանան ՀՀ բանկային ոլորտում, որովհետև բանկերը ունեն մեծ ՏՏ ստորաբաժանումներ։ Նույնիսկ եթե բանկերը ունենան անհրաժեշտ ֆինանսական միջոցներ, դժվար կլինի միայն մի առանձին բաժնի աշխատավարձերը բարձրացնել 15 տոկոսով։

«Հայկական Ծրագրեր» ընկերության բանկային համակարգերը ներդրված են և սպասարկվում են ՀՀ բանկային ոլորտի 58 կազմակերպություններում, որոնք գտնվում են ՀՀ ԿԲ վերահսկողության տակ։ Որպեսզի մենք կարողանանք շարունակել բնականոն սպասարկումը, ապա սպասարկման գները պետք է բարձրացնենք 20-22 տոկոսով։ Դա մեծ լարում կառաջացնի մեր և պատվիրատուների հարաբերություններում։

Մեր հաշվապահական և առևտրական համակարգերը ներդրված են մոտ 10 500 կազմակերպություններում, որոնց զգալի մասին նաև սպասարկում ենք։ Մենք ստիպված ենք լինելու բարձրացնել նաև նրանց սպասարկման գները։ Այդ կազմակերպությունների թվում են մոտ 1 800 հանրային կազմակերպություն, այդ թվում՝ մարզային, գյուղական դպրոցներ, բուժկազմակերպություններ և այլ փոքր կազմակերպություններ, որոնց համար 20-22 տոկոս թանկացումը զգալի է լինելու։

Փաստացի արտերկրի համար աշխատող ընկերությունների լրացուցիչ հարկային արտոնությունները զգալի ծախսեր են առաջացնելու Հայաստանի կազմակերպությունների համար։

Ցանկացած բիզնես ունի իր ռիսկերը։ Գործարարի՛ խնդիրն է իր ռիսկերի կառավարումը։ Նա՛ է իր, ինչպես շահույթների, այնպես էլ կորուստների տերը։ Եթե Կառավարությունը կոմպենսացնում է մի խմբի կորուստները, ապա հավասար մոտեցման սկզբունքը պահանջում է, որ նաև կոմպենսացնի մյուս բոլոր բիզնեսների բոլոր կորուստները։ Սա պարտադիր պայման է։

Կառավարությունը պետք է գիտակցի, որ բարենպաստ բիզնես միջավայրի ամենակարևոր պայմանը կայուն խաղի կանոններն են։ Բիզնես միջավայրը խառնելու Էկոնոմիկայի և ԲՏԱ նախարարությունների խելահեղ ակտիվությունը, անհնար է դարձնում Հայաստանում բիզնես վարելը։ ՀՀ տնտեսության թվայնացման գործում մեր ընկերության կարևորությունը գիտակցելով հանդերձ՝ մենք սկսել են դիտարկել ներքին շուկայում աշխատելը դադարեցնելու և արտերկրի նախագծերի վրա աշխատելու տարբերակը։ Այդպես մենք և՛ ավելի մեծ շահույթ կունենանք, և՛ ավելի հանգիստ կյանք։

Ամփոփելով՝ այս նախագիծը շատ վնասակար է Հայաստանի տնտեսության համար։ Ամեն ինչ պետք է անել, որ նախագիծը արժանի գնահատական ստանա և կյանք չմտնի։

Աշոտ Խաչատրյան

«Հայկական Ծրագրեր» Ընկերության նախագահ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter