HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

10 մլրդ դրամը դեռևս չի փոխանցվել ՏՏ ընկերություններին. կառավարություն

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը դեռևս ուսումնասիրում է ՏՏ ընկերությունների հայտերը՝ կապված այս ոլորտին տրամադրվելիք 10 մլրդ դրամ աջակցության հետ։ Նախարարությունից «Հետք»-ի հարցմանն ի պատասխան վստահեցնում են, որ կազմակերպություններին պետական աջակցության գումարները դեռևս չեն փոխանցվել։

2022թ. դեկտեմբերի 1-ին կառավարությունը որոշում է ընդունել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին»։ 

Սահմանվել են ցուցիչներ, որոնց համաձայն ՏՏ ընկերությունները կարող են պետական աջակցություն ստանալ։ Դրանցից մեկն այն է, որ աջակցություն կստանան այն ընկերությունները, որոնք 2022թ. հունիսից հոկտեմբեր ամիսներին իրենց աշխատակիցներին վճարվող աշխատավարձային ֆոնդը չեն կրճատել 20 %-ից ավելի։

Կառավարության նիստին հայտարարվել է, որ տրամադրվող աջակցության չափը, ընդհանուր առմամբ, կկազմի 10 մլրդ դրամ՝ ըստ նախնական գնահատականների։ 

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին աջակցություն տրամադրելու անհրաժեշտությունը կառավարությունը բացատրեց ընկերությունների կրած վնասներով, որոնք առաջին հերթին դոլարի նկատմամբ ՀՀ դրամի արժևորման հետևանքով են առաջացել։ ՏՏ ընկերությունները, որոնք ծառայություններ են մատուցում արտասահմանյան գործընկերներին, արտարժույթով են եկամուտներ ստանում, հետևաբար, նրանց եկամուտը արժեզրկվել է 2022 թվականին։ Նրանք Կառավարությունից աջակցություն էին ակնկալում՝ այդ ռիսկերը կառավարելու առումով։

«Հետք»-ը երեք շաբաթ առաջ (փետրվարի 20-ին) գրավոր հարցում է ուղարկել կառավարություն՝ խնդրելով տրամադրել այն ընկերությունների և անհատ ձեռնարկատերերի ցանկը, որոնք աջակցություն են ստացել այս ծրագրի շրջանակներում: Ինչպես նաև՝ թե որքան աջակցություն է նրանց տրամադրվել։ Հարցումն ուղարկվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ, որտեղից հասցեագրվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն։ 

Մինչև գրավոր պատասխանը՝ կառավարությունից մեզ բանավոր փոխանցել էին, որ մերժում են տրամադրել աջակցություն ստացողների ցանկը։ Ի պատասխան՝ նշել ենք, որ մերժման պարագայում «Հետք»-ը մտադիր է դատական կարգով ստանալ այդ ցանկը։ 

Եվ միայն մարտի 13-ին՝ երեք շաբաթ անց, նախարարությունից ստացվել է պատասխան, որ դեռևս հայտերը ուսումնասիրվում են։

Աջակցությունը, որը տրամադրվել է պետական բյուջեից, ենթակա է հաշվետվողականության։ Հարկատուների գումարները ծախսելու թափանցիկությունը ապահովելու համար կառավարությունը պարտավոր է հրապարակել նշված ցանկը։ Մեզ ուղարկված պատասխան նամակում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից նշում են, որ հրապարակելի տվյալները հասանելի կլինեն ամփոփելուց հետո։ Սակայնչեն նշվում ինչպես ժամկետներ, այնպես էլ՝ մանրամասներ, թե որ տվյալներն են այս դեպքում համարվում հրապարակելի։

Գլխավոր լուսանկարում՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը

Տես նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter