HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մեր հիմնական խնդիրը լույսն է»․ ինչպես է աշխատում Ստեփանակերտի Թումոն շրջափակման պայմաններում

Դիանա Բալուղյանը 2015-2018 թվականներին եղել է Ստեփանակերտի Թումո կենտրոնի առաջին ուսանողներից: Մասնագիտությամբ հաշվապահ է, սակայն Թումոյում սովորելուց հետո շարունակել է զբաղվել լուսանկարչությամբ, և այժմ Ստեփանակերտի Թումո կենտրոնում լուսանկարչություն է դասավանդում: 

Թումո կենտրոնի տնօրեն Խաչիկ Հայրապետյանը ընտանիքի հետ մնացել է Երևանում, և շրջափակման պատճառով չի կարողանում վերադառնալ Ստեփանակերտ: 

Դիանան ասում է, որ սպասում են ճանապարհի բացվելուն, իսկ մինչ այդ կապը և կառավարումը իրականացնում են հեռավար: 

Ստեփանակերտի Թումո կենտրոնը գործում է 2015 թվականի սեպտեմբերի 2-ից: Կենտրոնի ուսանող կարող են դառնալ 12-18 տարեկան երեխաները: 

«Թումոյի լավն այն է, որ դու կարող ես պատկերացում չունենալ որևէ ոլորտից, բայց եթե 12 տարեկանդ լրացել է, կարող ես գրանցվել առանց որևէ քննության կամ գիտելիքի: Պարտադիր չէ երեխան ունենա նկարելու հմտություններ Թումոյի նկարչության դասընթացին մասնակցելու համար, նույնը վերաբերում է մյուս ոլորտներին: Կարևորը մեզ մոտ հասկանալն է` ինչն է երեխային իսկապես դուր գալիս: Սկզբում մենք ներկայացնում ենք ինչ է ընդհանրապես Թումոն, այստեղ ինչ ենք անում, ինչ ոլորտներ ենք ուսումնասիրում: Հետո սկսվում է ադապտացիոն շրջանը: Երեխաները մեկ ամսվա ընթացքում բոլոր ոլորտներում փորձում են իրենց: Մենք դա վարժանքներ ենք անվանում: Ադապտացիոն շրջանի ավարտին երեխաները առկա ոլորտներից ընտրում են վեցը»,- նշում է Դիանա Բալուղյանը:

Դասընթացներն ունեն երեք մակարդակ: Երրորդ մակարդակն անցնելուց հետո ուսանողները կարող են մասնակցել աշխատարանների աշխատանքներին։

«Աշխատարանները հատուկ պրոյեկտներ են, որոնք մեր հիմնական դասընթացներից տարբերվում են: Ընթացքում նման պրոյեկտները հնարավորություն են տալիս մասնակիցներին մեծացնել գիտելիքներն ու փորձը ինչ-որ կոնկրետ ոլորտում: Ամբողջ հուլիս ամիսը աշխատարաններ են լինելու: Օրինակ՝ լուսանկարչության ուսանողներով գնալու ենք գյուղ՝ նկարելու»,- ասում է Դիանան: 

Հովհարային անջատումների ժամանակ Թումոն դատարկվում է մինչև էլեկտրականության հերթական վերականգնումը։ 

«Մեր հիմնական խնդիրը լույսն է: Երեխաներն ունեն դասերի հստակ ժամեր։ Երբ այդ ժամին լույս չենք ունենում, ստիպված փոխում ենք։ Այդպիսով, ամեն օր նոր գրաֆիկ ենք ունենում»,- ասում է Դիանա Բալուղյանը: 

2020 թվականի պատերազմից առաջ Ստեփանակերտի Թումո կենտրոնի դասընթացավարների մեծ մասը Երևանից էին։ 

«Եթե պատերազմից առաջ ու պատերազմից հետո էլ ինչ-որ քանակով դասընթացավարներ ունեինք, որ Երևանից էին գալիս, հիմա արդեն ունենք մեր դասընթացավարները: Շրջափակումը ցույց է տվել, որ տեղացի մասնագետներ պատրաստելը շատ ճիշտ որոշում էր: Դրա շնորհիվ մենք ունենք 6 մշտապես գործող դասընթաց, որի մեջ է մտնում լուսանկարչությունը, երաժշտությունը, խաղերի ստեղծումը, եռաչափ մոդելավորումը, ռոբոտաշինությունը»,- նշում է Դիանան։

2022 թվականին Թումոյի մասնաճյուղեր (տուփեր) են բացվել Մարտունի, Մարտակերտ ու Ասկերան քաղաքներում, որտեղ ուսանողները անցնում են նախնական վարժանքների ու ինքնուսուցման փուլերը։ Դասընթացներն ընտրելուց ու դասերին գրանցվելուց հետո ուսանողները տուփից գալիս են կենտրոն՝ Ստեփանակերտ։ 

Դիանայի խոսքով՝ անցակետի փակվելուց հետո, հնարավոր է, շուտով լինի վառելիքի խնդիր, ինչի պատճառով շրջաններից երեխաների կենտրոն գալը կդառնա անհնար, սակայն դեռ նման խնդիր չունեն։  

Միլենա Ավետիսյանը 16 տարեկանից հաճախում է Թումո կենտրոն։ Արդեն չորորդ տարին է՝ մասնակցում է Թումոյի դասընթացներին։ Անցել է լուսանկարչության, ստեղծագրության, նոր մեդիաի և գրաֆիկ դիզայնի դասընթացները։ 

«Ներկայում ծրագրավորում եմ սովորում: Արդեն երրորդ մակարդակում եմ, որը հիմա օնլայն է անցկացվում։ Մեր դասընթացավարը Հայաստանում է, իսկ ճանապարհը փակ է: Դասընթացը ինքնին դժվար է, իսկ դասընթացավարի այստեղ չլինելը այն ավելի է դժվարացնում, քանի որ նրա հետ ինտերակտիվ կապը պահելը հեռավար ձևաչափով ոչ միշտ է լավ ստացվում»,- ասում է Միլենան։ 

Հիշեցնենք, որ հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով հումանիտար բոլոր ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները։ 

Թումոյի լուսանկարները՝ Հայկ Հարությունյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter