HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

Փոքրիկ քայլերի արվեստը․ Էջմիածնում մեկնարկել է ամենամյա երաժշտական մրցույթ-փառատոնը

Հունիսի 1-ից Էջմիածնում սկսվել է «Փոքրիկ Քայլ» մանկապատանեկան երաժշտական մրցույթ-փառատոնը։ Այն կտևի մինչև հունիսի 20-ը։ Փառատոնը տեղի է ունենում Մակար Եկմալյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի մեծ համերգասրահում, այս տարի մրցույթն անցկացվում է արդեն 4-րդ անգամ։ Հայաստանի բոլոր մարզերից և արտերկրից ընդհանուր 1700 մասնակից ելույթ է ունենալու 12 անվանակարգում։ Մրցույթի նպատակն է բացահայտել տաղանդավոր երեխաներին և օգնել դեպի մեծ բեմեր տանող ճանապարհին։ Փառատոնը նպատակ ունի նաեւ օժանդակելու սահմանամերձ շրջաններում գործող երաժշտական եւ արվեստի դպրոցներին՝ նոր երաժշտական գործիքներով համալրելով վերջիններիս գույքը։

«Փոքրիկ Քայլ» մրցույթ-փառատոնի հիմնադիրներն են «Արտպրոգրես» մշակութային հասարակական կազմակերպությունը և Էջմիածնի համայնքապետարանը։ Այն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ 

«Այս տարվա մրցույթը տարբերվում է մյուսներից նրանով, որ հավակնում է դառնալ միջազգային։ Չորրորդ անգամ անցկացվող միջազգային մրցույթ-փառատոնին մասնակցելու հնարավորություն ունեն ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև արտերկրում գործող երաժշտական և արվեստի ուսումնական հաստատություններում, երաժշտական խմբակներում կրթություն ստացող մինչև 20 տարեկան անհատ կատարողներ և երաժշտական խմբեր։ Այս տարի ժյուրիում կա նաև արտերկրից հրավիրված հյուր»,- պատմեց «Փոքրիկ Քայլ» մրցույթ-փառատոնի հիմնադիր, «Արտպրոգրես» ՀԿ-ի նախագահ Արտյոմ Հարությունյանը։

Հունիսի 10-ին տեղի ունեցան Լարային նվագարաններ (ջութակ, թավջութակ, ալտ, կոնտրաբաս, տավիղ) անվանակարգի լսումները: Ժյուրիի նախագահը ջութակահարուհի՝ «Արտիմա» միջազգային մշակութային ասոցիացիայի նախագահ (Փարիզ, Ֆրանսիա) Մարիա Քրիստիանին էր: Ժյուրիի մյուս անդամներն էին անվանի ջութակահար և դասախոս (Հայաստան, Իսպանիա) Հայկ Մանուկյանը և ջութակահար Արամ Ասատրյանը։

Լարայինների լսումներից հետո, արդյունքների, երաժշտական մրցույթների, երաժիշտների վրա դրանց ազդեցության մասին խոսել ենք ժյուրիի անդամ Հայկ Մանուկյանի հետ․

«Այսօրվա ելույթների մեջ մի քանիսը շատ տպավորեցին․ մի աղջիկ կար, էնպիսի գեղեցիկ ձայնով նվագեց Կլոդ Դեբյուսի, շշմելու բան էր։ Մի տղա էլ կար, որ շատ դուրս եկավ․ Բելա Բարտոկ էր նվագում, լրիվ երաժշտության, նվագի մեջ է։ Փոքրիկների լարային ջութակների քառյակը Բախ էր նվագում, հիացած լսում էինք»։

Խոսելով երաժշտական մրցույթների մասին՝ պարոն Մանուկյանն անկեղծացավ, որ այնքան էլ կողմ չէ դրանց․ «Մրցույթները կարող են ստիմուլ տալ, բայց այն իր վատ կողմերն էլ ունի՝  մրցակցություն, նախանձ, որը երաժշտության հետ կապ չունի։ Աշխարհի լավագույն շատ ջութակահարներ երբեք կոնկուրսների չեն մասնկացել, օրինակ՝ Հեյֆեցը, Շերինգը։ Լավ նվագել ուզելուց ավելի կարևոր է լավ ընկալել երաժշտությունը, խորանալ դրա մեջ, էդ ժամանակ լավը կնվագվի։ Հասարակության մեջ մրցակցությունն է շարժիչ ուժը, բայց երաժշտության մեջ առաջինը լինելու ձգտումը մեկ-մեկ խանգարում է։ Երաժշտությունը պետք է շատ ուսումնասիրես, պետք է սիրես»,- ասում է Հակ Մանուկյանը։

Գլխավոր լուսանկարում՝ «Փոքրիկ Քայլ» մրցույթ-փառատոնի «Գրան պրի» մրցանակի արժանացած ջութակահարների քառյակը՝ Սոնա Հեբոյան, Էմիլյա Թովմասյան, Կալին Հաճճար, Արևիկ Մանուչարյան, դասատու՝ Լիա Քոթանջյանի (Երևանի Ալ․ Սպենդարյանի անվան ԵՄԴ) և Հայկ Մանուկյանի հետ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter