HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի ԱԳՆ մեկնաբանությունը՝ Ստեփանակերտ-Բաքու երկխոսության հաստատման փորձերի վերաբերյալ

Արցախի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանություն է տարածել Ստեփանակերտ-Բաքու երկխոսության հաստատման փորձերի վերաբերյալ ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկատվության առնչությամբ։ Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսություն հաստատելու փորձերի մասին վերջերս ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցներում անանուն դիվանագիտական աղբյուրներին հղումով տարածված աղմկահարույց հրապարակումների առնչությամբ հարկ ենք համարում նշել հետևյալը.

Արցախի Հանրապետությունն ամենաշահագրգիռ կողմն է տարածաշրջանում կայուն և արդար խաղաղության հաստատմանն ուղղված երկխոսության և խաղաղ բանակցությունների միջոցով Ադրբեջանի հետ հակամարտության համապարփակ լուծում գտնելու հարցում:

44-օրյա պատերազմի ավարտից հետո արդեն իսկ եղել են նման շփումների փորձեր հրատապ մի շարք խնդիրների լուծման նպատակով։ Մասնավորապես, Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև ՌԴ խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ  տեղի են ունեցել մի քանի հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվել են մարդասիրական, ենթակառուցվածքային և այլ տեխնիկական հարցեր՝ ուղղված մարդկանց խաղաղ և բնականոն կյանքի համար պայմանների ապահովմանը։ Մինչև Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը ՌԴ խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպումների շնորհիվ արձանագրվել են կոնկրետ արդյունքներ՝ անհայտ կորածների ճակատագրի բացահայտման և զոհվածների աճյունների որոնման, կենսական նշանակության ենթակառուցվածքների բնականոն աշխատանքի ապահովման, գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման և այլ հարցերում։ Այս ձևաչափով վերջին հանդիպումն անց է կացվել է 2023 թվականի մարտի 1-ին, որի ընթացքում քննարկվել են Արցախի տրանսպորտային և էներգետիկ շրջափակման դադարեցմանն առնչվող հարցեր։ Սակայն, ադրբեջանական կողմը սկզբում հրաժարվել է կատարել հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, իսկ այնուհետև դիմել է տարբեր սադրանքների և ագրեսիվ գործողությունների՝ հետևողականորեն մերժելով նշված ձևաչափով հանդիպումները շարունակելու Արցախի Հանրապետության բոլոր հետագա առաջարկները։

Արցախի Հանրապետության իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ խաղաղ գործընթացի վերսկսման համար անհրաժեշտ է վերականգնել միջազգայնորեն ճանաչված բանակցային ձևաչափը, որի շրջանակներում հնարավոր կլինի բարեխղճության, համագործակցության և կողմերի իրավահավասարության սկզբունքների հիման վրա քննարկել բոլոր վիճահարույց հարցերն ու հակասությունները։ Միևնույն ժամանակ այս մեխանիզմը պետք է լինի ներառական և ներկայացուցչական, ինչպես նաև ունենա համապատասխան կարողություններ և լիազորություն՝ ապահովելու ձեռք բերված պայմանավորվածությունների և կողմերի ստանձնած պարտավորությունների կատարումը։

Համոզված ենք, որ միջազգային միջնորդների դերը չպետք է սահմանափակվի միայն բարի ծառայությունների մատուցմամբ, այլ պետք է միտված լինի առկա խնդիրներին արդար, հավասարակշռված և կենսունակ լուծումներ գտնելու, երկխոսության համար բարենպաստ և արժանի պայմաններ ստեղծելու գործընթացում ավելի ակտիվ ներգրավվածությանը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների պահպանման և ՄԱԿ-ի կանոնադրության դրույթների իրականացման ապահովմանը։ Այս համատեքստում ևս մեկ անգամ ընդգծում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի և փորձի օգտագործման, ինչպես նաև հակամարտության խաղաղ կարգավորման մեջ ներգրավված բոլոր հիմնական դերակատարների արդյունավետ համագործակցության կարևորությունը։

Այս առումով առաջնային նշանակություն ունեն միջազգային հանրության հավաքական և անհատական ​​ջանքերը՝ ուղղված Արցախում նորմալ կենսապայմանների ստեղծմանը, Արցախի տրանսպորտային և էներգետիկ շրջափակման դադարեցմանը, ապօրինի տեղադրված ադրբեջանական անցակետի վերացմանը և մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների Լաչինի միջանցքով երկու ուղղություններով ազատ տեղաշարժի ապահովմանը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների և Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշման։ Ակնհայտ է, որ Արցախի շարունակվող խիստ շրջափակման, ուժի կիրառման և էթնիկ զտման ահագնացող սպառնալիքների պայմաններում, երբ Արցախի 120,000 բնակչությունը, ըստ էության, գտնվում է պատանդի կարգավիճակում, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման ուղիների շուրջ իրական երկխոսություն սկսելն անիրատեսական է»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter