HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

ՏՏ ոլորտին աջակցելու որոշումից վեց ամիս անց չեն հայտարարվում անունները. 321 հայտ հաստատվել է

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը  ՏՏ (տեղեկատվական տեխնոլոգիաներ) ոլորտի կազմակերպություններից պետական աջակցության 510 հայտ է ստացել։ Նրանցից 321-ը համապատասխանել է աջակցության պահանջներին։ Այս մասին «Հետք»-ի հարցմանն ի պատասխան նշել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղար Նարեկ Մելքումյանը։

Դեռևս 2022 թվականի դեկտեմբերի 1-ին՝ կառավարությունը որոշում ընդունեց պետական աջակցություն տրամադրել ՏՏ ոլորտում գործող կազմակերպություններին։ Աջակցության անհրաժեշտությունը  բացատրվեց ընկերությունների կրած վնասներով, որոնք առաջին հերթին դոլարի նկատմամբ ՀՀ դրամի արժևորման հետևանքով են առաջացել։ 

Արդեն մոտ վեց ամիս է անցել այս որոշումից, սակայն նախարարությունը մեր հարցումների պատասխաններում այդպես էլ չի տրամադրել ընկերությունների ցանկը, որոնք ստացել կամ ստանալու են պետական աջակցություն։ 

Առաջին անգամ այս տարվա փետրվարի 20-ին ենք դիմել կառավարություն ու նախարարություն՝ խնդրելով տրամադրել աջակցություն ստացած ընկերությունների ցանկը։ Պատասխանել էին, որ հայտերը դեռևս ուսումնասիրվում են։  

Ապրիլի 12-ին ևս դիմել ենք նախարարություն՝ հասկանալու արդյո՞ք ավարտվել է հայտերի ուսումնասիրությունը և եթե այո, ապա՝ ովքե՞ր են ստացել աջակցություն և ի՞նչ չափով։ 

Նախարարությունից 30-օրյա ժամկետ սահմանեցին այդ հարցմանը պատասխանի համար՝ «ելնելով բարձրացված հարցերը ավելի հանգամանալից ուսումնասիրելու անհրաժեշտությունից»։ 

30-օր անց միայն պատասխանել են, որ պետական աջակցության 510 հայտերի ուսումնասիրության արդյունքում 321-ը համապատասխանել են կարգով սահմանված պահանջներին։ Ու չնայած, որ ընտրված կազմակերպություններն արդեն հայտնի են՝ նախարարությունը կրկին  անուններ չի նշում։

«Աջակցության տրամադրման վերաբերյալ ծանուցումները ստորագրման և առաքման փուլում են, ինչին զուգահեռ ընթանում են նաև պայմանագրերի կնքման աշխատանքները, ուստի դիմումով հայցվող տեղեկատվությանը հնարավոր կլինի անդրադառնալ վերոնշյալ աշխատանքների ավարտից հետո»,- պատասխանել է Նարեկ Մելքումյանը։

Մելքումյանի պատասխանից կարելի է ենթադրել, որ ընկերությունները դեռևս չեն ստացել աջակցություն։ Մինչդեռ կառավարությունը որոշումն ընդունել է վեց ամիս առաջ՝ համարելով, որ ՏՏ ոլորտն ունի դրա կարիքը։ Սակայն, միայն հայտերի ուսումնասիրությունն ու փաստաթղթաշրջանառությունը կես տարի է տևում պետական մարմնում։

Հիշեցնենք, որ այս աջակցության համար սահմանվել են ցուցիչներ, որոնց համաձայն ՏՏ ընկերությունները կարող են պետական աջակցություն ստանալ։ Դրանցից մեկն այն է, որ աջակցություն կստանան այն ընկերությունները, որոնք 2022թ. հունիսից հոկտեմբեր ամիսներին իրենց աշխատակիցներին վճարվող աշխատավարձային ֆոնդը չեն կրճատել 20 %-ից ավելի։

Նախնական գնահատականներով՝ աջակցության ընդհանուր ֆոնդը կկազմի 10 մլրդ դրամ։ 

Գլխավոր լուսանկարում՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը

Տես նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter