HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Թմրանյութերի դեմ պայքարի ձևն ու գործիքակազմը պետք է փոխել. ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյան

«Թմրանյութ հայտնաբերած ոստիկանին պարգևատրելու իմ առաջարկության իմաստը և նպատակն այն էր, որ ենթադրյալ հանցագործներն, ովքեր վաճառում են թմրանյութ մեր քաղաքացիներին, իմանան, որ ոստիկանները մեծ պարգև են ստանալու իրենց հայտնաբերելու դեպքում, դրանով իսկ մեկ անգամ ևս մտածեն թմրամիջոց վաճառելուց առաջ»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովում Հայկ Սարգսյանն առաջարկեց թմրանյութ հայտնաբերած ոստիկանին 500 հազար դրամ պարգևավճար տալ։

Ըստ պատգամավորի՝ ոստիկանները կոգևորվեն, ինչպես նաև՝ կունենան լրացուցիչ ֆինանսական միջոցներ, որոնք «կօգտագործեն թմրանյութ վաճառողներին հայտնաբերելու համար, կլիցքավորեն իրենց մեքենաները, կայցելեն զվարճանքի կասկածելի վայրեր, կկատարեն օպերատիվ այլ աշխատանք»։

Լրագրողի հարցին՝ այդ ամենը պարգևատրմա՞մբ են անելու՝ Սարգսյանը պատասխանեց․ «Այո, նրանք կարող են այդ գումարն օգտագործել»։

Նրա խոսքով՝ թմրանյութերի ազդեցության ներքո բազմաթիվ այլ հանցագործություններ են տեղի ունենում՝ սպանություններ, դանակահարություններ, գողություններ, վթարներ։ Թմրանյութի վաճառքը հանգեցնում է այլ հանցագործությունների։

«Եթե լինի մեծ պարգևատրման ֆոնդ, որ մարդիկ պատրաստ լինեն երեկոյան տուն գնալուց հետո նույնպես աշխատանք տանեն և հավելյալ, թմրանյութեր վաճառողներին ձերբակալեն, և նրանց թիվը նվազի մեր հասարակությունում, մեր հասարակությունն իրականում շատ արագ տեմպերով կսկսի առողջանալ, ու թմրանյութ օգտագործողների ու դրա բացասական հետևանքները կմեղմվեն»,- նշեց պատգամավորը։

Նրա հավաստմամբ՝ թմրանյութերի դեմ պայքարի ձևն ու գործիքակազմը պետք է փոխել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter