HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

Լույս իջնի վրադ. «Չուբարի» արձանը մանկական զբոսայգում

Իր քանդակներով Երևանին դիմագիծ տված նկարիչ, քանդակագործ Ղուկաս Չուբարյանի 100-ամյակն է։

Հոբելյանի առթիվ Չուբարյանների ընտանիքը Երևանին է նվիրել Վարպետի ամենանշանավոր գործերից մեկը՝ «Լույս իջնի վրադ» բրոնզաձույլ արձանը (1985թ․)։ Հանդիսավոր բացումը տեղի ունեցավ հունիսի 16-ին` քանդակագործի ծննդյան օրը, մանկական զբոսայգում:

Թռիչքից չվախեցող քանդակագործը․ մանկական զբոսայգում հաղթահարած վախերը

«Արձանի տեղադրման վայրը նախապատմություն ունի: Կյանքի վերջին տարիներին հայրս մի պատմություն պատմեց․ երբ ինքը 13-14 տարեկան էր, իր հայրը՝ պապս, բռնադատված էր, աքսորում էր։ Մի ամառային շոգ օր իր գլուխգովան համադասարանցու հետ, որի հայրը ուժային կառույցների աշխատող էր, գալիս են այս այգի, որտեղ այն ժամանակ կառուցված էր վիշկա, որտեղից պարաշյուտով թռչում էին։ Տոմսի համար հերթի մեջ են մտնում, այդ ժամանակ հայրս նկատում է, որ դասարանցին վախեցել, գնացել է։ Գնում, գտնում է, հարցնում է` ինչու՞ գնացիր, ասում է` տոմսի գումար չունեմ, հայրս ասում է` ես կառնեմ քեզ տոմս, բայց, միևնույն է, փախչում է։ Հայրս էլ է վախեցել բարձրությունից, բայց վախը մեջը կոտրել է ու բարձրացել, թռել է։ Հետո եկել է տուն, ոգևորված էդ իր հաղթանակից` մի նկար է նկարել, որը հետո Նկարիչների միությունում արժանացել է առաջին մրցանակի։ Մրցանակի հետ նաև գումար պետք է տային, բայց չեն տվել, որովհետև աքսորվածի որդի էր։ Էդ առաջին մրցանակն էր հորս։ Այս տեղը, այս այգին խորհրդանշական էր իր համար»,- արձանի բացմանը պատմեց քանդակագործի դուստրը՝ Անուշ Չուբարյանը։

«Լույս իջնի վրադ» արձանը նվիրված է քանդակագործի եղբորը՝ Հայրենական պատերազմում անհետ կորած համարվող Լուսեղեն Չուբարյանին

«Այս արձանը հայրս համարում էր իր լավագույն աշխատանքը։ Քանդակը նվիրված է իր եղբոր հիշատակին, որը նահատակվել էր հեռավոր 1942թ․-ին Լենինգրադի (Սանկտ Պետերբուրգի) մոտակա ճահիճներում։ Արձանը ստեղծեց 1985թ․-ին։ Այդ ժամանակ եղբայրը դեռ անհետ կորած էր համարվում, հայտնաբերվել էր միայն նրա անվանանշանը։

Լուսեղեն Չուբարյանի աճյունը հայտնաբերվեց 2007թ․-ին՝ հորս մահից երկու տարի առաջ։ Հայրս ուժեղ մարդ էր, կենսախինդ, բայց այդ օրը, երբ զանգեցին մեր տուն և ասացին, որ գտել են եղբոր մասունքները, ես հորս առաջին անգամ տեսա հեկեկալիս։ Ես գիտեմ, թե ինչ է նշանակում, երբ տանը կա անհետ կորած, իրենց համար պատերազմը երբեք չի վերջանում։ Հայրս ասում էր՝ երբ ամբողջ երկիրը տոնում էր հաղթանակի օրը, մենք չէինք տոնում։

Արցախյան վերջին պատերազմին իմ ուսանողներից շատերը գնացին, ոմանք վերադարձան հաշմանդամ, ոմանք չվերադարձան։ Պետք է հիշեցնել անընդհատ մարդկությանը, որ երբ իրենք չեղարկում են մարդու կյանքը, իրենք հրաժարվում են իրենց բանական մասից այսպես, թե այնպես, դա պատերազմի սարսափելի օրենքն է։ Նրանք, ովքեր անցել են պատերազմի միջով, իրենք երբեք պատերազմ չեն սիրում։ Այս արձանը պացիֆիստական է, բայց բոլորովին նահանջի մասին չէ, այն մարդասիրության մասին է»,- ասաց քանդակագործի դուստրը՝ Անուշ Չուբարյանը:

Ելույթներից հետո հանվեց արձանի սպիտակ կտորը և նշանավորվեց Ղուկաս Չուբարյանի գլուխգործոցներից մեկի՝ «Լույս իջնի վրադ» արձանի նոր կյանքի սկիզբը մանկական զբոսայգում։

Լուսանկարները` «Հետքի»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter