
Սիրիահայության ներգաղթի խնդիրը. ի՞նչ պետք է անի սփյուռքի նախարարությունը՝ բացի «մայկա բաժանելուց» և «Արի տուն» ծրագրից
Այսօր մի խումբ մտավորականներ՝ հրապարակախոս Կարինե Հակոբյանը, երգչուհի Լիլիթ Պիպոյանը, ճարտարապետ Շողիկ Ամիրխանյանը, երաժշտագետ, հեռուստալրագրող Մարգարիտ Թախտաջյանը և նկարչուհի Զարուհի Մուրադյանը, հանդես եկան սիրիահայերին աջակցելու հայտարարությամբ:
Սիրիայում վերջին շրջանում տեղի ունեցող դեպքերի առիթով նրանք իրենց մտահոգությունն ու անհանգստությունն են հայտնում սիրիահայերի անվտագության առնչությամբ, քանի որ այժմ սիրիահայերը գտնվում են վտանգավոր և դժվար պայմաններում:
«Պահանջում ենք կառավարությունից որքան հնարավոր է արագ ստեղծել Սիրիայում ապրող հայության աջակցության աշխատանքների համակարգման խորհուրդ՝ մշակելով արագ արձագանքման գործողությունների ծրագիր»,- նշվում է հայտարարության մեջ:
Մտավորականների խումբը համարում է, որ սիրիահայերին աջակցելու գործում իրենց ակտիվ դերակատարումը պետք է ունենան Հայ առաքելական եկեղեցին, ավանդական այն կուսակցությունները, որոնք գործում են նաև Սիրիայում, «Հայաստան» համահայկական հիմնադրամը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության տարբեր կառույցներ:
«ՀՀ-ն պարտավոր է լինել պետություն, որը միշտ պատրաստ է ընդունել իր զավակներին և ապահովել նրանց անվտագությունը»,- նշվում է հայտարարության մեջ:
Արվեստագետներին մտահոգում է նաև այն հանգամանքը, որ օրեր առաջ դադարեցվել են «Արմավիա» ընկերության չվերթները Սիրիա: Նրանց համոզմամբ՝ չվերթները պետք է վերականգնվեն:
Մ. Թախտաջյանը նշեց, որ Աբխազիան այսօր կազմակերպված ներգաղթ է կատարում Սիրիայից իր երկիր, իր հայրենակիցներին տալիս է քաղաքացիություն, նրանց համար հատուկ կազմակերպում լեզվի դասընթացներ: Մ.Թախտաջյանին զարմանալի է թվում, որ ներգաղթի ծրագիր չի կազմակերպում Հայաստանը, որն այնտեղ մեծ համայնք ունի:
Բանախոսների տվյալներով՝ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն է դիմել 1554 սիրիահայ, նրանցից 300-ը ստացել է ժամանակավոր կացության փաստաթուղթ, իսկ մյուսները դեռ սպասում են:
«Մենք ունենք արտագաղթի մեծ պրոբլեմ: Գոնե այս պահին պետք է սիրիահայության ներգաղթը կազմակերպել պետական մակարդակով»,- հայտարարեց Զարուհի Մուրադյանը:
Նրա կարծիքով՝ քանի որ պարբերաբար բարձրացվում է ազատագրված տարածքներում վերաբնակեցման խնդիրը, ապա սիրիահայերին կարելի է այնտեղ վերաբնակեցնել, սակայն դա պետք է արվի պետկան ծրագրով: Զ. Մուրադյանի խոսքերով՝ սփյուռքի նախարարությունը, «Արի տուն» ծրագրից և «մայկա բաժանելուց բացի», պետք է այլ լուրջ խնդիրներով զբաղվի:
Կ. Հակոբյանը նշեց, որ սիրիահայերի մեծ մասն արդեն երկքաղաքացի է, և տվյալ դեպքում ՀՀ-ն ունի կրկնակի պարտավորություն. սիրիահայերը ոչ միայն մեր հայրենակիցներն են, այլև ՀՀ քաղաքացիներ:
«Իհարկե, կան աշխարհաքաղաքական շահեր, բայց կան նաև ազգային շահեր: Եվ մենք ամեն օր ականատես ենք լինում, որ ՀՀ-ն մոռանում է այդ շատ կարևոր հանգամանքը»,- հայտարարեց Կ. Հակոբյանը:
Մտավորականները նշեցին, որ այժմ ամբողջ աշխարհում այնպիսի իրավիճակ է, որ ոչ միայն սիրիահայերը, այլև այլ երկրների մեր հայրենակիցներ կցանկանան վերադառնալ Հայաստան: Այդ պատճառով էլ անհրաժեշտ է պետական մակարդակով այդ հարցը լուծել. կազմել համապատասխան ծրագիր կամ կառույց, որը կզբաղվի ներգաղթի խնդիրերով:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել